...

Գեղամյան - 2020

Գեղամյան - 2020

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում չի պաշտպանելու թեկնածուներից որևէ մեկին: «Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին, քանզի նրանց հետ գաղափարական տարաձայնություններն ու տեսակային տարբերություններն ակնհայտ են։ Իմ անցած ուղին և մեզ քվե վստահած ընտրողի պատգամն այլ բան չեն էլ ենթադրում»։

Մարտի 30-ին, այսինքն՝ 4 օր առաջ, անդրադառնալով Արցախի նախագահական ընտրությունների արդյունքներին, ապշեցուցիչ նմանություն էինք նկատել այս ընտրությունների և 2003 թվականին ՀՀ նախագահական ընտրություննների առաջին փուլի արդյունքների միջև: 

Ըստ էության, նույն քաղաքական տեխնոլոգիաներն են կիրառվել երկու դեպքում: Հիշեցնենք, որ 2003-ին Ռոբերտ Քոչարյանը «հավաքել» է 49,8 տոկոս, 2020-ին Արայիկ Հարությունյանը՝ 49,26 տոկոս: 2003-ին ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանը ստացել է 28,3 տոկոս, 2020-ին Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոս: 2003թ. իշխանությունների ական Արտաշես Գեղամյանը ստացել է 17,4 տոկոս, 2020-ին Վիտալի Բալասանյանը՝ 14,7 տոկոս: 

Նշել էինք նաև, որ դերերն են բաժանված եղել նույն կերպ. իշխանության թեկնածու, ընդդիմության թեկնածու, ական: 2003 թվականին ական ասելով՝ նկատի ունեինք Արտաշես Գեղամյանին:

Միայն մի նմանության մասին չէինք նշել: 2003թ. նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո երրորդ տեղ գրաված Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ երկրորդ փուլում ոչ մեկի թեկնածությունը չի պաշտպանելու: 2020 թվականի Արցախի նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո երրորդ տեղ գրաված Վիտալի Բալասանյանը հայտարարում է, որ երկրորդ փուլում ոչ մեկին չի աջակցելու: 

Մենք մի ուրիշ նմանություն էլ կարող ենք ներկայացնել. 2003 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո Գեղամյանը հետևյալ կերպ էր բացատրել, թե ինչու չի աջակցելու ընդդիմությանը, մեջբերում ենք. «Ոչնչով իրենց օգնել չեմ կարող, և ընդդիմության մասին մեր պատկերացումները խիստ տարբերվում են»:

Իսկ Վիտալի Բալասանյանն էլ 2020-ին հայտարարում է, մեջբերում ենք. «Քանզի նրանց հետ գաղափարական տարաձայնություններն ու տեսակային տարբերություններն ակնհայտ են»: Ոնց որ նախադասությունները նույն տետրից արտագրած լինեն, նույն քաղտեխնոլոգը գրած լինի:

Տեսնո՞ւմ եք, ինչքան ժամանակ է անցել 2003 թվականից ի վեր, ինչքան ջրեր են հոսել, քանի ընտրություն է եղել, իսկ ականի ու հաճախորդի մեխանիզմը անխափան գործում է: Ընտրություններում բացարձակապես նույն դերակատարումն է վերապահված եղել Արտաշես Գեղամյանին ու Վիտալի Բալասանյանին: Այն ժամանակ Գեղամյանին օգտագործեցին, քանի որ իր ճվճվոցի ու լացակումած կլկլոցների հաշվին արդեն որոշակի ընտրազանգված էր ձեռք բերել:

Վիտալի Բալասանյանի դեպքում էլ օգտագործեցին նրա հերոսական անցյալը: ՀՀ իշխանությունների, տարատեսակ սորոսների դեմ ճվճվոցներն էլ դրա հետ միասին որոշակի ընտրազանգված ապահովեցին: 

Մենք ոչինչ չենք հնարել, ինչ որ այստեղ գրել ենք, բացառապես փաստերի հիման վրա է:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1463 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ