Քոչարյանական «Այլընտրանքային նախագիծ» խմբի անդամ Էլինար Վարդանյանն ասել է. «Մեր պետության կյանքը կազմված է կամ դատերից ու քրեական գործերից, կամ համաճարակից։ Եվ մարդիկ պարբերաբար իրար և իրենք իրենց հարցնում են՝ հետո ի՞նչ է լինելու։ Բա կյանքը ե՞րբ է լավանալու, բա խնդիրները ե՞րբ են լուծվելու, բա աշխատանք ե՞րբ է լինելու և այլն, և այլն»:
Բացում ենք այսօրվա լրահոսը: Գրած է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ոստիկանության նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվել, որ նրանց գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս:
Որ Վլադիմիր Գասպարյանը 10 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում աշխատած, սակայն բնակարան ստանալու իրավունք ձեռք բերելու համար ընդամենը 6 օրով ՀՀ ոստիկանության զորքերում գրանցված, երբևէ ծառայության վայր չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած, բայց փոխարենը Վ. Գասպարյանի դստեր համար պրոդյուսերական ծառայություններ մատուցած աշխատակցին:
Որ Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական պարտականությունները չի կատարել:
Որ Լևոն Երանոսյանի հանձնարարությամբ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով կազմակերպվել է Վ. Գասպարյանի դստերն ընդամենը 3 օրով բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթաց, որով ապահովվել է վերջինիս փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելը:
Որ 114 մլն ՀՀ դրամ վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 մլն ՀՀ դրամը:
Նորից ենք թարմացնում լրահոսը: Գրած է. Պարզվել են «Եվրոմոթորս» ՓԲ ընկերության ներկայացուցիչ, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության փոխտնօրենի կողմից խաբեությամբ «Սմարթ Քոնսրաքշն» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և խմբի կազմում իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ պատրաստելու, ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավարի կողմից իր պաշտոնեական դիրքը չարաշահելու, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի տեսուչի և «Թեքնո Քազա» ՍՊ ընկերության ճարտարապետի կողմից խմբի կազմում իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ պատրաստելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Հիմա հարց ենք տալիս քոչարյանական այս ֆանատին. իրավապահ մարմինները պիտի լռեի՞ն այս հանցագործությունների վերաբերյալ: Կոծկեի՞ն: Ասեին՝ լավ, եկեք փակենք աչքներս, կորոնավիրուս է, բան է, սրա վախտը չէ: Հիմա ո՞վ է մեղավոր, որ ավազակապետության ժամանակաշրջանում բարձրաստիճան պաշտոնյաները այսպես քամել են պետությանը, հնարավոր և անհնար բոլոր տարբերակներով փող կերել, պետությանը ահռելի վնասներ պատճառել: Գյոռմամիշի պես գռփել են: Ագահության ոչ մի չափ ու սահման չեն ճանաչել:
Ավելին ասենք, սրանք ընդամենը նախկինների կատարած ղալաթների մի տոկոսն են հազիվ կազմում: Որ բոլորին հերթով թափ տաս, գրպաններից միլիոնավոր դոլարներ կթափվեն: Իրենք էլ չգիտեն, թե ինչքան են կերել: Հաշիվը վաղուց խառնել են: Այնքան են հոշոտել պետական միջոցները, որ հանգիստ կարող են հարյուրավոր լրատվամիջոցներ պահել, ահա այսպիսի վերլուծաբանների բանակ կերակրել:
Ոնց էին ասո՞ւմ. իշխանությունը այլասերում է, բացարձակ իշխանությունը՝ այլասերում բացարձակապես: Նախկինները բացարձակ իշխանություն ունենալով, այլասերվածության ռեկորդներ են խփել ու ձեռի հետ էլ այլասերում են իրենց վարձկաններին:
Այնպես որ, Էլինար Վարդանյանին և իր պես «մտահոգվածներին» կխնդրեինք մի երկու բառով, շատ չէ, երկու բառով էլ անդրադառնալ ահա այս երևույթներին, փող ուտողներին: Եթե, իհարկե, անաչառության տարրեր ունեն: