...

Ղազախստանն ու Արցախը

Ղազախստանն ու Արցախը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ղազախստանում տեղի ունեցող զարգացումներին։ Նա արձանագրել է, որ Ղազախստանում և նրա շուրջը ահաբեկչության ու անկայունության գոտի ձևավորելուն միտված ծրագրերի հետևում կանգնած են ծայրահեղական խմբավորումներ ու կազմավորումներ, այդ թվում՝ պանթուրքիստական ռադիկալ շրջանակները: Այս համատեքստում Հարությունյանը ողջունել է ՀԱՊԿ-ի մուտքը Ղազախստան՝ նշելով․ «ՀԱՊԿ հավաքական ուժերի և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միանգամայն պատեհաժամ միջամտության շնորհիվ Ղազախստանի պատկան մարմինները հետամուտ են կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և դրա չեզոքացմանը»: Հետո Արցախի նախագահը զուգահեռներ է անցկացնում 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ՝ ընդգծելով․ «Միջազգային հանրության մի շարք անդամների կողմից լրջագույն ջանքերի գործադրման պայմաններում, և, մասնավորապես, ՌԴ վճռական ներդրման ու ռուսական խաղաղապահ առաքելության դերակատարության շնորհիվ հնարավոր դարձավ կանգնեցնել պատերազմը, նվազեցնել լարվածությունն ու կայունություն հաստատել մեր տարածաշրջանում»:

Վերջին մեկ շաբաթում ով ասես արտահայտվել է Ղազախստանի թեմայով։ Արայիկ Հարությունյանն էլ չուզեցավ հետ մնալ և հարկ համարեց ինչ-որ ձևով անդրադառնալ վերջին իրադարձություններին։ Բայց թե ինչպե՞ս է նա կարողացել կապ տեսնել Արցախյան պատերազմի և ղազախական դեպքերի միջև, մի քիչ անհասկանալի է մինչև ստատուսի վերջին պարբերությունը։ Խոսքը ՌԴ-ի «վճռական ներդրման» հատվածի մասին է։ Ռուսներն, անշուշտ կգնահատեն Հարությունյանի երախտապարտ կեցվածքը, բայց մեզ հետաքրքիր է, թե ինչո՞ւ Հարությունյանը 44 օր շարունակ ոչ մի վայրկյան հարկ չհամարեց իր չափով ճնշում գործադրել Փաշինյանի վրա և հայտարարել, որ պատերազմից օրեր անց ռուսների առաջարկը պետք է ընդունել։ Կամ ինչո՞ւ մինչև այդ «վճռական ներդրում» չորակեց Լավրովյան պլանը, որը հնարավորություն կտար անձամբ իրեն մնալու Արցախի նախագահ, ոչ թե դառնալու ժեկի պետ։ Ընդհանրապես, Հարությունյանը լավ կանի քաղաքական դատողություններ պարունակող գրառումներ չանի, առհասարակ՝ հրապարակային հարթակներում չխոսի։ Նրա ամեն խոսքը մեզ հիշեցնում է մեր խաբված լինելը։ Դժվար է մոռանալ, որ անգամ ամենաճակատագրական պահին, երբ թշնամին Շուշիի մատույցներում էր, Հարությունյանը շարունակում էր ստել՝ «վճռական ներդրում» ունենալով Հայաստանի պարտության հարցում։   

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1141 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ