Վազգեն Մանուկյանը Գյումրիում իր ճանապարհը փակած քաղաքացիներին «բոմժ» էր անվանել: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով այս դրվագը, ասել է.
«Անկեղծորեն պետք է ասեմ, որ իմ համար բացարձակ անընդունելի և անթույլատրելի է նման ձևակերպումը: Ես մշտապես ասել եմ, որ իմ համար բացարձակ անընդունելի է հասարակության ներսում սևերի ու սպիտակների, լավերի ու վատերի բաժանումները կամ ցանկացած այլ տեսակի տարբերակումները: Մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ և ունենք ընդամենը մեկ հայրենիք:
Բոլորն էլ գիտեն, հայրաքաղաք Գյումրին և արարող ու ստեղծագործող գյումրեցիներն իմ համար ունեն առանձնահատուկ նշանակություն: Ես հույս ունեմ, որ քաղաքական լեքսիկոնին անհարիր ձևակերպումները որևէ կերպ չեն նսեմացնի մեր թասիբով գյումրեցիների արժանապատվությունը: Ես մշտապես լինելու եմ Հայաստանի ամենաջերմ և հյուրընկալ, ադաթներով ու ավանդույթներով հարուստ Գյումրիի և գյումրեցու կողքին»:
«ՉԻ». Գրողը տանի, Գագիկ Ծառուկյանը Վազգեն Մանուկյանին բարեկրթության դասեր է տալիս: Միայն թե չմտածեք, թե սա հեգնանքով ենք ասում: Բացարձակ: Ծառուկյանի խոսքում հեգնանքի արժանի բառ անգամ չկա: Հստակ, տեղը տեղին Վազգեն Մանուկյանին ցեխն է կոխել: 10-ով զրո է արել:
Այդ Վազգեն Մանուկյանն է, որ մինչև հիմա չի հասկացել, թե իր քաղաքական նշաձողն ինչքան է ընկել, եթե Գագիկ Ծառուկյանն իրեն խորհուրդ է տալիս ավելի պարկեշտ ու զուսպ լինել: Չնայած, դա անիմաստ է, որովհետև Վազգեն Մանուկյանն այն մարդը չէ, որը որևէ մեկի խորհրդին ականջալուր լինի: Ընդհակառակը, դեռ մի բան էլ հայտարարում է, թե լավ է արել՝ ասել է:
Իսկ Գագիկ Ծառուկյանին խորհուրդ կտայինք ավելի նորմալ առաջնորդացու կամ վարչապետացու գտնել: Ավելին ասենք. ինքը ազգը փրկելու շարժումը ղեկավարեր, ընդդիմության՝ հեղաշրջում անելու շանսերն ավելի մեծ կլինեին: