...

Հաղթանակները պարտության վերածողների մասին

Հաղթանակները պարտության վերածողների մասին

Թեման, թե ինչու ենք այս իրավիճակում հայտնվել, ինչպես նախորդ նյութում էինք նշել, բավական առաձգական է, ունի բազմաթիվ ճյուղավորումներ և մեկ-երկու հոդվածով հնարավոր չէ նշել բոլոր պատճառները:

Նախորդ անգամ ասել էինք, որ պատճառներից մեկն այն է, որ քառորդ դար շարունակ Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետության հերն անիծել են: 

Պատճառներից մյուսն այն է, որ մենք չկարողացանք տեր լինել մեր հաղթանակին: Չկարողացանք ըստ արժանվույնս գնահատել 1990-ականների պատերազմի ռազմական և քաղաքական ձեռքբերումները: Ինչպես որ շատերը նսեմացնում էին մեր անկախությունը՝ համարելով, որ այն մեզ օդից է ընկել, առանձնապես շատ չենք տանջվել այդ անկախության համար, այնպես էլ շատերը մեր հաղթանակները համարում էին աստծո օրհնություն, պատմական արդարության վերականգնում, հայի գենետիկ առավելություն ադրբեջանցու նկատմամբ: Քառորդ դար շարունակ նսեմացվել են այդ հաղթանակները, հողին հավասարեցվել այդ հաղթանակների իրական արժեքը, նշանակությունը: Էլ չենք խոսում այն մասին, թե ինչպես են հալածվել այդ հաղթանակների իրական ճարտարապետները:

Ու մինչև հիմա էլ դա շարունակվում է: Ամենաթարմ օրինակը. ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը 168-ին տված հարցազրույցում շատ հանգիստ հայտարարել է. «Մեզ ջարդեցին 1994-ին»: Վերջացավ: 1994 թվականին մենք պարտվել ենք: Երևի նրա համար, որ Բաքուն ու Գյանջան չենք գրավել: Չգիտենք, չենք կարող այս մարդկանց ուղեղի մեջ մտնել, տեսնել, թե ոնց են եկել նման եզրահանգման: 1994թ. մենք ունեցել ենք մեր ամենափառահեղ ձեռբերումներից մեկը. եռակողմ զինադադարը, շեշտում ենք՝ եռակողմ. Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջև: Այսինքն՝ Արցախը հակամարտության լիարժեք կողմ էր ճանաչվել հենց Ադրբեջանի կողմից: Ու սա կոչվում է «մեզ ջարդել»: Դե, եթե սա մեզ ջարդելն է, ապա հիմա էս նույն մարդիկ ինչի՞ են նվնվում, թե Ադրբեջանը պահանջում է չկիրառել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը: 

Ու սա ասում է մի մարդ, որը Երևանի իր բնակարանից կոչ է անում գնալ Արցախ և այնտեղ ապրել: Բոլորին, բացի իրենից: Այնպես, ինչպես Արա Պապյանն է Կանադայից հայտարարում, թե պետք է Վիլսոնի քարտեզով առաջնորդվել, Քուռ հասնել, բայց առանց իրեն ու իր զավակների: Սա ձեզ պարզապես ցույց ենք տալիս, թե ովքեր են տարիներ շարունակ մեր հաղթանակները մանրից, լեզվով, խոսքով, գործով պարտության վերածել: 

Ընդամենը մի փոքրիկ դրվագ նշեցինք, թե ինչպես ենք մենք ինքներս ուրացել մեր հաղթանակներն ու ձեռքբերումները: Դե եթե մենք չենք գնահատում մեր նվաճումները, Ալիևն ինչի՞ պիտի գնահատեր: Այսինքն՝ լավ էլ գնահատում է սրանց գործունեությունը:

Հ.Գ. Թևան Պողոսյանը հայտարարել է նաև, թե այս իրավիճակի պատասխանատուն ՀՀ և Արցախի ղեկավարներն են: Հզոր են, հզոր: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2970 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ