Վերջերս Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում նշված էր.
«Մեծ ցավով տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է նախորդ կառավարության գիծը և Ֆիրդուսի թաղամասում արդեն սկսվել են հողային և ապամոնտաժման աշխատանքները: Ըստ հավաստի տեղեկությունների, Նարեկ Սարգսյանին է հանձնարարվել նախագծի իրականացումը: Ինչպես հայտնի է, Նարեկ Սարգսյանը 2000-ականներից սկսած նախագծել և համակարգել է վիճահարույց բազմաթիվ նախագծեր, ինչպիսիք են մարդկանց ապօրինի ունեզրկման արդյունքում կառուցված Հյուսիսային պողոտան, Հաղթանակի զբոսայգու կանաչ տարածքի հաշվին կառուցված դղյակները, նախախորհրդային Երևանի ոչնչացմամբ Գլխավոր պողոտայի կառուցապատումը և բազում այլ նախագծեր»:
Ներկայացնում ենք Ալեքսանդր Թամանյանի թոռան՝ Գագիկ Թամանյանի բաց նամակը՝ ուղղված Նարեկ Սարգսյանին, որ տպագրվել է մեր թերթում դեռևս 2016 թվականին:
«Չորրորդ իշխանություն», 5 մարտի, 2016թ.
Այս արժեքավոր նամակը բավականին ծավալուն է, ուստի՝ կմեջբերենք այն հատվածները, որոնք արտացոլում են մեծ ճարտարապետի թոռան հիմնական ասելիքը։
«Շնորհավորում եմ, Դուք հասաք ձեր նպատակին և հետ նվաճեցիք ձեր նախարարության խնջույքների սրահը։ Դե շամպա՛յն ըմբոշխնեք այդ սրահում։ Բայց իմացե՛ք, որ Դուք ձեր այդ քայլով բազմակի անգամ գերազանցեցիք հերոստրատյան մոլուցքը՝ կատարած հանցանքով մնալու սերունդների հիշողության մեջ։ Բրա՛վո, պարոն նախարար։ Սև խավիար ճաշակեք խնջույքների այդ սրահում, բայց չմոռանաք, որ քանդելով ու ոչնչացնելով Թամանյանի թանգարանը՝ Դուք երբեք չեք հաղթանակի, քանզի ոչնչացված թանգարանից մի փոշեհատիկ անգամ չի մտնի Ճարտարապետության միավորված թանգարան, և այդ մասին հոգ կտանի իմ ողջ ընտանիքը։
Աշխարհի ոչ մի անկյունում հնարավոր չէ պատկերացնել, որ մեծանուն մարդու թանգարան փակեն ու եղածը տեղափոխեն-միացնեն մի ընդհանուր թանգարանի. Ռոդենի թանգարանը չեն փակում, որ դրանում եղած քանդակները փոխանցեն Փարիզի Լուվր, Սարյանի թանգարանը, հուսով եմ, նույնպես չեն փակի, որ դրա փոխարեն մի սրահ բացեն Հայաստանի ազգային պատկերասրահում։ Դուք արդեն վաղուց հայտնի եք ու թերևս հպարտանում եք նրանով, որ ամբողջովին ավերեցիք Երևանի թամանյանական գլխավոր հատակագիծը և ստեղծեցիք քաղաքային մի միջավայր, որում անհարմար է բնակվելն ու որտեղ ոչնչով հպարտանալ հնարավոր չէ։ Անդեմ, բետոնե, բազմահարկ աշտարակներ՝ հրակնատ հիշեցնող պատուհաններով. ահա՛ ձեր նվաճումները, որոնք կարող էին այլանդակել մոլորակի ցանկացած քաղաք, որը չունի սեփական դեմքն ու սեփական ազգային կերպարը։ Բայց ի՞նչ կարելի է ակնկալել Երևանի Պոլիտեխնիկի սովորական շրջանավարտից, դե ամեն դեպքում մի բան հստակ է՝ Երևանի գլխավոր հատակագծի մասին ոչ մի ընկալում Ձեզ այնտեղ չի տրվել ու այդ պատճառով էլ Դուք, երկու անգամ լինելով մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում, այդօրինակ թեթևությամբ Ձեզ թույլ տվեցիք ամբողջովին խեղել և արմատախիլ անել ազգային քաղաքաշինության թամանյանական բոլոր սկզբունքները և նվիրել երևանցիներին, որոնց կյանքն առանց այն էլ քաղցր չէ քաղաքի հակաէկոլոգիական և գազով աղտոտված տարածքում։ Բետոնե ծառուղիներ, որտեղ մի ծառ անգամ չկա ու այդպիսով կատարելապես թաղեցիք Թամանյանի՝ քաղաք-այգու գաղափարը, որը Երևանի համար միակ ճիշտ և հնարավոր հայեցակարգն էր։ Բրա՛վո, պարո՛ն նախարար։ Վայելե՛ք Ձեր նախարարության խնջույքների սրահը»,- ասված է նամակում, որում հեղինակը ընդգծել է. «Ձեզ տասներկու տարի պայքարելուց հետո ի վերջո հաջողվեց փակել Թամանյանի թանգարանը. հիանալի առիթ է, չէ՞, խնջույք կազմակերպելու համար»։
Թամանյանի թոռը նաև հիշեցրել է. «Դուք, որպես քաղաքաշինության նախարար, Ձեզ իրավունք վերապահեցիք ուղղել կառավարության տան թմբուկը։ Բրա՛վո, պարոն նախարար, պատկերացնում եմ, թե ինչքան լավ եք Ձեզ զգալու խնջույքի ժամանակ հենց այդ թմբուկի կառուցման առիթով, համ էլ արդեն խնջույքի սրահ ունեք։ Մի բան, իհարկե, պետք է տխրեցնի Ձեզ. պատկերասրահի թանգարանային տորթը, որը կառուցվել է հրապարակում, փոքր-ինչ ծածկելու է ձեր հերթական երկը՝ կառավարության տան թամանյանական նախագծի շտկումը։ Առաջարկում եմ, որ այն նույնպես ոչնչացնեք, չէ՞ որ ոչնչացնելը ձեզ մոտ լավ է ստացվում, օրինակ՝ Թամանյանի թանգարանը, և պետք չէ որևէ մեկի ուղեղը լվանալ ու համոզել, թե թանգարանների միավորումից ամեն ինչ կբարելավվի և գնալով ավելի հրաշալի կդառնա. ամենասաղմնային վիճակից դա մի խելագար մտահղացում է՝ զառանցանք, և եթե այդ բանը սատարող իշխանությունը դա այդպես էլ չի հասկացել, ապա վայ մեզ, ինչպես ասում են։ Դե՛հ, խմեք ու քեֆ արեք քաղաքաշինության նախարարության խրախճանքների վերանվաճված սրահում, բայց իմացե՛ք, որ Հայաստանում անգամ մեկ կիրթ անձնավորություն չի ողջունի Ձեր այդ քայլը, և այդպիսով Դուք կբազմապատկեք Ձեր ղեկավարման տխուր համբավը նախարարի և գլխավոր ճարտարապետի պաշտոններում, քանի որ Հայաստանում մարդիկ, ավելի լավ քան այլուր, գիտակցում են, թե ով է վարպետը, և ով՝ ենթավարպետը։
Եվ եթե Ձեզ թվում է, որ Ալեքսանդր Թամանյանի թանգարանը նրա մահվան 80-ամյակին փակելը մեծ պատիվ է բերում, ապա ես Ձեզ այլևս ասելու ոչինչ չունեմ՝ բացի երկու բառից. հազա՛ր ամոթ Ձեզ»։
Նամակի վերջում Գագիկ Թամանյանը այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ իշխանությունները կսթափվեն և կգիտակցեն, որ պետք չէ մեր մշակույթը զրկել ազգային հպարտության ևս մի հիմնաքարից՝ Թամանյանի թանգարանից։
Գոհար Վեզիրյան