...

Հանկարծ չվնասեն Սեյրանյանին

Հանկարծ չվնասեն Սեյրանյանին

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանի վրա հարձակվել են վաղուց: Ընդ որում` ներսից:

Ներսից են մեր բանակի ու առաջին հերթին սպայակազմի համատարած վարկաբեկման հետևողական փորձերը, ներսից են մեր ռազմական հաջողությունների անտեսման, նսեմացման կամ նույնիսկ մերժման փորձերը, ներսից ու շատ բարձր մակարդակով է տոտալ գրոհը ազգային արժեհամակարգի դեմ, ներսից ու բարձր մակարդակով է հարձակումը լեզվի, մշակույթի, պատմության, եկեղեցու, հավատքի դեմ, դպրոցական ծրագրերի մեջ Հայ ու Հայոց եզրույթների դեմ: Ներսից են մեզ պառակտող բաժանարար գծեր ստեղծելու, հային հայի դեմ հանելու, հայի բերանով հային հայհոյելու, հայի ձեռքով հայի գլուխը ջարդելու քայլերը: Եվ ներսից այդ հարձակումը գնալով նոր ռազմավարական «թիրախներ» է հստակեցնում, նոր կարևոր «դիրքեր ու հենակետեր» է գրավում, կամ փորձում գրավել: Այդ հարձակումը սկսվել է վաղուց, բայց վերջին ամիսներին ստացել է համապարփակ տեսք` իսկական պատերազմ ազգայինի դեմ: Ու այդ «անտեսանելի պատերազմում» ռազմաճակատի գիծն անցնում է ազգայինի ու ապազգայինի, հաճախ էլ ազգայինի ու հակա-ազգայինի միջև։ Անշուշտ, այդ հարձակման մասնակիցների մեջ շատերը կան, որ չեն էլ գիտակցում, թե ինչ են անում և ում օգտին, բայց շատերն էլ հոյակապ գիտակցում են, թե ինչ են անում և ում օգտին: Ու քիչ չեն նաև դրա համար վճարվողները, տարաբնույթ անմեղ ու կրեատիվ անվանումներով «վարձկաններ» հավաքագրողները: Ներսից ու շատ կազմակերպված, ներսից ու շատ բարձր մակարդակով»:

«ՉԻ». Անհասկանալի է՝ սա ինքնախոստովանությո՞ւն է, թե՞ դաշնակցական հերթական մանիպուլյացիա՝ իբր իրենք ազգի դարդերով միակ մտահոգվողներն են, իսկ մնացածը ծառայում են օտարի շահերին:

Մեկ հարցում Սեյրանյանն իսկապես ճիշտ է: Ռազմական հաջողությունների անտեսման և նսեմացման փորձերը վաղուց են սկսվել: Օրինակ՝ դաշնակցական մամուլը նսեմացնում և անտեսում էր 90-ականների ռազմական բոլոր այն հաջողությունները, որում դաշնակցականները մասնակցություն չունեին: Հայակական բանակը ստորադասվում էր դաշնակցական ջոկատներին, փորձ էր արվում ներկայացնել, թե վերջիններս ավելի լուրջ հաջողություններ են գրանցում ռազմաճակատում, քան բանակը:

Իսկապես ճիշտ է Սեյրանյանը: Մինչ բանակը կռվում էր թշնամու դեմ, դաշնակցական վերնախավը ներքին պառակտող բաժանարար գծեր էր անցկացնում Երևանում և փորձում էր նոր դիրքեր գրավել Օպերայի շրջակայքում ու Բաղրամյան 26-ի մատույցներում:

Ինչպե՞ս չգնահատել Սեյրանյանի անկեղծությունը: Հաստատ հիշել է Դրո խմբավորմանը և մնացած ահաբեկչական կազմակերպություններին և գրել հետևյալ նախադասությունը՝ ներսից են մեզ պառակտող բաժանարար գծեր ստեղծելու, հային հայի դեմ հանելու, հայի բերանով հային հայհոյելու, հայի ձեռքով հայի գլուխը ջարդելու քայլերը:

Հուսով ենք, որ Սեյրանյանը պատկանում է իր մատնանշած մարդկանց այն խմբին, որոնք չհասկանալով են համագործակցել Քոչարյանի և Սարգսյանի ռեժիմների հետ և չգիտակցելով են սպասարկել նրանց ազգադավ օրակարգերը:

Մնում է հուսալ, որ Դաշնակցությունը ներողամտություն կցուցաբերի իր վաղեմի անդամի անկեղծության նոպայի նկատմամբ և չի ջարդի նրա գլուխը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2013 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ