...

Դեգրադանտները

Դեգրադանտները

«Այսօր ես պետք է այս ամբիոնից ներկայացնեի իմ նախագիծը, որով պետք է հարգանքի տուրք մատուցվեր մեծանուն երևանցու, ֆենոմենալ գրականագետ ու դասախոս Լևոն Ներսիսյանին, բայց իմ նախագիծը հանվել է օրակարգից, փոխարենը բերվել է այս նախագիծը, որով նախատեսվում է պաշտոն տալ Լևոն Հովհաննիսյանին»,- այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարել է ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:

Լավ ենք պրծել։ Որովհետև կարող էր նախագիծը դրվեր քննարկման, և պարզվեր, որ ավագանու անդամների ճնշող մեծամասնությունը ոչ միայն առաջին անգամ է լսում Լևոն Ներսիսյանի անունը, այլև դեմ է տիկին Աբգարյանի նախագծին։ Դեմ է, որովհետև այդպիսով պատժում է նրան։ Որովհետև ակնկալիքներ կային, որ տիկինը հեռանալու է Հայկ Մարությանի հետ, իսկ հիմա պարզվում է, որ նա ՔՊ խմբակցությունից է դուրս գալիս և իր մանդատը հանձնելու է այն քաղաքապետին, որն ուղիղ ընտրությամբ կհռչակվի քաղաքի ղեկավար։ 

Բայց սա չէ էականը։ Առաջին հայացքից այս անկարևոր լուրը դառնում է ամենաառաջնայինն այս մղձավանջում։ Մենք անընդհատ տանուլ ենք տալիս, որովհետև խճճվում ենք կարևորի ու անկարևորի արանքում։ Որովհետև չենք գտնում մեր խարիսխը, չենք դառնում խարիսխ ու չենք էլ թողնում, որ ուրիշները փրկեն մեզ իրենց խարիսխով։ Հրանտ Մաթևոսյանն սթափեցնող հարցադրում էր անում՝ ո՞ւր է խարիսխդ։ Լևոն Ներսիսյանն առանց վարանելու ասում էր՝ ես խարիսխ եմ։ Եվ ամեն անգամ, երբ ես անցնում եմ Մաշտոցի պողոտայով ու մոտենում մեծ մտավորականի տանը ու կարդում «Այստեղ ապրել է ոգու և ազատության ասպետ Լևոն Հրաչյայի Ներսիսյանը», ողնաշարս ուղղվում է: Ոգեղենության ու ազատության խարիսխն ենք կորցրել։ Եթե այդպես չլիներ՝ այսօր գոնե մեկ Լևոն Ներսիսյան կունենայինք։ Եվ ԵՊՀ-ի մասին լրահոսը չէր սկսվի ու ավարտվի ՔՊ-ական Սուրեն Պապիկյանի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դառնալով։ Ավաղ, Լևոն Ներսիսյանին իմ սերունդը չի ըմբոշխնել, բայց նրա մասին պատմությունները մեզ ավելի են կրթել որպես քաղաքացի ու անհատ, քան ռեալ մարդկանց կոնկրետ դասախոսությունները։  

Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ