...

Վանոյին հեռացրին շանտաժով, իսկ նա բացահայտել էր ամենաքստմնելի շանտաժը

Վանոյին հեռացրին շանտաժով, իսկ նա բացահայտել էր ամենաքստմնելի շանտաժը

1999թ. հունվարի 25-ին ՀՀ Աժ-ում Վանո Սիրադեղյանը, անդրադառնալով ՀՀ նախորդ իշխանության դեմ սանձազերծված հալածանքներին, ասում է. «Ի՞նչ են ուզում սրանով և առհասարակ, ինչ են ուզում մեզնից։

Նախևառաջ ուզում են ամրապնդել իշխանությունը և ամրանալ Հայաստանում։ Ինչի համար նախ հարկավոր էր զավթել իշխանությունը։ Ինչպես միշտ, անխափան գործեց շանտաժը։ Նախագահին և պաշտպանության նախարարին սպառնացին, որ պատանդ կպահեն մեր զորակոչիկներին, և նախագահը հրաժարական տվեց»: 

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ Վ. Սիրադեղյանը 1998-ին բարձրաստիճան պաշտոնյա էր, ուստի լավ տեղյակ էր պալատական անցուդարձից: Նա բաց, առանց քաղաքակրթական սեթևեթանքի ասում է՝ նախագահին և պաշտպանության նախարարին սպառնացել էին, որ մեր զորակոչիկներին պատանդ են պահելու: Որտե՞ղ: Իհարկե, ոչ ՀՀ տարածքում: Մնում է Արցախը: Արցախում տերուտիրական էին իրենց զգում, Արցախի պաշտպանության նախարարը հիմա մեծ-մեծ բրդող Սամվել Բաբայանն էր՝ շանտաժիստների հիմնական հենարանը: 

ՀՀ առաջին նախագահի հրաժարականը շանտաժի առաջին խոշոր հաղթանակն էր: Երկրորդը պետք է դառնար Վանո Սիրադեղյանի արտաքսումը Հայաստանից: Ախր շատ էր խանգարում: Խանգարում էր նախ և առաջ նրանով, որ տալիս էր Ռոբերտ Քոչարյանի և նրան իշխանության բերածների ճշգրիտ ախտորոշումը: Եվ նրա պնդումը, թե դրանք սպառնում էին մեր զորակոչիկներին պատանդ պահել, ռումբի պես պետք է պայթեր Հայաստանում, բայց մի տեսակ լուռ տարան, որովհետև այսպես կոչված մտավորականությունն ու զանազան մանր ու մեծ կուսակցականներ տենչում էին Վանոյի արյունը: Վրեժ էին լուծում իրենց պռատ, չկայացած, թերարժեք էության համար, հաղթանակի համար, Նախագահի՝ իսկական գիտնական, իսկ Վանոյի՝ իսկական գրող լինելու համար: Ու դրանց ձեռնտու էր պռատների շանտաժիստ իշխանությունը: Թերարժեքության բարդույթից Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի ներկայությամբ չէին մեռնում: Հիմա էլ նույնկերպ հանդուրժում են Ն. Փաշինյանին:

Եվ սրանց համար քիչ էր Վանոյի վրա տխմար գործ կարելը, ժեխին համոզելը, թե ՆԳ նախկին նախարարն է իրենց դժբախտությունների աղբյուրը, քիչ էր 99-ի հոկտեմբերի 27-ը: Վանոն պետք է հեռանար Հայաստանից, և իրենք պետք է միջազգային հետախուզում հայտարարեին ու աշխարհով մեկ գոռային՝ Վանո Սիրադեղյանը փախել է: Ումի՞ց…

Եվ գործեց շանտաժը: Իրազեկ աղբյուրները պնդում են, որ «Վանոն չի փախել արդարադատությունից, Վանոյին 17 ժամ էին տվել երկիրը լքելու համար, այլապես ողջ գերդաստանը կդատապարտվեր»: Ահա այսպես: Ու Վանո Սիրադեղյանի հեռանալուց հետո անմիջապես հետախուզում են հայտարարում: Տեսնես ինչո՞ւ…

Շանտաժը հետո բազմիցս էր գործելու: Ընտրությունների ժամանակ մարդկանց էին առևանգելու, նկուղներում ծեծելու էին, շինծու քրգործեր էին սարքելու, բանտ էին նետելու և այլն:

Եթե շատ մանրամասներ մոռացել եք, գոնե 2008-ը կհիշեք, հետո՝ 2015-ը, երբ Գագիկ Ծառուկյանին լռեցնելու համար մի գիշերում ոստիկանությունը «հավաքել էր» նրա հարյուրավոր կողմնակիցների…

Եվ հիմա՝ Վանո Սիրադեղյանի մահից հետո են անգամ ծվծվում, թե նա փախել է արդարադատությունից: 

Եվ հիմա՝ Վանո Սիրադեղյանի մահից հետո են անգամ վախենում նրա կերպարից, թողած խոսքից:

Եվ հիմա՝ իրենց բուծած իբր հեղափոխական վարչապետն է բռնել շանտաժի ուղին: Միասին սինխրոն իրար շանտաժի են ենթարկում: Վարչապետը սպառնում է դիպչել նախկինների սրբություն սրբոցին՝ գրպանին, սրանք էլ պարբերաբար դավաճան ու կապիտուլյանտ են գոռում՝ սպառնալով… Բայց Վանոն էլի խանգարում է: Մարդիկ նրա՛ն են կարդում: Եվ կառավարական հանձնաժողովը համառորեն չի ստեղծվում:

Պրիմիտիվ գավառական այս ուղեղներն իրենց նույնքան պրիմիտիվ գավառական կրկեսում դեռ գոյատևում են՝ զոհասեղանին դնելով թե՛ Հայաստանն ու Արցախը, թե՛ բազմաթիվ գերդաստանների կյանքը: 

Որովհետև սրանք իշխանությունից չեն հեռանա ո՛չ հանուն Հայաստանի և Արցախի, ո՛չ հանուն հազարավոր զինվորների կյանքի, ո՛չ էլ հանուն սեփական գերդաստանների: Սրանք կհեռացվեն, երբ դրսի տերերին այլևս պետք չլինեն:

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4614 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ