...

Ղալաթ ես անում, չես նստում

Ղալաթ ես անում, չես նստում

Երեկ սկսվեց Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավարությունը: Ներկայացնենք հատված նրա հայտարարությունից. «Այն պրոցեսները, որոնք սկսվել են, ունեն զուգահեռ, թաքնված այլ նպատակներ՝ ինձ ցույց տալ այս աթոռին նստած։ Ես միանում եմ միջնորդությանը, որ տեսանկարահանումն արգելվի, իսկ լուսաբանման հետ կապված որևէ խնդիր չունեմ։ Կրկնում եմ՝ եթե դատարանը որոշի թույլատրել տեսանկարահանումը, ես ամբողջ դատական պրոցեսի ընթացքում չեմ նստելու»։

«ՉԻ». Այս մի հայտարարության մեջ ամփոփված է Հայաստանի դատական համակարգի ամբողջ թշվառությունը: Թովմասյանը, որը մինչև վերջերս ամենաբարձր դատարանի նախագահն էր, իսկ հիմա ոմանց թեթև ձեռքով դարձավ նույն դատարանի լեգիտիմ դատավոր, արդարադատության հանդեպ տարրական հարգանք չունի, չի վստահում դատարանին և համոզված է եղել, որ ինքը միշտ դատող է լինելու:

Դատավորը հատուկ Թովմասյանի համար պետք է պատմական էքսկուրս աներ և հիշեցներ, թե ովքեր են նստել մեղադրյալի աթոռներին: Նրանք Թովմասյանին անգամ որպես համհարզ չէին պահի:

Թողնես՝ առավոտից երեկո դատական անկախությունից կխոսեն: Ի՞նչն է խնդիրը, նստիր տեղդ և դատարանում ապացուցիր անմեղությունդ: Ապացուցիր, որ սանիկներիդ տեղավորելով արդարադատության նախարարությունում՝ ապօրինի հրահանգներ չես տվել, չես նպաստել, որ նրանք զբաղվեն յուրացումներով:

Այս նախադեպից հետո, ընդհանրապես պետք է դատարաններից հանել մեղադրյալների աթոռները. չէ՞ որ Հայաստանում ոչ ոք չի վստահում դատական համակարգին: Այս նախադեպից հետո ոչ ոք չպետք է նստի ՍԴ-ում բոլոր այն հայցերի քննարկման ժամանակ, երբ զեկուցողը կլինի Հրայր Թովմասյանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1304 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ