...

Գուցե սկսեք ռեստորանի՞ց

Գուցե սկսեք ռեստորանի՞ց

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 18-ին՝ շաբաթ օրը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում մեծ միջոցառում է սպասվում։ Մեզ ասացին, որ լրանում է «Ֆլորենսի» հիմնադրման 10-ամյակը, բացի այդ՝ ռեստորանի վերևի հարկում էլ «Բենեդիկտ» կոչվող նոր սրահի պաշտոնական բացումն է լինելու, թեև սրահը տևական ժամանակ է՝ գործում է։ Ռեստորանի ադմինիստրացիան թերևս որոշել է «Ֆլորենսի» հոբելյանական տարեդարձն ու «Բենեդիկտի» բացումը միասին նշել, իհարկե՝ ոչ այնպես գունագեղ, ինչպես սեպտեմբերի 21-ի «զոհերի հիշատակին նվիրված» անկախության օրն են նշելու ՀՀ իշխանությունները։ Միջոցառումը հրավիրատոմսերով է լինելու, որոնք արդեն ուղարկվում են հասցեատերերին։ Հյուրերը հիմնականում գործարար աշխարհի ներկայացուցիչներ են լինելու, հնարավոր է՝ Կարեն Կարապետյանը ևս ներկա լինի»։

«ՉԻ». Սա ընդդիմադիր պատգամավորների համար սեպտեմբերի 21-ից առաջ նախավարժանք անցկացնելու հրաշալի առիթ է: Կարող են շարքերով շարժվել դեպի «Ֆլորենս» ու փորձել խոչընդոտել ռեստորանի ծնունդը նշելու արարողությունը:

Ի վերջո Կարեն Կարապետյանը հասարակ ռեստորանատեր չէ, զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը, եղել է ՀՀԿ առաջին համարը, Քոչարյանի հաղթանակի դեպքում վերադառնալու էր կառավարություն: Կարող են շարժվել ռեստորան ու հարցնել նրան, թե ինչու է հիմա նշում ռեստորանի ծնունդը: Թող անցներ ևս մի քանի ամիս, լրանար 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների մեկ տարին, սիրտը ինչ ծնունդ ուզում էր՝ թող աներ: Ի վերջո ռեստորանը դժվար նեղանար, որ ծնունդը մի քանի ամիս հետո են անում:

Այսպիսի կեղծավորության և երկակի ստանդարտների պատճառով է, որ հանրությունը չի հավատում ընդդիմադիրների կոկորդիլոսի արցունքներին:

Հ.Գ. «Ֆլորենս» ռեստորան կա նաև Ստեփանակերտում: Գոնե այնտեղ կազմակերպեիք ծնունդը՝ ազերիներին ցույց տալու, որ Արցախը կա, կանգուն է և չնայած բոլոր հանգամանքներին՝ հայ օլիգարխները շարունակելու են ներդրումներ անել այնտեղ: Ումի՞ց եք վախենում, չլինի Ալիևը հրահանգել է Ստեփանակերտում ծնունդ չանել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1681 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ