...

Գենացվալե, Սաքարթվելո

Գենացվալե, Սաքարթվելո

Վրաստանն էլ գնաց Եվրո-2024: Երեկ Թբիլիսիում խելահեղություն էր, ենթադրում ենք նույնպիսի մթնոլորտ էր, ինչպես Երևանում 1973-ին, երբ «Արարատը» չեմպիոն դարձավ: Հույներին հաղթելով, վրացիներն առաջին անգամ պատմության մեջ եվրոպական խոշորագույն մրցաշարին կմասնակցնեն, ինչն արդեն մեծագույն նվաճում է: Տեսաք, չէ՞, ինչ էր կատարվում Թբիլիսիի ստադիոնում, ինչ ուրախություն էր:

Իմիջայլոց, մեր հայերը վրացիներին հավասար ուրախանում էին, շնորհավորում նրանց, վրացական դրոշ-լոգո դնում իրենց էջերում: Բա ի՞նչ անեն: Մեր հավաքականից հույսները կտրել են: Վրացիները չորս օրում երկու խաղ անցկացրին, հաղթեցին ու ուղեգիր նվաճեցին, մերոնք երկու ընկերական խաղ, երկու պարտություն:

Պատճառներից մեկը, թե ինչու է մեր հավաքականը դոփում տեղում, նաև այն է, թե ինչպես են վրացիները մեծարում ու փայփայում իրենց աստղերին: Խվիչա Կվարացխելիային ուսերի վրա են տանում, նրա անունով երդվում, աղոթում նրա առողջության համար, իսկ մեր Հենրիխ Մխիթարյանի հանդեպ նման վերաբերմունքի կեսի կեսն էլ չկա: Հասցրին նրան, որ Հենոն պարզապես հեռացավ հավաքականից: Ու դաշտում մնացել են միջակություններ:

Ու մենակ սպորտում չէ այդպես: Քաղաքականությունում էլ, մենք մեր մեծերին մեծարելու, նրանց արածը գնահատելու փոխարեն տարիներ շարունակ քարկոծել, հայհոյել ու արհամարել ենք: Ու դաշտը մնացել են միջակություններ, քաղաքականությունը լաչառությունից չտարբերող բուտաֆորիկներ:

Հիմա ուզած, չուզած, վրացիներին ենք երկրպագելու Եվրո-2024-ին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   306 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ