Ներկայացնում ենք մամուլի՝ տարիների վաղեմություն ունեցող մի շարք հրապարակումներ, որտեղ Վազգեն Մանուկյանը իր տեսակետներն է հայտնում օրվա իշխանության, ներքաղաքական զարգացումների, արտաքին հարցերի վերաբերյալ:
Որ մարդիկ իմանան, թե ինչպես է Վազգեն Մանուկյանը տարիներ առաջ հանցագործ և իշխանությունը զավթած կարիերիստ համարել Ռոբերտ Քոչարյանին, այն Քոչարյանին, որի համար այսօր նա պատրաստ է իշխանություններին հոշոտել: Ավելին, կանխատեսել է՝ Քոչարյանի կողմից ընտրություններ կեղծելը բերելու է տարածքային կորուստների: Նույն ոճով խոսել է նաև Սերժ Սարգսյանի մասին, այն Սերժ Սարգսյանի, որից ստացավ «իդիոտ» մականունն ու Հանրային Խորհրդի նախագահի պաշտոնը: Հայ-թուրքական հարաբերությունների մասին է հետաքրքիր մտքեր հայտնել: Մի խոսքով, վայելեք:
«ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյան. «Վերջերս սկսել են ասել, թե նայեք՝ ո՞վ է կանգնած հարթակում. մենք ենք կանգնած, մեր հասարակությունն է կանգնած՝ իր բոլոր գույներով, բոլոր շերտերով, մարդիկ, որ երբեմն իրար հակառակորդ են եղել, տարբեր կերպ են մտածել, բայց սա է մեր հասարակությունը, և հասարակությունն այստեղ է։ Իսկ ո՞վ է դիմացը՝ դիմացն այն խուժանն է, որը դանակահարո՞ւմ է, այն խուժանն է, որը ենթարկվում է ցանկացած հանցագործ հրահանգների՞»:
«Առավոտ», 25.2.2003
«Եթե ընտրություններն ընթանան երկու փուլով, և ԱԺՄ առաջնորդը չհաղթահարի առաջին փուլը, ապա՝ ԱԺՄ-ն «Քոչարյանին չի պաշտպանի, բայց մեր դիրքորոշումը կախված կլինի նրանից, թե ով կանցնի»։ Չնայած՝ Վ. Մանուկյանը ընտրություններն առաջին փուլով ավարտելու ձգտում է տեսնում և պարզաբանում, որ «երկրորդ փուլում Քոչարյանի վիճակն ավելի ծանր կլինի»։
Ընտրություններին միջազգային հանրության վերաբերմունքի առիթով՝ բանախոսը հետևյալ կարծիքը հայտնեց. «եթե ընտրությունները լինեն ոչ նորմալ, միջազգային հանրությունը կարող է օգտվել դրանից՝ տարածաշրջանային խնդիրների լուծման առումով»։ Որ այդ պարագայում «Ղարաբաղի հարցում կորուստներ կունենանք», Վ. Մանուկյանն անխուսափելի է համարում։ Իսկ հայ-թուրքական հարաբերությունների առիթով, ՄԱԱ հյուրը գտնում է, որ «վաղ թե ուշ հայկական և թուրքական կառավարությունները պետք է բանակցեն այդ խնդիրների շուրջ»:
«Առավոտ», 14.02.2003
«Ես Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին չեմ դիմում: Իրենք Ադրբեջանի կոմկուսի և կոմսոմոլի նոմենկլատուրայի մեջ աշխատում էին, այնտեղ կարիերա էին ուզում անել, իրավիճակը փոխվեց, հիմա այստեղ են կարիերա անում,- ասաց Վազգեն Մանուկյանը:
- Ուզում եմ դիմել Անդրանիկ Մարգարյանին. ուրեմն Նժդեհին, որը զարգացած, խելոք, ազատամիտ ու խիստ բարոյական մարդ էր, ու որը կարողացավ Զանգեզուրը պահել մեզ համար, փոխարինել է Լիցկա՞ն՝ քրեական հանցագործ և անգրագետ մի մարդ: Ուրեմն՝ Հանրապետական կուսակցությունն այդպե՞ս է տեսնում իր նժդեհականությունը…
Մի քանի ձայն ավելի հավաքելու համար պահում են, հետո չգիտեմ՝ կարող է դեն շպրտեն իրենց այս մարզպետին, ուրիշ մարդ բերեն»: Վազգեն Մանուկյանը վերահաստատեց, թե մասնակցելու է Սամվել Բաբայանի քարոզարշավին, որ նրա մրցակիցը՝ Սերժ Սարգսյանի եղբայրը չդառնա պատգամավոր. «Եթե այստեղ նրա եղբայրը չընտրվի, ապա դա Սերժ Սարգսյանի համար մեծ հարված կլինի: Ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը մեծ հարված ստանա»,
«Առավոտ», 21.03.2007
«Որ այսօր նույնքան ազգային խնդիր է Քոչարյանին պատժելն ու իշխանությունից հեռացնելը, որքան 1988, 1990, 1992-94 թթ., երբ ժողովուրդը համախմբված պայքարում էր ղարաբաղյան շարժման, անկախության ու պատերազմում հաղթանակելու համար: Իսկ հետո հռետորական հարց ուղղեց, թե ո՞նց կարող է այդքանից հետո «մեկը գա ու մեր ձեռքից խլի այդ ամենը: Մի մարդ, որը ոչ մի անգամ չի ընտրվել ո՛չ Ղարաբաղի, ո՛չ էլ 2 անգամ Հայաստանի նախագահ»,- ասաց Վ. Մանուկյանն ու իր զարմանքն արտահայտեց ազգային կոչվող ՀՅԴ և Հանրապետական կուսակցությունների մասին, որոնք, իր իսկ խոսքերով, ոտնահարելով ժողովրդի իրավունքները, «ինչ-որ մեկին պահում են իշխանության»՝ համարելով, թե դա է ազգայինը.
«Դրանից ավելի ապազգային գործարք լինել չէր կարող»,- նկատեց նա՝ նշելով, որ Քոչարյանի թիմը ևս վստահ է, որ Քոչարյանը մեկ տարուց ավելի չի դիմանա և որքան շուտ հեռանա՝ այդքան լավ մեր երկրի համար», «Առավոտ»,
«Առավոտ», 12.03.2007