...

Եթե թացը չորին չեք խառնում, ապա ինչու չորը թացից չեք մաքրում

Եթե թացը չորին չեք խառնում, ապա ինչու չորը թացից չեք մաքրում

Այսօր Ազգային ժողովում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ հեղափոխական իշխանության ամենամեծ ձախողումը ժողովրդից գողացված փողերի վերադարձն է, ավելի ճիշտ՝ չվերադարձը։ Նաև համաձայնել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կան անհաջողություններ, որոնք ունեն մի քանի շերտեր, կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։

Այդ շերտերի ու պատճառների մասին խոսելիս՝ Փաշինյանը մատնանշել է դատաիրավական համակարգի կադրային հարցը և այդտեղ առանձնացրել երեք խումբ. ա) նվիրյալ բարձր պրոֆեսիոնալներ, որոնք ոչ թե լոյալ կամ ոչ լոյալ են որևէ կառավարության ու իշխանության նկատմամբ, այլ նվիրված են իրենց աշխատանքին, բ) կոռուպցիոն համակարգի նվիրյալներ ու դավաճաններ, որը լրջագույն խնդիր է, գ) անգրագետներ, որոնք հոգով մաքուր են։

Հեղափոխական իշխանության ձևավորումից անմիջապես հետո հանրության շրջանում առանձնակի դժգոհություններ առաջացան Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականության հարցում, որոնք ժամանակի ընթացքում էլ ավելի խորացան։ 

Կոնկրետ դատաիրավական համակարգի մասով դժգոհություններն առնչվում են վարչապետի առանձնացրած երկրորդ ու երրորդ խմբերին՝ կոռուպցիոն համակարգի նվիրյալներ ու դավաճաններ և, այսպես ասած, հոգով մաքուր անգրագետներ։ Հասկանալի է, որ այս վերջիններս որևէ կերպ չեն կարող արդյունավետ ու օգտակար աշխատանք կատարել և միայն խանգարում են պետական կառույցների գործունեությանը։

Պետական կառավարման համակարգի մասին խոսելիս՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է դժգոհել պետական մարմիններում առկա կոռուպցիոն համակարգի նվիրյալներից ու դավաճաններից, որոնք խոչընդոտում են հեղափոխական բարեփոխումներին, դիմում են սաբոտաժների, խափանում կարևոր միջոցառումներ։ 
Օրինակ, արդեն սովորական երևույթ է դարձել ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող ու կալանքի ենթակա անձանց փախուստն ու թաքնվելն իրավապահների տեսադաշտից, ինչն արդեն վերածվում է զավեշտի և ըստ էության խայտառակություն է մի ամբողջ պետական ու դատաիրավական համակարգի համար։

Հետաքրքիր է՝ այդ փախուստների համար ովքե՞ր են պատասխանատու ու մեղավոր. նվիրյալ բարձր պրոֆեսիոնալնե՞րը, կոռուպցիոն համակարգի նվիրյալներն ու դավաճաննե՞րը, թե՞ հոգով մաքուր անգրագետները։ 

Թեև փախուստների տասնյակ դեպքերին, այս հարցերի պատասխանները չկան։ Տպավորություն է, որ ընդհանրապես իշխանությունն այս հարցով, այսինքն՝ մեղավորների ու պատասխանատուների փնտրտուքով չի զբաղվում։ Եվ այս պարագայում, բնականաբար, հանրության շրջանում արդարացի կասկածներ են առաջանում որոշակի ստվերային պայմանավորվածությունների մասին։

Չնայած այս ամենին՝ իշխանությունն էական ու տեսանելի քայլեր չի կատարել համակարգը կոռուպցիոն նվիրյալներից ու դավաճաններից մաքրելու ուղղությամբ։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր այս աբսուրդ վիճակին Փաշինյանն ունի մեկ պատասխան՝ երբեք չեն ցանկացել թացը չորին խառնել։

Եթե անգամ ընդունենք, որ ինչ-որ տեղ հասկանալի է թացը չորին չխառնելու մոտեցումը, ապա անհասկանալի է, թե այդ դեպքում ինչու չեն իրականացվում չորը թացից մաքրելու միջոցառումներ։ Կարծում ենք՝ երկու տարին բավարար ժամանակ էր այդ մաքրումն ու միջոցառումները կատարելու համար։ Մինչդեռ այս ուղղությամբ անգամ ազդակներ ու նախանշաններ չկան։ Հակառակը՝ շարունակվում են բարձր պաշտոններում կասկածելի նշանակումները։ 

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1486 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ