...

Գասպարյան Վովայի ապաշնորհ «դերասանությունը»

Գասպարյան Վովայի ապաշնորհ «դերասանությունը»

Պետականության վերականգնման տոնի առիթով իր շնորհավորական տեքստը նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը եզրափակել է մի չարագուշակ ու վախճանաբանական «մարգարեությամբ»։ Նկարագրելով առաջին հանրապետության վախճանի պատմությունը՝ այն համեմատության մեջ է դնում այսօր ստեղծված իրավիճակի հետ ու քար գլորում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ու հեղափոխական իշխանության վրա։

«Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա, ժամանակների և իրադարձությունների սիմվոլիզմ կա: Ու տագնապ կա, որ հանրության բարոյական անկումը, հասարակական-քաղաքական-տնտեսական էլիտայի դեֆորմացիան, բանակի անվանարկումը, Եկեղեցու մերժումը, ստախոսության ու կեղծիքի գրոհը չկանգնեցնելու դեպքում նորից աղուհացով դիմավորելու ենք ինչ-որ մեկի բանակին:

Այդպես է. իր Աստծուն մերժողը, օտար աստվածներ է պաշտում...»,- գրում է Գասպարյան Վովան։

Վովա Գասպարյանը չկայացած դերասան է, սակայն դերասանական որոշակի շնորհներ ունի։ Արտիստական այդ շնորհները նա լիովին օգտագործել է ոստիկանապետի պաշտոնում իր գործունեության ընթացքում՝ ոստիկանության կոլեգիայի նիստերի ժամանակ իր դերասանական բոցաշունչ ելույթներով, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բեմականացված մոմավառությամբ, «Ես Գասպարյան Վովա՜ն եմ, ես Վովա՜ն եմ» ողբերգա-կատակերգական ոճի մենախոսությամբ։

Վովա Գասպարյանը միշտ խաղացել ու խաղում է, այսինքն՝ դերասանություն է արել ու անում։ Այլ խնդիր է, թե ինչքանո՞վ է այդ դերասանությունը հաջողվել նրա մոտ, կատարած դերերը համոզի՞չ են եղել, թե՝ ոչ։ Գնահատելը ճաշակի հարց է։

Արդ, մայիսի 28-ի առթիվ իր վախճանաբանական տեքստի մեջ՝ թվերի, ժամանակների և իրադարձությունների սիմվոլիզմի ակնարկումներով, ի՞նչ է ուզում ասել ոստիկան ու դերասան Գասպարյան Վովան։

Ուզում է ասել, որ հեղափոխությունը աղետ է Հայաստանի համար, հեղափոխական իշխանությունը բարոյալքում է հասարակությանը, կործանում երկիրը, մերժում եկեղեցին, հեղինակազրկում բանակը, ստեր ու կեղծիքներ տարածում և այդ ամենից եզրակացնում, որ նորից կարող ենք կորցնել պետականությունը (ահա տեքստի այդ հատվածը. «նորից աղուհացով դիմավորելու ենք ինչ-որ մեկի բանակին»)։

Վովա Գասպարյանը այստեղ ևս դերասանություն է անում, շատ վատ դերասանություն։ 

Հայաստանի համար աղետ է եղել նրա պաշտպանած ռոբասերժական ռեժիմը, որի ժամանակ հեղինակազրկվել են բանակն ու ոստիկանությունը, վաստակ ունեցող գեներալներին ուղղակիորեն վերածել են թալանչիների ու տուշոնկա մանվելների, եկեղեցին ու եկեղեցականությանը դարձրել իրենց քաղաքական մութ գործերի կամակատարն ու օլիգարխիկ կցորդը, թալանել ու աղքատացրել երկիրն ու ժողովրդին, հասարակությանը ներշնչել անհուսություն ու հարմարվելու կեցվածք, Հայաստանը վերածել բիրդան աղաների ճոխ արոտավայրի, տոտալ կեղծիքներով պատել ողջ հանրապետությունը, իշխանության պահպանման դիմաց երկիրն ու նրա կարևորագույն, ռազմավարական համակարգերը հանձնել օտարի գերիշխանությանը։

Ներկա իշխանություններն ինչքան էլ թերություններ ու բացեր ունենան, պատմության դասագրքերում գրվելու է, որ նրանց իրականացրած հեղափոխության շնորհիվ Հայաստանը փրկվեց ռոբասերժական աղետից։

Վովա Գասպարյանն իր շնորհավորական տեքստն ավարտում է վատ դերասանի էլ ավելի վատ խաղով. «Հիրավի, մայիսի 28-ը պայծառ ու պատմական տոն է, ազգային հարության տոն, հարյուր տարվա հեռվից մեզ ուժ տվող տոն: Հույս ունեմ՝ նաև միավորող տոն, որովհետև հատկապես այսօր մեր փրկությունը վճռական մենակներին ճանաչելու և նրանց շուրջն ազգովի միավորվելու հրաշքի մեջ է»:

Երկիրը «փրկող» «վճռական մենակների» շարքում Գասպարյան Վովան երևի նկատի ունի կոռուպցիայի գծով աշխարհի չեմպիոն խոհանոցային փեսային, ռուսական գծի մեջ խաղեր տվող, հեղափոխության շնորհիվ գեներալ դարձած, ապաշնորհ քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանին, կեղծիքների ռեկորդակիր միաբան անադեկվատներին, Աշոտյան-Շարմազանով մերժված հանրապետական դուետին, միգուցե նաև իրեն։ 

Վայ այն փրկությանը, որ ձեզնից է գալու։

Համլետ Կիրակոսյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1745 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ