Ինքը հռչակվել է նախկին վարչապետների կլուբի գերագույն գլխավոր հրամանատար: Ու հիմա գնում է սաֆարիի: Ինքն է, Վազգենն է, Խոսրովն է, Կարենն է:
Սարեր, ձորեր են անցնում, որտեղ ժողովուրդ են տեսնում, սուսուփուս են գնում, որտեղ վտանգ է՝ կուզեկուզ:
Գնում, գնում են, մին էլ Առինջումը տեսնում են երեք հատ գազանանոց: Երկու գազանանոցում կենդանի չկա, մնի մեջ էլ իսկի շուն չկա: Մին էլ, ըհը՛, մտիկ են տալիս, որ էս անշուն գազանանոցում երեք հատ առյուծ, ճչում, մռնչում են. երկուսը՝ ալբինոս, մինն էլ կենդանի չի:
- Վազգե'ն, տո՛ւր հա, տո՛ւր։
- Թե բա՝ 20 րոպեից։
- Խոսրո'վ, տո՛ւր հա, տո՛ւր։
- Ես քյառ եմ, քյառ:
- Կարե'ն, գոնե դո՛ւ։
- Ես Ռուսաստան եմ:
- Բա ի՞նչ անենք:
Ինքը ալբանական կարճ ու երկար, հաստ ու բարակ հրացանը վերցնում, նշան է բռնում, մին էլ տրա՜ք, ու կրակում... Զարկում է էնպես, որ էս անկենդան առյուծը փռվում է գետնին: Ինքը հերոսաբար թամքում է էս սատկած առյուծը ու ձեն տալիս. «Գյադե՛ք, մի դենը գնացեք»: Գյադեքը դենն են գնում: «Գյադե՛ք, հիմի էլ դեսը գնացեք»: Այս անգամ էլ դեսն են գնում:
- Վազգե՛ն, նկարի՛:
- Թե բա՝ գնացքում կորցրել եմ:
- Խոսրո՛վ, նկարի՛:
- Ես կույր եմ, կույր:
- Կարե՛ն, գոնե դո՛ւ։
- Ասենք թե, նկարեցի, բա որ առյուծը հանկարծ գա ու ինձ ուտի...
Ճարը կտրած, ջեբից հանում է Շվեդիայից բերած Nokia-ն՝ երեք կնոպկով, երկուսը չեն աշխատում, էն մինն էլ իսկի չկա: Էդ չեղած կնոպկովը իրեն սելֆի է անում, երկուսը՝ պրոֆիլ, մինը՝ անֆաս:
Էսպես սատկած առյուծը շալկած, շատ են գնում, թե քիչ, մին էր դեմները դուրս է գալիս մի սուրբ դեսպան:
- Եկե՜լ եմ,- ձայն է տալի դեսպանը։
- Ո՞րտեղից ես եկել,- հարցնում է ինքը:
- Ծովի էն ափից։
- Ընչո՞վ ես եկել։
- Չայնիկը միացրել եմ, վրեն նստել եմ, եկել։
- Ուրեմն՝ ծովը պստիկ է եղել։
- Ի՜նչ պստիկ, սուրհանդակը չի կարող երկու օրում թռչի, ետ գա։
- Ուրեմն՝ սուրհանդակը փուչ է եղել։
- Ի՜նչ փուչ. դրա օֆիսի կրիշը քաղաք է ծածկում։
- Ուրեմն՝ քաղաքը շատ է փոքրիկ։
- Ի՜նչ փոքրիկ. իմ օբյեկտների մի ծայրից մյուսը չեմ հասնի։
- Ուրեմն՝ թզուկ ես:
- Ի՜նչ թզուկ. որ Երևանից սուրհանդակը մեսիջ ուղարկի, ձենը ականջիս չի հասնիլ։
- Ուրեմն՝ խուլ ես:
- Ի՜նչ խուլ. սարում որ մեկին գաղտնալսեն, ես կլսեմ։
Ինքը մնում է կապված-մոլորված, զգում է, որ դեսպանը շատ քոքվածն է. բյուջե չկերած, տելեվիզըր նայած, աշխարհքը տեսած, մազերը ֆենած, էլ չի իմանում՝ ինչ ասի: Գնաց ջոջը, քաշեց պոչը:
Արթնանում է «Նաիրի» ԲԿ-ում: