...

Դեպի ազատ ու արդար ավազակապետություն

Դեպի ազատ ու արդար ավազակապետություն

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր Հանրապետության հրապարակում ելույթ է ունեցել, որի ընթացքում ասել է. «Այսօր իմ գործընկերները խնդրել էին, որպեսզի ես ներկայացնեմ, թե նոր կառավարություն ստեղծվելուց հետո ինչ ծրագիր նա պետք է իրականացնի: Ես պատրաստեցի, թուղթը մոտս դրեցի, բայց որ եկա այստեղ, զգացի, որ դրա ժամանակը կգա: Այս պահին դա չի կարևորը: Սա ընտրություններ չեն, որ ծրագրերի պայքար գնա: Մի կողմում դրված է հայրենիքի կործանում, մյուս կողմում՝ հայրենիքի առաջ գնալը: Ես կոչ եմ անում բանակին՝ անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին: Ես կոչ եմ անում ոստիկանությանը՝ անհապաղ հայտարարությամբ միացեք ժողովրդին:  Ամեն ժամը կարևոր է: Դուք ձեզ կարդարացնեք դրանով»:

«ՉԻ». Ելույթի այս փոքր հատվածից անմիջապես երևում է, թե իրականում ինչ է մտադրվել անել Վազգեն Մանուկյանը:

Ասում է՝ ծրագիր եմ գրել, բայց ցույց չեմ տա: Մարդը երկրի ղեկավարի հայտ է ներկայացնում, բայց թաքցնում է, թե ինչ քայլեր է ձեռնարկելու: Դուք այսպիսի բան որտե՞ղ եք տեսել կամ լսել: 

Իրականում Վազգեն Մանուկյանը ոչ մի ծրագիր չունի: Նախորդ ելույթներում նա մի երկու խոստում տվեց, ասաց՝ էս ու էն կանենք, խայտառակ եղավ, որովհետև ամբողջ ասածը ավանտյուրաներ էին: Այսինքն, ծրագիր չունի, որովհետև ասելիք չունի:

Այս ելույթով Վազգեն Մանուկյանը մի բան ցույց տվեց. որ իշխանությունը զավթելուց հետո այնպիսի ընտրություններ է կազմակերպելու, ինչպիսիք եղել են վերջին 20 տարիների ընթացքում: Այսինքն՝ ոչ թե ընտրություններ է կազմակերպելու, այլ՝ կեղծելու, ինչի համար գործի են դրվելու հիմա իր կողքը հավաքված բանդաները, ավազակախմբերը, մեզ բոլորիս հայտնի ընտրակեղծարարները: Իշխանությունը պահելու միակ հենարանը այդ բանդաներն են լինելու: Այն բանդաները, որոնք 20 տարի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համար իշխանություն են ապահովել: Ուրիշ հենարան չունի:

Դրա համար էլ ասում է՝ ծրագրի ժամանակը չի: Մի քիչ էլ մնա, կասի. «Իմ կուսակցությունը ժողովուրդն է», ոնց որ 1998-ին Քոչարյանն էր ասում:

Մարդ կա՞, որ չի կասկածում, որ Վազգեն Մանուկյանը կարող է նորմալ ընտրություններ անցկացնել: Եթե 1 տոկոսանոց վարկանիշով գործիչը բռնություններով ցանկանում է իշխանություն վերցնել, նա կյանքում արդար և օրինական ընտրություններ չի ապահովի, որովհետև արդյունքը նորից այդ 1 տոկոսն է լինելու:


#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1686 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ