...

Հանրաքվեի քարոզարշավի ինտրիգները

Հանրաքվեի քարոզարշավի ինտրիգները

Արմեն Սարգսյանը ստորագրեց, և ապրիլի 5-ին տեղի կունենա հանրաքվե: Բայց դեռևս կան շատ ինտրիգներ, որոնք էական ազդեցություն կունենան հանրաքվեի արդյունքների և հետագա քաղաքական գործընթացների վրա:

Նախ, մինչև փետրվարի 27-ը դեռ կա ժամանակ և ամենևին բացառված չէ, որ ՍԴ որոշ անդամներ հրաժարական կտան և կօգտվեն վաղաժամ թոշակի գնալու հնարավորությունից: Որքան շատ հրաժարական տան, այնքան նեղանալու է հանրաքվեի քաղաքական նշանակությունը: Հակաքարոզչությունը ներկայացնելու է, որ ամենևին հանրաքվեի անհրաժեշտություն չկար և, ի վերջո, պայքարը միայն Հրայր Թովմասյանի անձի դեմ է: Ներկայացվելու է, որ եթե անգամ Թովմասյանը մնում է, ապա լրացնելով ՍԴ դատավորների թափուր անդամների տեղը՝ հնարավոր էր հասնել այդ ինստիտուտի բալանսավորված գործունեությանը: Ի վերջո, դատարանի նախագահն ընդամենը մի անդամ է և չունի ավել լիազորություններ, քան մյուս անդամները:

Հանրաքվեի մասնակցության խնդիրը չափազանց կարևոր է: Քարոզարշավի ժամանակ իշխանությունը պետք է կարողանա հանրամատչելի բացատրել, թե ինչ մեծ նշանակություն ունի հանրաքվեն բարեփոխումների հետագա ճակատագրի վրա: Քարոզչական լուրջ աշխատանք է սպասվում ՔՊ-ին, որտեղ Հովիկ Աղազարյանի կամ Սոֆյա Հովսեփյանի ամեն մի միտք միայն վնասելու է իշխանություններին: Չափազանց խիստ պետք է ընտրվի դեբատներին ու քննարկումներին իշխանության կողմից մասնակիցների ցանկը: Ինքնապիառվելու անհագուրդ ցանկություն ունեցողները պետք է մնան «տանը», որովհետև հակառակ կողմը իրավական մանիպուլյացիաների և օրենքի տառակերության շնորհիվ կարող է ստվեր գցել հանրաքվեի քաղաքական նշանակության վրա:
Հանրաքվեի արդյունքների վրա էական ազդեցություն կունենա, եթե ՍԴ-ն մինչև ապրիլի 5-ը վճռի Քոչարյանի ճակատագիրը: Շատ մեծ հիասթափություն կլինի, եթե պարզվի հանրաքվեի առաջնային նպատակը՝ Քոչարյանին արդարադատությունից խույս տալ չթույլատրելն արդեն կախված չէ հանրաքվեի արդյունքներից: Իշխանությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի այդ սցենարը բացառելու համար: 

Իրավապահ համակարգը պետք է շատ զգոն աշխատի, քանի որ հանրաքվեի հակառակորդները գիտեն, որ չեն կարող հաղթել, բայց սադրանքների միջոցով կարող են ստվեր գցել հանրաքվեի արդարության և թափանցիկության վրա: Ռևանշի քարոզչամեքենան հենց այդ ուղղությամբ է աշխատելու՝ աննշան խախտման մասով տիեզերական աղմուկ բարձրացնելով: Իշխանությունը պետք է վերահաստատի իր կամքը, որ էյֆորիայից հետո էլ է ի վիճակի կազմակերպել ազատ և արդար ընտրություններ: 

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1703 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ