...

Գեղարքունիքի մարզպետի երկու օրը մեկ տրվող ասուլիսների զավեշտը

Գեղարքունիքի մարզպետի երկու օրը մեկ տրվող ասուլիսների զավեշտը

«Գեղարքունիքի մարզում ասֆալտապատումը կատարվել է այնքան, որքան  չի կատարվել ամբողջ Հայաստանում». Գնել Սանոսյան:

Ասուլիսի նկարն էլ իր ֆեսբուքյան էջում մարզպետը վերնագրել է. «Իմ սեր, իմ Սևան...»:

«ՉԻ». Իհարկե, ասվածը չափազանցված է, հատկապես, երբ ասֆալտապատումը մարզպետը վերագրում է իրեն։ 

Բայց քանի որ մարզպետը նաև Սևանի հանդեպ իր սերն է արտահայտում, այն աստիճան, որ Սևանի ափին է ասուլիս տալիս, ասուլիսն էլ վերնագրում. «Իմ սեր, իմ Սևան...», ուստի հենց այդ կետից էլ սկսենք։ 

Մի զոնԹիկ բռնող լիներ, Գեղարքունիքի մարզպետի գլխին պահեր։ Մի տեսակ էն չի, էլի. մարդը նստել է Սևանի ափին ու ասուլիս է տալիս ձեզ համար, իսկ դուք` անխիղճներդ, մի զոնԹիկի եղածն ի՞նչ էր, որ չէիք պահել, որ չարևահարվեր էդ մարդը։ 

Շոգին մի բաժակ ջուր չդնելն ու միայն ալկոգել դնելը պատահականությո՞ւն է, թե՞ դիտավորություն:

Ինչ որ է։ 

Ամբողջ ասուլիսը դժվար կլիներ նայել ու մեկնաբանել, որովհետև ծայրաստիճան ինքնահավան մարզպետի ու ոչինչ չասող բաների մասին լսելն, ինքնըստինքյան, զավեշտալի է, անհետաքրքիր ու ծանծաղ։  

Փաստորեն, ասֆալտ փռելը, ճանապարհ սարքելը մարզպետը մատի փաթաթան է արել։ Այն դեպքում, երբ մենք տեսնում ենք, թե անգամ սահմանամերձ համայնքներում ինչպիսի ճանապարհներ են վերակառուցվել ու կառուցվել։ Բայց այդ ամենը վերագրել մարզպետին, ծիծաղահարույց է։

Լավ, դա էլ անցնենք։ Մարզպետ-ձյային ո՞ր մի խելքի տոպրակն էր առաջարկել Սևանի ափին ասուլիս տալ։ Տեսնես Սևանի ճանապարհը որտեղի՞ց էին փակել տվել, որ ծիտն իր թևով չգար նստեր ու չխանգարեր, որ ձայնը լավ լսվեր։

Դա էլ մի կողմ։ Ուզում եմ հասկանալ՝ այն լրատվամիջոցները, որոնք պատկանում են արյունարբու Քոչարյանին ու Միշիկին, ի՞նչ հետաքրքրության համար էին հասել Սևան: Սովորաբար այդ լրատվամիջոցները հայտնվում են այնտեղ, որտեղ իշխանությունների հասցեին կեղտոտ, ոչինչ չասող բաներ են կարուձևում ու վավաշոտ տեքստեր են գրվում։ Եվ դա ոչ մի ձևով աղերս չունի ազատ խոսքի հետ, որովհետև լրատվամիջոցների տեռորը իշխանությունների դեմ ակնհայտ է, և հատկապես այն լրատվամիջոցի, որն առաջին տեղում էր ու առաջինն էլ հայտնվել էր մարզպետի քովը։

Այստեղ ընդամենը մի բան կարող ենք ասել` ասեղ տնկելու, հովին նստելու փոխարեն գործ արեք, ընկեր մարզպետ։ Խայտառակ վիճակում է մարզի առողջապահությունը, այն էլ այս համաճարակի պայմաններում. քանի-քանի դեպքեր են եղել, երբ մարզից հիվանդներին անգամ չեն տեղափոխել մայրաքաղաք, որովհետև մի քանիսը, որոնք ձեր անմիջական մասնակցությամբ գործի եք առել, չեն տիրապետում առողջապահական համակարգին վերաբերող նրբություններին անգամ։ Էլ չեմ խոսում կրթության, մշակույթի, գյուղատնտեսության մասին, որոնց նկատմամբ ուշադրությունն առաջնային տեղում պետք է լիներ։

Հիմա իրենից գոհ նստել է ու ասֆալտապատումից է խոսում։ Չէ, ընկեր մարզպետ, ասֆալտապատումը մենաշնորհելով չի, որովհետև դա ձեր մտքի իրականացվելիք գործերից չէ։ Ինչ որ է, Սևանի ջրերով փառավորվեք, որովհետև չեմ կասկածում, որ մի օր էլ, հաջորդ ասուլիսին, ջրերում լողլող անելուց կտաք-կասեք, թե Սևանը ընդլայնվել է ձեր շնորհիվ, ջրերն էլ չցամաքելու համար չեք քնել, դույլով ջուր եք կրել, որ չպակասի, ավելանա։ Լավ, Սևանը դուք եք հորինել։ Ձեր սրտով լինի, չնեղսրտեք։ 

Մյուս մարզպետներից լավագույնը երևալու համար մյուս անգամ խորհուրդ կտանք Արագածի փեշին, զով քամու տակ ասուլիս տաք, որ հետո բարձրից երևաք ու ձեր ներկայությամբ ստվեր գցեք մյուս մարզպետների կատարած աշխատանքի վրա։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1807 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ