...

Դու ժե՛խ, դու ա՛խտ, դու Չիշխանյան

Դու ժե՛խ, դու ա՛խտ, դու Չիշխանյան

Կանխատեսելի էր, որ անգամ Վանո Սիրադեղյանի մահը սգալն է կատաղության ալիք առաջացնելու 90- ականներից մնացած զանազան մեռյալ գործիչների և անատամ «մտավորականների» շարքում:

Կատաղությունը, իհարկե, պատահական չէ: 20 տարի է՝ Վանոն Հայաստանում չէ, իշխանություն չէ, բայց նրան կարդում էին, մեջբերումներ անում: Վանո Սիրադեղյանի գեղարվեստական հրապարակախոսությունը հատկապես մեծ պահանջարկ ուներ պատերազմից հետո, և այս հանգամանքը բնականաբար հանգիստ չէր տալիս ո՛չ պարտված իշխանությանը, ո՛չ նրա իբր ընդդիմությանը: Վանոյին հիշելը, Վանոյին կարդալը բացահայտում էր այն ամենը, ինչ արել էին 22 տարի շարունակ Հայաստանի և Արցախի գլխին 98-ից հետո մեր երկրում իշխող քաղաքական բոլոր ուժերը, կեղծ ազգայնական մտավորականությունը, վայ-հրապարակախոսները՝ վերլուծագանգերը:

Եվ բնավ զարմանալի չէ, որ երկարաշունչ մի հոդված է գրել նախագահի հավերժ թեկնածու, ՀՓՇ ձախողված գործողությունների առաջնորդ Վազգեն Մանուկյանի աներձագը՝ Ավետիք Իշխանյանը

Մեռելածինը

«Պատմությունը, այո, դաս չի լինում։ Խելացի մարդիկ են ասել։ Բայց նկատի են ունեցել, որ դաս չի լինում հիմարներին»,- գրում է Վանոն: Սրանց ոչինչ դաս չի լինում: Սրանք իբր իրավապաշտպան են, բայց Նաիրի Հունանյանի և դրա նմանների: Սրանք ոչ մի կերպ չեն կարող ընդունել 90-ականների անձնական պարտությունները և Հայաստանի հաղթանակը՝ ի հեճուկս իրենց բայղուշությունների: Սրանք 90-ականներից հայ մամուլի էջերը լցրել են ցնդաբանություններով, որոնք չի կարդալու հոգեկան շեղումներ չունեցող, նորմալ տրամաբանող որևէ անհատ: 

Համաշխարհային ազգի գաղափարական հայրը և նրա նեղ շրջապատը շատ էին ուրախացել Վանոյի արտաքսումից և Վազգենի սպանությունից: Կարծում էին՝ վերջապես եկել է իրե՛նց աստեղային ժամը: Չեկավ: Ու չի գալու: Մեռելածինների աստեղային ժամը շատ-շատ Սերժ Սարգսյանի ողորմածությամբ թոշակառուի պաշտոնն է, մեկ էլ իրենց գաղափարական գերի Նիկոլ Փաշինյանի ներողությունը: Պատերազմից հետո սրանք զբաղված են միայն մի բանով՝ վարկաբեկել ՀՀ առաջին նախագահին, մինչև 98 թ. ՀՀ իշխանությանը: Հիմա նույնն են անում Վանո Սիրադեղյանի նկատմամբ: Զուր մի՛ տանջվեք, մանավանդ որ նորմալ տեքստ էլ չեք գրում: Ձերը «բեսեդկայի» ցածրակարգ բամբասանքն է: Այնքան ցածրակարգ, որ կարդալիս միայն խղճահարություն է առաջանում գրողի նկատմամբ և կասկած. արդյոք ծանո՞թ է այն գրողների ստեղծագործություններին, որոնց անունները տալիս է: Օրինակ՝ Ավ. Իշխանյանը երբևէ կարդացե՞լ է Հրանտ Մաթևոսյան, Ակսել Բակունց, կարդացե՞լ է հոր՝ Ռաֆայել Իշխանյանի հրապարակախոսական հոդվածները գոնե… Եթե կարդացել է, ինչո՞ւ ոչինչ չի հասկացել: 

Ի դեպ, «Առավոտ»- ում տպագրված հոդվածի վերնագիրն է «Մահացածի մասին միայն ճշմարտություն»: Պետք է միայն որոշել, թե ով է մահացածը: Նա, ում ստեղծագործություններն ապրելու են այնքան, որքան կապրի հայոց լեզուն, մեռնել չի կարող: Նա, ով նորանկախ Հայաստանում ստանձնել էր ամենաբարդ դերը՝ պատերազմի դաժան օրերին երկրի ներքին կայունությունն ապահովելու գործը, նա, ում ջանքերով նաև ապահովվեց հաղթանակը, միշտ գնահատվելու է ըստ արժանվույն: Իսկ ձեր, ձեր դաշնակիցների և ձեր օրգանական շարունակություն Նիկոլի ձեռամբ պետությունը հայտնվեց կործանման եզրին: Դե հիմա ասե՛ք՝ ով է մահացածը:

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3434 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ