ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է դատարանին միջնորդություն ներկայացրել, որ Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխվի, ասել է. «Տրամաբանությունը պարզ է` ես, ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որ «Մարտի 1»-ի հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումները պատասխան ստանան, որպեսզի բաց կողմ չլինի և նստվածք չթողնի։ Գրեթե երկու տարի է, որ դատական պրոցեսը տևում է, և հավանական է` երկար կարող է տևել։ Այդ իսկ պատճառով ես միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի նրա խափանման միջոցը փոխվի»:
«ՉԻ». Սա կոչվում է երկաթյա.. ոչ, ոչ՝ չուգունե տրամաբանություն: Այսինքն, քոչարյանական փաստաբանների խումբը հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով փորձում է խափանել Մարտի 1-ի դատավարության սկիզբը, հարյուրավոր միջնորդություններով անընդհատ ձգձգում է այն, ու հիմա ասում են. դե գիտեք, քանի որ շատ երկար տևեց այս դատաքննության պրոցեսը, եկեք Քոչարյանի խափանման միջոցը փոխենք:
Իրենք երկարաձգում են, իրենք էլ ասում են՝ երկար է տևում:
Իսկ եթե Կարեն Կարապետյանը շատ է ցանկանում, որ «Մարտի 1»-ի հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումները պատասխան ստանան, թող Քոչարյանի փաստաբաններին կոչ անի դադարեցնել արհեստական ու շինծու միջնորդություններով դատաքննությունը ձգձգել, թող դատավարությունը սկսվի, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Ոնց որ թե սա ավելի տրամաբանական է: Բայց «Գազի Կարենի» տրամաբանությունն ուրիշ է, հո զոռով չի: