...

Մեր մարդը մինչև վերջ չի ընկնում և մինչև վերջ չի բարձրանում

Մեր մարդը մինչև վերջ չի ընկնում և մինչև վերջ չի բարձրանում

Այսօր Հրանտ Մաթևոսյանի տարեդարձն է։ Անդուլ այս օրերում հաճախ եմ մտածում՝ տեսնես ի՞նչ կասեր Հրանտն այս օրերի համար։ Ի՞նչ բառերով կյանքի կկոչեր մեզ՝ նորից ապրելու, մեզ հավաքելու և առաջ շարժվելու։ Ի՞նչ կամ ինչպե՞ս կխոսեր այն բոլորի հետ, որոնք այդպես էլ չհասկացան ու չընդունեցին իրենց մեղքի բաժինը կատարվածում։ Զարմանալիորեն այս բոլոր հարցերի պատասխանները Մաթևոսյանն արդեն տվել է։ Դանդաղ եմ կարդում նրան։ Երբեք չեմ շտապում ավարտել։ Վերընթերցում եմ հարյուր անգամ ու էլի նոր բան եմ գտնում։ Ինքս ինձ եմ սկսում ճանաչել, կողքինիս, երկիրս ու աշխարհը։ Ու ինձ տեր եմ զգում, ու գտնում եմ խարիսխը՝ Հրանտով։

- Ո՞վ է Հայը:

- Այդ հարցին պատասխանում է Հայ գոյը և ամբողջ մեր պատմությունը: Ովքե՞ր ենք, ո՞ւր ենք գնացել մեր ամբողջ պատմության ընթացքում, ի՞նչ ենք տվել աշխարհի մշակույթին, քաղաքակրթությանը, արվեստին: Ամբողջը միացնում ենք, մի պատկերի ենք բերում և տալիս հայի բարոյական գնահատականը: Մանդելշտամի մի բնութագրումը կա, որն ուրիշ անգամներ խրախուսանք է թվացել: Բնազանցական ամեն ինչից խորշող, իրենից վանող, իրերի աշխարհին հավատացող մարդ է հայը: Նրա համար քարը քար է, Արագածն՝ Արագած: Եվ բնազանցական ամեն ինչը վանող, խորշող: Հեղափոխության և անկումների աշխարհից փախած մեծ բանաստեղծն այստեղ հայտնվել էր իրերի, իրականության աշխարհում և պաշտամունքով հմայվել երկրի, հողի, մարդու առջև: Բնազանցականը մերժող ժողովրդի մեջ: Գնահատականը ճշմարիտ եմ համարում, որովհետև հիշում է քո և իմ բոլոր մեծ դրսևորումները՝ Սարյան կլինի, Արամ Խաչատրյան, Վիլյամ Սարոյան թե ուրիշ որևէ մեկը: Աշխարհը սիրող, գուրգուրող, կառուցողական ինչ-որ մի բան կա մեր մեջ: Մեր մարդը մինչև վերջ չի ընկնում՝ վախենում է: Եվ մինչև վերջ չի բարձրանում: Մակբեթ չի դառնում՝ մինչև հատակն իջնելով, ինչպես նաև չի գնում վերսլացումների, բայց նաև Մագելլան չի դառնում: Չի ընկնում մինչև հատակը և չի էլ բարձրանում ամենավերևը: Այդ մարդն է հայը: Դա ապացուցվում է իր ճարտարապետությամբ, իր երաժշտությամբ, իր նկարչությամբ, իր բանարվեստով: Մեր ստեղծագործողը, անհատը քանի անգամ է հարաբերվել բնազանցության աշխարհին և քանի անգամ է այդ աշխարհը թողել իր հետաքրքրությունների շրջանակներից դուրս: Սարյանը կլինի, Թումանյանը թե Արամ Խաչատրյանը...

- Հայերն ուրիշ պետություններում բարձր մակարդակի արվեստագետներ, զորավարներ են դառնում, բայց իրենց երկրում, իրենց ազգի մեջ չեն կայանում:

- Գարեգին Նժդեհը որտե՞ղ առաջացավ:

- Նժդեհը մեկն էր, բացառություն: Իսկ քանի՞ Նժդեհներ եղան Բյուզանդիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում...

- Շատ անգամներ եմ հանդիպել, որ ուղղակի մեղքը գցում են ազգի վրա, փաստորեն արյան վրա՝ թե որակը որակ չի... Տաղանդի վրա: Տականքի վերաբերմունքն առ իր ծնող ժողովուրդը: Դա տականք մարդն է, որ իր անկման պատճառը, մեղքը գցում է իր ծնողի վրա: Նժդեհը սրան ուշադրություն է դարձրել՝ որ երբ ինքը լիրբ է, ասում է՝ մայրս է լիրբ:

- Կներեք, բայց դա ճիշտ հարցադրում չէ:

- Չէ, ճիշտ հարցադրում չէ: Ակունքներին եթե անդրադառնանք, մեր երգն ենք երգելու, մեր երգը չենք երգում, երբ որդեգրում ենք թուրք սուլթանի վերաբերմունքն առ ռուս ժողովուրդը և ռուս ցարի կողմից՝ առ թուրք ժողովուրդը: Թագավորների վերաբերմունքը միմյանց նկատմամբ որդեգրելով, խոսում ենք նրանց լեզվով՝ նրանց մասին, մեկի լեզվով՝ մյուսի մասին: Պետք է մեր լեզուն գտնենք և մեր թուրքահայի վերաբերմունքն առ ռուսաց կայսրը լինի հայի և ոչ թե թուրքահայի վերաբերմունք, ռուսահայոց վերաբերմունքը լինի ոչ թե ռուսահայի, այլ հայի վերաբերմունքն առ Թուրքիան և թուրքաց սուլթանը: Ահա այս մասին է խոսքը, որ իսկապես օտար դուդուկի տակ պարել ենք: Այս դեպքում է, որ երգել ենք «Ստամբուլը պիտի դառնա արյան ծով» ռուսաց թագավորի, կազակության երգը: Դա էլ մեր ողբերգության պատճառ է դարձել: Ասենք, լավ՝ մեր շահը համընկնում է նրա շահերի հետ, շատ ճիշտ խոսք է: Հետո նրանք ետ են քաշվել, և մենք մնացել ենք հզոր թուրքի դեմ մեն-մենակ:

- Մնացել ենք հարվածի տակ:

- Այո, մենք մնացել ենք հարվածի տակ: Ուրիշ հարց, որ ահա այդ որդեգրումը մեզ բոլորովին այլ կերպ է պահում իրականության հանդեպ, քան եթե զուտ մենք մեզ մենակ զգայինք: Ես միշտ այդ մասին խոսել եմ և միշտ կարող եմ պնդել, որ խաբվելը խաբվել, բայց արդեն նոր որակի մարդ է կանգնած ասպարեզում՝ բարձրահասակ, աշխարհի մեծ գաղափարների հետ հարաբերված, չխեղճացած: Դա այնքան իրական, նյութական ներդրում էր հայ մարդու աշխարհում, ինչքան զորական, նյութական մեծ օժանդակություն կլիներ հայ մարդուն: Ահա, խոսքը նույնքան նյութական օժանդակություն է, կշռելի օժանդակություն է, ինչքան զորական օժանդակությունը, ինչքան, ասենք, գնդապետ Կորոլկովի պատվախնդիր պահվածքը՝ Սարդարապատն ինքը փրկեց փաստորեն: Կազակական իր փոքրիկ գնդով, իր գնդի մնացորդներով շուռ եկավ ու խփեց: Եվ, ահա, նրա շուրջը համախմբվեցին բոլորը: 

Հովիկ Վարդումյան, «Զրույցներ Հրանտ Մաթևոսյանի հետ»,
«Վան Արյան» հրատ., Երևան, 2003 թ.

Պատրաստեց Գոհար Վեզիրյանը

ՎԱՐԿԱՆԻՇ

   1630 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ