...

Նիկոլ Փաշինյանի վրացական երազանքը

Նիկոլ Փաշինյանի վրացական երազանքը

Վրաստանում ընտրությունները կեղծվել են, թե ոչ՝ դժվար է ասել, բայց որ այդ ընտրությունների բովանդակությունն ի սկզբանե կեղծվել է՝ դա հաստատ։ Ամիսներ շարունակ հարցը ներկայացվում էր (ու այսօր էլ ներկայացվում է) այնպես, թե իբր Վրաստանում իշխանության համար պայքարում էին արևմտամետ ու ռուսամետ ուժերը, արդյունքներն էլ ներկայացվում են որպես Արևմուտքի պարտություն և ռուսամետների հաղթանակ։ Ոչինչ, որ իշխանությունը պահպանած «ռուսամետները» հայտարարում են, թե իրենց առաջնահերթությունը շարունակում է մնալ եվրաինտեգրումը, իսկ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնել չեն պատրաստվում։

Զավեշտն այն է, որ Հայաստանում նույնպես այդ ընտրությունների արդյունքներն ընկալվում են որպես ռուսամետների հաղթանակ, ավելին՝ անգամ զուգահեռներ են անցկացնում Հայաստանի հետ ու կանխատեսում, որ ռուսամետների հաջորդ հաղթանակը մեր երկրում է լինելու։ Մինչդեռ այս հարցում մեր և Վրաստանի միջև անգամ համեմատության եզրեր չկան։

Իրականում Վրաստանում ընտրությունը ռուսամետների և արևմտամետների միջև չէր, այնտեղ միմյանց դեմ պայքարում էին արևմտամետները (իշխանությունները) և ուլտրա-արևմտամետները (ընդդիմությունը)։ Արևմտամետները համարում էին, որ Վրաստանը պիտի ձգտի դեպի Եվրոպա, բայց՝ ո՛չ ցանկացած գնով, այսինքն՝ Արևմուտքը պիտի ըմբռնումով մոտենա իրենց դիրքորոշմանը և անպայմանորեն ԵՄ-ին անդամակցելու գին չսահմանի Վրաստանի ուկրաինացումը կամ պարզ ասած՝ ավերումը։ Իսկ ահա ուլտրա-արևմտամետները համարում էին, որ Վրաստանը պիտի հանուն եվրաինտեգրման վճարի ցանկացած գին, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի բացումն ու տասնյակ հազարավոր զոհերը։ Արդյունքում՝ հաղթեց առաջին դիրքորոշումը, ու հիմա «հավաքական Արևմուտքը» պիտի որոշի՝ ըմբռնումո՞վ է մոտենում Վրաստանի դիրքորոշմանը, թե՞ այնուամենայնիվ պնդելու է, որ Վրաստանի եվրաինտեգրման գինն անվերապահորեն սեփական երկիրը զոհաբերելու պատրաստակամությունն է։

Իսկ ինչո՞ւ ենք պնդում, որ Հայաստանի հետ համեմատության եզրեր չկան։ Որովհետև մեզանում ներքաղաքական պայքարն ընթանում է ուլտրա-արևմտամետների (իշխանությունների) և ուլտրա-ռուսամետների (տիտղոսակիր ընդդիմության) միջև։ Երկու կողմերն էլ ծայրահեղական են, որովհետև իշխանություններն արդեն տևական ժամանակ է քլունգն առած քանդում են շատից-քչից գոյություն ունեցող անվտանգության համակարգը՝ հանուն արևմտյան պատրանքային երաշխիքների, ու «ջանդամը», որ արդյունքում արդեն իսկ կորցրել ենք Արցախն ու կարող ենք կորցնել նաև Հայաստանի մի մասը, ընդդիմությունն էլ համարում է, որ հանուն «ռուսական տանիքի» կարելի է վճարել ցանկացած գին, այդ թվում՝ հրաժարվել անկախությունից։

Ուշադրություն դարձրեք՝ Վրաստանի ուլտրա-արևմտամետները կարող են պնդել, որ արդեն իսկ ինչ-որ բաներ ստացել են՝ վիզաների ազատականացում, ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ և այլն, իսկ մեր ուլտրա-արևմտամետներն առայժմ դատարկ կիսախոստումներից բացի ոչինչ չեն ստացել։ Ավելին՝ Վրաստանի չափավոր արևմտամետները հույս ունեն իրենց «չափավորության» դիմաց Ռուսաստանից ետ ստանալ Աբխազիան ու Հարավային Օսիան, իսկ մեր ուլտրա-ռուսամետներն անգամ Արցախի ամբողջական հայաթափումից հետո չհամարձակվեցին Ռուսաստանի հասցեին գոնե մի թթու խոսք ասել, ոչ էլ «ուլտրա-ռուսամետության» դիմաց Արցախը ռուսների օգնությամբ վերադարձնելու շանսերն են իրատեսական։

Այնպես որ, մնում է սպասել ու հասկանալ՝ Արևմուտքը կհամաձայնվի՞ «ըմբռնումով մոտենալ» Վրաստանի ընտրությանը և փոքր-ինչ իջեցնել այդ երկրի եվրաինտեգրման գինը, թե՞ ոչ։ Դրանից է կախված նաև այն, թե այդ նույն Արևմուտքն ի՞նչ նոր արկածախնդրություններ կպահանջի նիկոլական իշխանություններից։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   443 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ