Քանի որ այս օրերին հատկապես քոչարյանա-դաշնակցական շրջանակներն ու նրանց սպասարկող լրատվամիջոցները նորից սկսել են շահարկել ՀԽՍՀ ԿԳԲ-ի պետ Մարիուս Յուզբաշյանի սպանության փաստը, արժե հիշեցնել, թե իրականում ում էր ձեռնտու նրա մահը և ով կարող էր կանգնած լինել նրա սպանության թիկունքում:
Օրինակ՝ 1988 թվականի ապրիլի 22-ին Մարիուս Յուզբաշյանը՝ որպես Հայաստանի ՊԱԿ-ի նախագահ գաղտնի զեկուցագիր էր ուղարկել Կոմկուսի Կենտկոմ: Սա հիմա գաղտնազերծված փաստաթուղթ է և հրապարակվել է «Սփիւռքահայ քաղաքական հոսանքներն ու գաղութները խորհրդային գաղտնի փաստաթուղթերու մէջ» գրքում, որը հեղինակել է Գևորգ Յազըճյանը:
Զեկուցագրում Մարիուս Յուզբաշյանը գրել է.
«Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորելու պահանջի, Սփյուռքի՝ հատկապես դաշնակցականների ելույթների ալիքը սահմանափակելուն ուղղված և ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ միասնաբար մեր կատարած քայլերը դրական ազդեցություն են գործում այդ հարցի վերաբերյալ Սփյուռքում իրավիճակի առողջացման վրա:
Մասնավորաբար, ՀՅԴ ղեկավարությունը ԼՂԻՄ-ի կարգավիճակի փոփոխման հարցում որոշել է զուսպ դիրքորոշում պահպանել:
Փետրվարի վերջին Աթենքում ՀՅԴ Բյուրոյի նիստի ընթացքում Բյուրոն տարբեր երկրների ՀՅԴ բոլոր կազմակերպություններին հրահանգեց ԼՂԻՄ-ի կարգավիճակի փոփոխության պահանջի զորակցության ցույցեր, հավաքներ կազմակերպելուց ձեռնպահ մնալ: Այդուհանդերձ, Բյուրոն կուսակցության անդամներին թույլ տվեց տեղերում մասնակցել արտասահմանի հայոց զանգվածային գործողություններին:
Որոշում կայացվեց, ըստ որի՝ դաշնակցական մամուլում ԼՂԻՄ-ի շուրջ իրադարձությունները տվյալ հանգրվանում պետք է լուսաբանվեն միայն փաստերի հիման վրա՝ առանց հակախորհրդային բնույթի մեկնաբանությունների»:
Այսինքն՝ Մարիուս Յուզբաշյանը ղարաբաղյան շարժման տարիներին ակտիվ աշխատանքներ է տարել, որպեսզի ՀՅԴ-ն իրեն «խելոք» պահի, հակախորհրդային մեկնաբանություններ չանի: ՀՅԴ-ի հայտնի հայտարարությունը. «Անկախական ըլլալով, անջատմանը դեմ կըլլանք», այսինքն՝ Դաշնակցությունը դեմ էր արտահայտվում Հայաստանի անկախությանը, դա հո օդից վերցրած հայտարարություն չէ՞ր: Բնականաբար, ոնց հրահանգել էին ԿԳԲ-ից, այդպես էլ արել էին:
Սա նշանակում է, որ Մարիուս Յուզբաշյանը խիստ ինֆորմացված էր ՀՅԴ-ի գործունեության, ՀՅԴ անդամների վերաբերյալ, շատ լավ գիտեր, թե ովքեր են ԿԳԲ-ի գործակալներ, գիտեր՝ ում միջոցով էին վերահսկում ՀՅԴ-ի գործունեությունը: Այսքանից հետո ո՞վ պետք է շահագրգռված լիներ, որ Մարիուս Յուզբաշյանը չխոսեր, իր իմացած փաստերը չհրապարակեր: