...

Երկու զուլում, երկուսն էլ մի սորտի

Երկու զուլում, երկուսն էլ մի սորտի

Այսօր շատերն են զարմանում, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե նույնությամբ կրկնում է այն, ինչ տարիներ շարունակ անում էր Ռոբերտ Քոչարյանը։ Զարմանում են, որովհետև առաջին հայացքից թվում է, թե բոլորովին տարբեր մարդիկ են՝ տարբեր միջավայրերից, տարբեր կենսագրություններով, տարբեր աշխարհայացքներով․․․ 

Իրականում մարդկային նույն տեսակն է, և խորքային նմանություններն անհամեմատ ավելի շատ են։ Երկուսն էլ նորմալ բարձրագույն կրթություն չունեն, մեկինը հեռակա է, մյուսինը՝ թերի։ Մեկը հայերեն խոսելիս է տառապում՝ ծիծաղեցնելով մարդկանց, մյուսը՝ ռուսերեն ու անգլերեն խոսելիս։ Երկուսն էլ անձնական իշխանությունն օգտագործում են ինքնահաստատման համար։ Քոչարյանն «Առագաստ» սրճարանում էր թիկնապահներին հրամայում՝ «տարեք հանգստացրեք դրան», Նիկոլը գետնին դրված դրոշի կողքին կանգնածի վերաբերյալ էր հրամաններ տալիս՝ «աչքիս չերևա, հենց էսօր գործից հանեք»։ Երկուսն էլ անընդհատ խոսում էին կոռուպցիայի դեմ պայքարից, ու երկուսի հարազատներն ու մտերիմներն էլ կամ հայտնվեցին պետական կառավարման համակարգում, կամ դարձան խոշոր գործարարներ (Քոչարյանի դեպքում՝ որդիները, հեռու և մոտ ազգականները, ընկերները, Նիկոլի դեպքում՝ եղբոր որդին, աներձագը, քավորը, նրանց ազգականները, ընկերները)։ Քոչարյանն ԱԺ ամբիոնից լկտի հռհռոցով կլիզմայի մասին անեկդոտներ էր պատմում ու աչքի տակով հետևում՝ արդյո՞ք բոլորն են ծիծաղում, Նիկոլն էլ նույն ձևով նույն ամբիոնից «կարգին հաղորդումից» էր մեջբերումներ անում։ Քոչարյանն ինքն իրեն «վոյին» էր անվանում՝ ներկայանալով որպես ղարաբաղյան առաջին պատերազմը համարյա մեն-մենակ հաղթած զորավար, Նիկոլն էլ քառօրյա պատերազմից շաբաթներ անց զինվորական համազգեստով լուսանկարներ էր հրապարակում, իսկ տավուշյան գործողությունները ներկայացրեց համարյա որպես երրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակ, իրեն էլ՝ որպես մերօրյա Նապոլեոն։ Քոչարյանն առանց երկար-բարակ մտածելու, «տղավարի» համարեց, որ ինքը կարող է բանակցել և՛ Հայաստանի, և՛ Արցախի անունից, Նիկոլն էլ «դուխով» համարեց, որ կարող է բոլորին «պասլատ անել» և բանակցությունները սկսել սեփական կետից։ Քոչարյանն առանց աչքը թարթելու Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքները հանձնեց Ռուսաստանին՝ ասելով «ի՞նչ տարբերություն, մեկ ա՝ դրանք Հայաստանում են մնալու», Նիկոլն էլ առանց աչքը թարթելու «դժգույն-դժբախտ սարերը» հանձնեց՝ ասելով «դե տարվա կեսը ձյուն-ձմեռ ա, ո՞ւմ են պետք դրանք»։ Քոչարյանը համարում էր, որ ինչ ուզի՝ կանի, որովհետև Ռուսաստանը պաշտպանելու է իրեն (չէ՞ որ Պուտինին իր ընկերն էր համարում ու պարծենում էր նրա հետ գարեջուր խմելու լուսանկարով), Նիկոլն էլ համարում է, որ ինչ էլ անի՝ Արևմուտքն է իրեն պաշտպանելու (չէ՞ որ ինքն ու Կանադայի դեսպանը միասին գուլպաներն են ցուցադրել, Գերմանիայի կանցլերի հետ էլ Հյուսիսային պողոտայում սելֆի ունի, և ընդհանրապես՝ ինքը Հայաստանը դարձրել է «ժողովրդավարության բաստիոն»)։ 

Հետո՞ ինչ, որ «հոբբիները» տարբեր են։ Քոչարյանն իբր ազատ ժամերին բասկետբոլ էր խաղում, դահուկ քշում, սերֆինգով զբաղվում, գնում որսի, իսկ Նիկոլը նախընտրում է քյալլա ուտել, մանղալների մոտ լավաշ բզկտել, հենց ծառից տերևախառը կեռաս խփշտել, գինու կիսադատարկ շշի կողքին փռվել խոտերի վրա․․․ Էությունը նույնն է՝ երկուսն էլ իշխանությունն օգտագործում էին (են) իրենց նախընտրած «կայֆերի» համար։

Այնպես որ՝ նրանք լավ էլ ճանաչում ու հասկանում են իրար, որովհետև նույն տեսակն են։ Իսկ հասարակությունը պիտի տեսակի դեմ պայքարի։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5083 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ