...

Դե՛հ, դիվոտեք Վանոյից

Դե՛հ, դիվոտեք Վանոյից

«Հայը չի սիրում իր պատմությունը։ Չի սիրում՝ հոգու խորքում համոզմունք ունենալով, որ իր պատմությունը մինչ այսօր կերտել են ուրիշները, և որ ինքն իր սեփական պատմությունը կերտելու հնարավորությունը դեռ չի ստացել, բայց կստանա։

Եվ սպասում է նպաստավոր այդ պահին։

Եվ ետ նայել, բնականաբար, չի սիրում։ Քանզի կկորցնի նպաստավոր պահը։ Ետ չի նայում և չի սիրում Խորենացու «Պատմությունը»։ Պատմիչներից սիրում է Եղիշե, որովհետև Եղիշեն գրում է վերամբարձ ու վերացած…պատմությունից։

Եվ, առհասարակ, հայը սթափ շարադրանքից դիվոտում է»։
                     Ավետիս Հարությունյան//Վանո Սիրադեղյան

Գավառականություն և փնթիություն

Սևրյան հարյուրամյա ծիրին մեջ առաջարկում եմ անհապաղ արգելել, այո՛, արգելել Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները», Չարենցի «Երկիր Նաիրի», «Պատմության քառուղիներով» ստեղծագործությունները, Խորենացուն էլ փակի տակ պահե՛ք, որովհետև մեզ փոքր ածու է համարել: Իսկ դուք ասում եք՝ պատմաբանների բանավեճն է գավառական-հայդատական: Ահա, երկրիս վարչապետն ու նախագահը ձեզ նվեր...

Գավառականությունն ու փնթիությունը մեզ ուտելու են: Ցավոտ է, բայց պիտի ասեմ: Բեյրութի հրեշավոր պայթյունը գավառականության ու փնթիության հետևանք էր: 

Համայնքը զորավոր է...

Ինչո՞ւ է երկրիս ղեկավարությունն իրեն այսպես պահում: Որովհետև համայնքը զորավոր է: Որովհետև դատարկաբանությունը սիրելի է, չեղած հզորությունը՝ ավելի: Համայնքը զորավոր է: Համայնքը պետություն չէ: Համայնքին կարելի է դուր գալ նաև այսպես՝ պատմությունը կեղծելով: 

Հա՛, ձեռքի հետ Պարոնյանին էլ արգելեք: Որովհետև ձեր և ձերոնց ելույթները նման են մեծապատիվ մի մուրացկանի ճառի.

«Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կը կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ, սուրը գրիչի դեմ, ատելությունը սիրո դեմ, կրակը ջուրին դեմ, միսը բանջարեղենին դեմ, իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խավար են, մենք՝ լույս, անոնք տգետ են, և մենք՝ գիտուն, անոնք սուր են, մենք՝ գրիչ, անոնք ատելություն են, մենք սեր, անոնք կրակ են, մենք՝ ջուր, անոնք միս են, մենք՝ բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր, անոնք փուշ են, մենք՝ վարդ՝ անցան, անցան այն դարերը, ուր մարդկությունը տգիտության օրորոցին մեջ մեյ մը ասդին, մեյ մը անդին կերթար, կուգար...»:
                                                Հակոբ Պարոնյան, «Մեծապատիվ մուրացկաններ»

Եվ ուրեմն՝ կեցցե՜ բանջարեղենը...
       Հուսով եմ՝ դպրոցական ծրագրին ծանոթ եք:

Զարուհի Գաբրիելյան

Հ.Գ. Սպասում եմ՝ ինչ եք ասելու օգոստոսի 23-ին...
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1711 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ