Արժանին մատուցենք Պետրոս Ղազարյանին, որովհետև կիրակի օրվա երեկոն գունավորեց ակամա երգիծանքով։ Թեպետ գուցե և ակամա չէր, բայց, կարծում ենք, որպես երգիծանքի «աղբյուր» «Հանրային քննարկման» հյուր էր դարձել Տիգրան Արզաքանցյանը, սակայն նա մենակ չմնաց։ Ավելին՝ Տիգրան Խզմալյանն իր ներկայությամբ ստվերեց նրան։ Նշենք՝ բնավ չենք թերագնահատում հաղորդման մյուս հյուրերին, սակայն երկու Տիգրաններն անզուգական էին։
Իսկ այժմ պատասխանենք մեր ընթերցողների լեգիտիմ հարցին․ այն է՝ ինչու ենք ժամանակ վատնել և դիտել Հ1-ի հաղորդումը։ Դիտել ենք, սիրելի՛ ընթերցողներ, և դիտելու ենք, որ ձեզ ներկայացնենք հայկական քաղդաշտի դալուկ ներկապնակը։ Դալուկ, որովհետև շատախոսության, միմոսության, չգիտեմինչամետության հետևում Հայաստանի և Արցախի խնդիրները լուծելու որևէ ռացիոնալ առաջարկ չկա։ Ի դեպ, շատախոսները, միմոսները և չգիտեմինչամետները ուղղակի օկուպացրել են իշխանամետ լրատվամիջոցների էջերն ու եթերը՝ միանալով իշխանականների և ընդդիմադիրների դատարկ աղմուկին, խլացնելով հատուկենտ բանական խոսքը, իրական առաջարկները կամ ծրագրերը։
Վերադառնանք երկու Տիգրաններին։ Ակնհայտ էր, որ նրանք պետք է ներկայացնեին հայ հասարակության երկու «անհաշտ» կողմերը՝ ռուսամետներին և արևմտամետներին։ Եվ արևմտամետ Տիգրանը՝ Խզմալյանը, որոշել էր վերևից նայել ռուսամետ Տիգրանին՝ Արզաքանցյանին, որովհետև ինքը, հասկանում եք, գիտությունների թեկնածու է, ռեժիսոր, և ո՛չ ավել, ո՛չ պակաս Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ։ Բա՛։ Իսկ հակառակորդ Տիգրանը թեկնածու չէ, ինչ-որ «Ուժը հայրենյաց» կուսակցություն է ղեկավարում, դեռ մի բան էլ Նատալյա Ռոտենբերգի ամուսինն է։
Հանուն արդարության՝ նշենք, որ Տիգրանների մրցամարտում գրանցվեց ոչ-ոքի, որովհետև երկուսն էլ նույն ինտելեկտուալ մակարդակն ունեն։ Կարող ենք ասել, որ Տիգրան Արզաքանցյանը գոնե կյանքի խելք ունի, իսկ Տիգրան Խզմալյանը դա՛ էլ չունի։ Ավելին, շատ վատ էր ներկայացնում արևմտամետների թևը, վատ էր կատարում իր պատվեր-առաքելությունը։ Ո՛չ դիմախաղն էր բանի պետք, ո՛չ ձայնի հնչերանգը։ Սակայն թողնենք արտալեզվական գործոնները և տեսնենք, թե ի վերջո ի՛նչ էր ուզում ասել սույն անձը սպիտակամորթի նվիրած հուլունքը կրծքին ավստրալական աբորիգենի հրճվանքով։
Ուրեմն Տիգրան Խզմալյանի հրճվանքի հիմնական աղբյուրն այն էր, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը կայացել էր Բրյուսելում, որ «հայկական արբանյակը» տիեզերք էր նետվել ԱՄՆ-ից։ Այսքան բան։ Իսկ թե ինչ է եղել Բրյուսելում, ինչ արդյունք կարող են տալ Արևմուտքի հետ խաղերը, ինչո՛ւ է Նիկոլ Փաշինյանն այս անգամ սխալ հանում Շարլ Միշելին, նրան, իհարկե, չի հուզում։ Կարևորը արևմտյան վարսահարդարումն է։ Մի խոսքով՝ Մոսկվան քըխ է, Բրյուսելը՝ պուպուշ, իսկ Երևանը կարևոր չէ։
Մի «գաղտնիք» բացահայտենք․ այսպիսի արևմտամետներն ամեն ինչ անում են հայ հանրության աչքում Արևմուտքը վարկաբեկելու համար։ Սա կարող են ի գիտություն ընդունել նրանք, ովքեր սրանց վրա խաղադրույք են արել։
Հաջորդ «գաղտնիքն» էլ հետևյալն է․ անմեղսունակ այս անհատների էկրանային կերպարները գուցե շահեկան են երգիծանքի տեսակետից, բայց ավելի ու ավելի իրական են դարձնում Տիգրան Արզաքանցյանի՝ ՀՀ հաջորդ ղեկավար դառնալու հեռանկարը։
Զարուհի Գաբրիելյան