...

Ո՞ւմ է բողոքում Նիկոլ Փաշինյանը

Ո՞ւմ է բողոքում Նիկոլ Փաշինյանը

Իր աղմկոտ հեռուստաուղերձի ոչ եթերային կադրերի հրապարակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ նոր տեսաուղերձով, որը վերնագրել է՝ «Թավիշի և ամենաթողության մասին»:

Գնահատելով տեղի ունեցածը՝ նա ասել է, թե տեղի է ունեցել շատ վատ բան, բայց դա վերաբերում է ոչ թե հրապարակված կադրերի բովանդակությանը, այլ դրանք հրապարակողների արարքին:

Հրապարակողների արարքը, նման կադրերի հրապարակային դարձնելու հանգամանքները, այդ դիպվածն ընդամենը ու զուտ անզգուշություն, ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք, թե դիտավորություն, կանխամտածված գործողություն լինելու հարցը, իհարկե, շատ լուրջ թեմաներ են, բայց այստեղ անդրադառնանք երկրորդ տեսաուղերձում վարչապետի արտահայտած որոշ մտքերին ու հայտարարություններին։

Նա ասել է, թե նախկիններն իշխանության մեջ, իրավապահ համակարգում լիքը մարդ ունեն. «Բայց ունեն, որովհետև մենք ասել ենք, որ վենդետաներ, կադրային ջարդ չեն լինելու, և շանս ենք տվել իրենց, բայց այդ ժամանակը սպառվել է»։ Ապա եզրակացրել է՝ եկել է ժամանակը, որ իշխանության մեջ տեղի ունենան իրական զտումներ. «Կադրային ջարդ չի լինելու, բայց նա, ով չարաշահել է թավիշը, պետք է դուրս շպրտվի»: 

Որպես վերջնական բանաձև Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ պետական կառավարման համակարգը Սերժի մնացորդներից պետք է մաքրվի:

Արդեն երկու տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները բողոքում են պետական համակարգում գոյություն ունեցող Սերժի մնացորդներից, որոնք չեն համակերպվում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը և մեծ ու փոքր դավադրություններ, սաբոտաժներ են կազմակերպում՝ հույս ունենալով նախկինի վերադարձը։ 

Թե այս մասին ում են բողոքում վարչապետն ու մյուս իշխանավորները, այդպես էլ մնում է անհասկանալի, քանի որ այդ բողոքը պետք է ուղղված լինի հենց իրենց, որովհետև պետական կառավարման համակարգում Սերժի մնացորդների առկայության պատասխանատուն հենց իրենք են։

Պետական համակարգը Սերժի ու նախկինների մնացորդներից մաքրելը որևէ կապ չունի ոչ թավիշի, ոչ էլ կարդրային ջարդի հետ։ Քաղաքական գործընթացների, առավել ևս հեղափոխության տրամաբանությունից է բխում, որ այդ մնացորդները վաղուց պետք է հեռացված լինեին։

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ նրանց, այսինքն՝ այդ մնացորդների ժամանակը սպառվել է։ Արդեն որերորդ անգամ ենք լսում այդ ժամանակի սպառման մասին, կարելի է ասել, որ դեռ շատ անգամներ էլ լսելու ենք, քանի որ մաքրելու գործընթացը նորից քնելու է՝ մինչև հաջորդ սաբոտաժային դիպվածը։

Նիկոլ Փաշինյանի՝ «բոլորը հատ-հատ պատասխան են տալու և գողացածը վերադարձնելու են» տիպի արտահայտությունները ևս տասնյակ անգամներ լսել ենք, իսկ տասնյակ անգամ հնչեցվածը այլևս այնքան էլ լուրջ չի ընկալվում, մանավանդ որ՝ գործնականում այս ուղղությամբ որևէ էական արդյունք չենք տեսնում։ 

Պետք է մեկ անգամ ասել ու անել։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1390 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ