...

Դավիթ Հարությունյանը շարքային օլիգարխ է - 2

Դավիթ Հարությունյանը շարքային օլիգարխ է - 2

Մեծ է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի ներդրումը երկրի կեղեքման գործում անձամբ, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի համար օրենսդրական ապահովումը։ Հիմա նա երբեմն առ երբեմն արտահայտվում է նոր Հայաստանի կարևոր օրենսդրական նախաձեռնությունների դեմ։ Ներկայացնում ենք «Չորրորդ իշխանություն» թերթում հրապարակված հաջորդ հոդվածը իրական Դավիթ Հարությունյանի մասին։

«Չորրորդ իշխանություն», մարտ, 2013թ.

Շարունակություն

Երրորդ Հանրապետության պատմության մեջ Դավիթ Հարությունյանի հայտնությունը տեղի ունեցավ 1995թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ վերջինս իր թեկնածությունն առաջադրեց Նոր Նորքի զանգվածում, որտեղ նրա հակառակորդներն էին Խորհրդային շրջանի գործկոմի նախագահը և այսօրվա արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Իշխան Նազարյանը:

Չնայած այդ ընտրություններում Դավիթ Հարությունյանը շատ փոքր տարբերությամբ հաղթել էր, բայց նրա հակառակորդների կողմից դժգոհություններ են եղել թույլ տրված կեղծիքների վերաբերյալ: Շատերը չէին հավատում այդ մեղադրանքներին: Երբ նախկին իշխանությունները քննարկման առարկա դարձրին այդ հարցը, հատկապես Վանո Սիրադեղյանը պաշտպանեց Դավիթ Հարությունյանին` նշելով, որ երիտասարդ է, բոլորն էլ նրան ճանաչում են որպես խոստումնալից անձնավորության, վունդերկինդյան անցյալը հայտնի էր, և նման մարդը չէր կարող կեղծիքներ կատարել: Ինչ-որ ուսումնասիրություններ արեցին, պարզեցին, որ խախտումներ չեն եղել:

Սա Դավիթ Հարությունյանի շատ արագ զարգացող կարիերայի սկիզբն էր: Բայց շատ ավելի ուշ պարզվեց, որ այդ ընտրատարածքում լավ էլ կեղծիքներ են կատարվել, որոնք էլ վճռել են ընտրությունների ելքը: Այսինքն, խախտումների առումով իր մկրտությունը Դ. Հարությունյանը ստացել է դեռևս 1995թ.:

Հետագայում Վանո Սիրադեղյանը իր թևի տակ վերցրեց Դ. Հարությունյանին` հաշվի առնելով այն, որ խոսել գիտեր, խելոք մտքեր էր հայտնում, համոզիչ տեսք ուներ և այլն: Իսկ 1996թ. (երբ Էդվարդ Եգորյանի խումբը արդեն լուրջ տարաձայնություններ ուներ ՀՀՇ-ի հետ) խորհրդարանում օրենսդրական մի նախաձեռնության ժամանակ, որը ներկայացնում էր Դավիթ Հարությունյանը, Էդվարդ Եգորյանը իր դժգոհությունն արտահայտեց, որից հետո Վանո Սիրադեղյանը Դ. Հարությունյանին ընդհանրապես ներառեց իր ամենամոտ թիմակիցների ցանկում:

Այդ տարիներին Դավիթ Հարությունյանը խորհրդարանում ընդգրկվեց «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի մեջ, որի ղեկավարը Արմեն Մարտիրոսյանն էր, խմբի անդամներից էր նաև ՀՀ նախկին վարչապետ, Երվանդ Զախարյանի հետ «մազութի գործով» անցնող Խոսրով Հարությունյանը (մենք դեռ կանդրադառնանք նրան): Բայց Դ. Հարությունյանը այն աստիճանի էր Վ. Սիրադեղյանի դուրը եկել, որ վերջինս նրան տարավ քաղաքապետարան և նշանակեց իր խորհրդական: Այդպես շարունակվեց մինչև 1998թ. հեղաշրջումը: Այդ ընթացքում նա բավական չեզոք գործունեություն էր ծավալում: Ո՛չ ընդդիմադիր էր, ո՛չ իշխանամետ: Այստեղ հետաքրքիր է նշել, որ Դավիթ Հարությունյանը աշխատել է թե՛ Վանո Սիրադեղյանի ղեկավարությամբ, թե՛ Աշոտ Բլեյանի` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Հետագայում այս երկու նախկինների նկատմամբ իր ղեկավարած դատական համակարգը ռեպրեսիաներ և շինծու դատավարություններ իրականացրեց: Սա կարևոր է իմանալ: Այսինքն, հանուն սեփական կարիերայի Դավիթ Հարությունյանը ունակ է իր գործընկերների և մտերիմների ճակատագրերն էլ խորտակել: Մարդու այս տեսակը ըստ էության գերիշխող է այսօրվա հայ պլեբեյական վերնախավում:

Դավիթ Հարությունյանն ու «Անի» հյուրանոցը

Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք Դավիթ Հարությունյանի և ազդեցիկ դեմքերի քավոր-սանիկական հարաբերություններին։ Շարունակելով` նշենք, որ Հարությունյանի հետ հենց այդպիսի կապեր ունեցող «Վահե Յաղուբյանը, ով ժամանակին նաև Արդարադատության նախարարության բավականին թանկարժեք իրավախորհրդականն էր, հանդիսանում է նաև Երևանի կենտրոնում` Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող «Անի» հյուրանոցի սեփականատերը։ Դե յուրե։ Դե ֆակտո, Յաղուբյանը «Անի» հյուրանոցի դեպքում կատարում է նույն դերակատարությունը, ինչ «Գլենդել Հիլզի» պարագայում. այսինքն` հենց նրա միջոցով են Հարությունյանները իրենց կապիտալը ներդրել այդ ընկերության մեջ»,- դեռևս 2011 թվականին գրել է «Ժամանակ» օրաթերթը։

Տնտեսական դատարան  

«Երբ Հայաստանում կարճ ժամանակով ստեղծվեց Տնտեսական դատարանը, դատարանի ղեկավար նշանակվեց Հովհաննես Մանուկյանը։ Դատարանի գործունեության ընթացքում Դավիթ Հարությունյանն ու Մանուկյանը միասին բավականին արդյունավետ են աշխատել. բոլոր այն պետական ընկերություններն ու գործարանները, որոնք Տնտեսական դատարանի կողմից ճանաչվել են սնանկ և հետագայում վաճառվել, անցել են Հարությունյանի և Մանուկյանի «ձեռքի» տակով։ Իսկ դա թանկ վարձատրվող աշխատանք էր, առավել ևս, որ Տնտեսական դատարանի որոշումները օրինական ուժի մեջ էին մտնում անմիջապես։ Ընդ որում, նման դեպքերում դատարանում որպես սնանկ ճանաչվող կողմի շահերի ներկայացուցիչ հանդես էր գալիս նույն Դավիթ Հարությունյանի ընտանիքին պատկանող «Հարությունյան և գործընկերներ» իրավախորհրդատվական ընկերությունը։ Ինչ վերաբերում է վարձատրությանը, ապա  նման գործարքներ կազմակերպելու համար Դավիթ Հարությունյանն ու Հովհաննես Մանուկյանը շռայլորեն վարձատրվում էին. այսպես, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների, միայն Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը սնանկ ճանաչելու դիմաց Հարությունյանն ու Մանուկյանը 6 մլն դոլար գումար են ստացել, իսկ «Հայկական ավիաուղիներ» ընկերության համար` 2 մլն դոլար։ 

Հիշեցնենք, որ սնանկ ճանաչվելուց հետո ավիաուղիների մի մասը` բեռնափոխադրումները, սեփականաշնորհել են Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանն ու վերջինիս ընկերը։ Թերևս կարելի է հասկանալ, թե որտեղի՞ց Մանուկյանին նման կարողություններ. նշենք, որ բացի Հայաստանից, Մանուկյանը անշարժ գույք ունի նաև Սանկտ Պետերբուրգում, Թուրքիայում, Հունաստանում։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ երբ Տնտեսական դատարանը լուծարվեց, դատարանում քննված գործերի մի մասը հանձնվեց Վարչական դատարանի արխիվ, մյուս մասն էլ ցրեցին տարբեր դատարանների արխիվներով։ Որոշ ժամանակ անց, սակայն, պարզվեց, որ արխիվների մեծ մասն ուղղակի անհետացել է։ Ավելին, այդ արխիվները հետագայում չկարողացան գտնել անգամ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները. ստուգումների արդյունքում վերահսկողական ծառայությունը մեծ թվով նյութերի բացակայություն էր հայտնաբերել։ Ի դեպ, Տնտեսական դատարանում համատեղ գործարքներ անելուց հետո հենց Դավիթ Հարությունյանը միջնորդեց, որ Ռոբերտ Քոչարյանը Մանուկյանին նշանակի Վճռաբեկ դատարանի նախագահ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը, հայտնի է, շատ էր գնահատում Դավիթ Հարությունյանին` և՛ որպես օգտակար զենք, և՛ որպես ազգակցական. Դավիթ Հարությունյանը ազգակցական կապ ունի Քոչարյանի հորաքրոջ հետ»,- հրապարակվել է «iLur.am» էլեկտրոնային կայքում։  

Բոլորովին վերջերս «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացրեց, որ Գյումրիի Մուշ-2 և Անի թաղամասերում մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ շահագործման հանձնված 1756 բնակարանների տերերը տեղափոխվել ու կանգնել են կենցաղային բազմաթիվ խնդիրների առջև։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում բնակիչները հնչեցրել էին իրենց դժգոհությունն ու բողոքը անորակ ու թերի կատարված աշխատանքների կապակցությամբ։ Նրանք տարակուսանք էին հայտնել, թե ինչպես է ստացվել, որ ընդամենը վերջերս հանդիսավոր պայմաններում շահագործման հանձնված շենքերում անսարք է ջեռուցման համակարգը, ծխատարները սխալ հաշվարկով են կառուցված, էլեկտրալարերը չեն դիմանում լարմանը և այլն։

Շինարարությունը, հիշեցնենք, իրականացրել է Դավիթ Հարությունյանի հետ սերտ առնչություն ունեցող «Գլենդեյլ Հիլզ» կազմակերպությունը.  շենքերն, ի դեպ, գտնվում են երաշխիքային սպասարկման մեջ։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2188 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ