...

Հասարակության հիմարացման տեխնոլոգիաները

Հասարակության հիմարացման տեխնոլոգիաները

Այս օրերին Հայաստանի քաղաքական դաշտում և հանրային գիտակցության մեջ տեղի ունեցողը, որքան էլ փորձեն անձնավորել, իրականում պայքար է ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի և մյուսների, այլ պրագմատիզմի և արկածախնդրության (եթե կուզեք՝ ռոմանտիզմի) միջև։ Բայց այդ պայքարը, ցավոք, ուղեկցվում է կեղտոտ տեխնոլոգիաներով, որովհետև հասարակությանը բառիս բուն իմաստով հնարավորություն չի տրվում հետևել բուն բանավեճին ու սեփական եզրակացություններն անել։ Ի վերջո՝ բանավիճող կողմերից մեկն ինչ-որ բան է ասում, ու շարքային քաղաքացուն ասվածն ինքնուրույն ընկալելու համար ժամանակ է պետք, թեկուզ՝ մեկ-երկու ժամ։ Բայց այդ ժամանակը նրան չեն տալիս։ Դեռ ասելիքը չավարտած՝ այնպիսի ահավոր աղմուկ-աղաղակ են բարձրացնում, այնպիսի տիեզերական հիստերիա տարածում ու տխմար պիտակներ փակցնում, որ բուն ասելիքն էլ է մոռացվում, բանավեճի թեման էլ։ Պատկերացրեք՝ շարքային քաղաքացին տեսակետ է լսում, որ եթե կան ինչ-որ հարց կարգավորելու մի քանի տարբերակներ, ու բոլորը ցավոտ են, պետք է ընտրել ամենաքիչ ցավոտը։ Թվում է՝ ի՞նչ կա այստեղ քննարկելու, ամենավերջին կիսագրագետ «խադավիկից» սկսած ու ակադեմիկոսներով վերջացրած՝ կհամաձայնվեն, որ դա միակ ճիշտ տեսակետն է։ Բայց տեսակետը լսելուն պես շարքային քաղաքացին միացնում է հեռուստացույցը կամ մտնում «ֆեյսբուք» ու անմիջապես «տեղեկանում», որ դա դավաճանություն է, այդ տեսակետին համաձայնվելով՝ ավտոմատ կերպով ինքն էլ է դառնում դավաճան, և այլն։ 

Գիտակցաբար է հասարակության դեմ կիրառվում այս տեխնոլոգիան, թե ոչ՝ այլ հարց է, բայց հայտնի ճշմարտություն է՝ «ցանկացած երկրի հաղթելու համար անհրաժեշտ են փոքրաթիվ դավաճաններ և մեծաթիվ հիմարներ», հետևաբար՝ հակառակորդ երկրի հասարակությանը հիմարացնելու տեխնոլոգիաները պատերազմում հաղթելու կարևորագույն գործիքներից են։

Մեր դեմ այդ տեխնոլոգիաները մեծ հաջողությամբ են կիրառվում, և դա իր պատճառներն ունի։

Նախ՝ սխեման վաղուց է մշակված ու կատարելության հասցված,
երկրորդ՝ կատարողների պակաս չկա,
երրորդ՝ «բարոյահոգեբանական պարարտ հող» կա։

Պատկերացրեք՝ պատահաբար մեծ քաղաքի կենտրոնում հայտնված, խուրջինն ուսին գեղջուկը «մատնոց ֆռցնողների» ճանկն է ընկնում։ Սկզբում տանուլ է տալիս գրպանի եղած-չեղածը, հետո՝ խուրջինը, հետո՝ գյուղի տան կեսը․․․ Ողջամտությունը հուշում է, որ պետք է ժամանակին կանգ առնել, որովհետև տանուլ տվածը ետ բերելու շանսեր չկան, իսկ տան մյուս կեսը դեռ հնարավոր է փրկել, բայց ո՞վ գեղջուկին մտածելու ժամանակ կտա։ Հակառակը՝ բանդայի ծածուկ անդամներն իբր սրտացավորեն կողքից կոգևորեն, թե «էլի՛ խաղա, բա հո չե՞ս թողնելու, որ էդ սրիկաները ունեցվածքդ վայելեն»։ Ու քանի որ բանդայի անդամներն իսկապես էլ սրիկաներ են, և արդար չէ, որ վայելեն գեղջուկի ողջ կյանքի վաստակը, կողքից խաղը դադարեցնելու ցանկացած կոչ թշնամաբար է ընդունվում։ Ե՛վ բանդայի անդամների կողմից (որովհետև դա կխանգարի մինչև վերջ թալանել իրենց ճանկն ընկած միամիտին), և՛ գեղջուկի կողմից (որովհետև նա այդ խորհուրդը կընկալի որպես կորստյան հետ համակերպվելու կոչ)։ Ու հավատացեք՝ իրականում որևէ նշանակություն չունի, անպայման խաղը շարունակելու կոչեր անողները բանդայի անդամնե՞ր են, թե՞ իսկապես սրտացավ պատահական անցորդներ։ Ի՞նչ տարբերություն, եթե նույն բանն են անում։ 

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Տեսականորեն կորցրածը ետ բերելու շանսեր, իհարկե, կան․ կարելի է դիմել ոստիկանությանը և պահանջել պատժել հանցագործներին, կորցրածն էլ առգրավել ու վերադարձնել իրեն։ Բայց դա՝ տեսականորեն։ Իսկ գործնականում ոստիկանները կկանչեն հանցագործներին, որոնց տեղը վաղուց գիտեն, կպահանջեն ավարի կեսն ու հուշագիր կստորագրեն «հետագա արդյունավետ համագործակցության մասին»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1450 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ