...

Գերագույն գլխավոր հրամանատա՞ր․ չենք լսել, չենք տեսել

Գերագույն գլխավոր հրամանատա՞ր․ չենք լսել, չենք տեսել

«Ինչո՞ւ է ձեր վարչապետը գլխատել Պաշտպանության նախարարությունը՝ զրկելով նրան Գլխավոր շտաբից, չէ՞ որ, փաստացի, պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանում գոյություն չունի Գլխավոր շտաբի պետ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է արցախյան առաջին պատերազմի մասնակից, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ նշելով, որ պատերազմական գործողություններն անմիջականորեն ղեկավարում է գլխավոր շտաբն՝ իր պետով։ Մինչդեռ հիմա, գլխատելով Պաշտպանության նախարարությունը, սկսված պատերազմական իրավիճակում միակ որոշում ընդունողը դառնում է երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն՝ վարչապետը։ Արձանագրելով, որ Արցախում չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվել՝ հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած գեներալը հռետորական հարցադրում է հնչեցրել. «Իսկ ինչո՞վ են զբաղված մեր զորքերը, ի՞նչ է անում Պաշտպանության նախարարությունը, ի՞նչ քայլեր է նախաձեռնում երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը, երբ Արցախի երկնքում «Բայրաքթարներ» են պտտվում և արդեն զոհեր ունենք»։ 

Իսկ ի՞նչ է անում վարչապետը։ 

Մեր զորքերը սպասում են գլխավորի հրամանին։ Իսկ գլխավորն ասում է՝ դիմացեք, մի քիչ էլ դիմացեք, ու խաղաղության դարաշրջանը ձեզ կառնի իր գիրկը։ Ասում է՝ հանկարծ չշեղվեք մեր միակ օրակարգից՝ խաղաղություն հաստատելուց։ Համառորեն չի հասկանում, որ մինչև խաղաղության հասնենք՝ էլ բան մնացած չի լինելու, և այդժամ խաղաղությունն ինքնին վրա է հասնելու։ Գլխավորի հավատավորներն էլ պնդում են, որ եթե անգամ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, մենք պիտի շարունակենք «այն ուզել»։ Էհ ուզեք, բայց գնացեք ձեր տներում, պառկեք հարմարավետ դիվանների վրա և ուզեք։ Կասենք՝ մարդու իրավունքն է՝ ինչ ուզում է, թող ուզի։ Բայց գալ, դառնալ օրենսդիր մարմնի անդամ, իշխանության ներկայացուցիչ և շարունակել բավարարվել ուզելով՝ անմեղսունակություն է։ Այս ծանր իրավիճակում պատասխանատվության գիտակցման իսպառ բացակայությունն է, որ մարդկանց հունից հանում է։ Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե ինչո՞վ է զբաղված Պաշտպանության նախարարությունը՝ մի քիչ անտեղի հարց է։ Նախարարը մեղրամիսում էր, հիմա էլ կուսակցության համար նախընտրական քարոզչության մեջ է։ Զբաղված է, աշխատում է, իրեն պետք չէ անհանգստացնել։

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1783 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ