...

Մոտենում ենք ամենավտանգավոր փուլին

Մոտենում ենք ամենավտանգավոր փուլին

1998 թ փետրվարի 3-ին հրաժարականի տեքստում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե «կյանքը ցույց կտա՝ ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն»։ Ճակատագրի հեգնանքով՝ 25 տարի անց հենց այդ հեղաշրջման առանցքային դերակատարներից մեկը՝ Սամվել Բաբայանն է բացահայտորեն պայքարում «Արցախը ծախելու» գործընթացին մասնակցելու համար։ Չէ, ինքը գլխավոր բանակցող դառնալ չի ուզում, «ընդամենը» Արցախում գործադիր իշխանություն է ուզում, այն էլ՝ ընդամենը 100 օրով, և գտնում է, որ պետք է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցել, հասկանալ, թե ինչ են ուզում, կողմերի միջև փոխվստահություն առաջացնել․․․ Մի խոսքով՝ կամաց-կամաց ինտեգրվել։ Տրամաբանությունն էլ հետևյալն է․ քանի որ Ադրբեջանն ուզում է ռուսներին դուրս մղել տարածաշրջանից, ուրեմն պիտի շտապի (քանի դեռ «Ռուսաստանի գլուխը խառն ա») և դրա դիմաց կոնկրետ գին վճարի, այն է՝ իսկապես ապահովի հայաբնակ Արցախի անվտանգությունը և նույնիսկ ինչ-որ կարգավիճակ տա։ Իհարկե՝ ով-ով, բայց ինքը լավ գիտի, թե որոնք են Ադրբեջանի իրական մտադրությունները, և ինչի է հանգեցնելու «աստիճանական ինտեգրումը», բայց դե հո բարձրաձայն չի՞ ասելու։ Դրա համար էլ փոխվստահության մասին է խոսում։ 

Սա անձերի պայքար չէ, այսինքն՝ այնպես չէ, որ մի կողմում «Ռուսաստանից ուղարկված Ռուբեն Վարդանյանն» է, մյուս կողմում՝ «Ռուսաստան մուտք գործելու իրավունք չունեցող» Սամվել Բաբայանը։ Սա «ապագա կա՛ ապագա»-ի վերաբերյալ պատկերացումների հարց է, որը մոտավորապես ձևակերպել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ հայտարարելով, թե «հիմա «Զանգեզուրի միջանցքը սարքենք տանք իրանց լավ ա՞, թե՞ Ռուբեն Վարդանյանին ասենք՝ գնա որտեղից եկել ես»։ Պարզ ասած՝ տարբերակներից մեկն Արցախի «թավշյա» հանձնումն է (այն հույսով, որ Ադրբեջանն այդքանով կբավարարվի և առանց «Զանգեզուրի միջանցք» պահանջելու խաղաղության համաձայնագիր կստորագրի), մյուսը ռուսների անժամկետ ներկայությամբ Արցախը հայաբնակ պահելու հեռանկարը՝ թեկուզ Հայաստանը «Թաթարստան» դարձնելու գնով։ Ու որպեսզի հանկարծ հասարակության մեջ այս «տարբերակների» միջև ընտրության հարց չառաջանա՝ իշխանությունները որոշեցին քրեական պատասխանատվություն սահմանել անգամ այդ թեմայով քննարկումների համար։ Շատ էլ ճիշտ արեցին, իհարկե, բայց խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, որ ոչ Արցախում ռուսների անժամկետ ներկայությունն է իրատեսական, ոչ էլ Արցախի «թավշյա ինտեգրման» գնով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու խաղաղության հաստատումն է երաշխավորված, որովհետև Ադրբեջանի ախորժակը շատ ավելի մեծ է։ Այլ կերպ ասած՝ երկու «տարբերակներն» էլ հավասարապես վտանգավոր են ու կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։ 

Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարծես թե ընտրությունն արդեն կատարել է։ Ու հիմա երևի մտածում է, թե հետագայում ինչ ձևակերպումներով պիտի իր տարակուսանքը հայտնի, եթե «անսպասելիորեն» պարզվի, որ Ռուբեն Վարդանյանին հեռացնելուց հետո էլ Ադրբեջանը չի պատրաստվում բացել ճանապարհն ու երկխոսել Արցախի հետ, կամ էլ երկխոսում է այնպիսի մակարդակով ու օրակարգով, որ ավելի լավ կլիներ ընդհանրապես չխոսեր։

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Սամվել Բաբայանն ասում է, թե մենք ու Ադրբեջանը նախ պիտի իսկապես խաղաղություն ուզենք, կարգավորենք հարաբերությունները և միայն դրանից հետո «անցնենք Ղարաբաղի կարգավիճակին», պարզ ասած՝ կարգավիճակի հարցը թողնենք ապագային։ Դա հենց այն է, ինչ նախատեսվում էր 1997 թ առաջարկված տարբերակներով, և որի ամենաակտիվ մերժողներից մեկն էլ ինքն էր։ Հետաքրքիր է՝ համարձակություն կունենա՞ գոնե հիմա ընդունել սխալը և խոստովանել, որ իրականում 1997-ի՛ն «ապագա կար ապագա», բայց ինքն ու մյուս «ոչմիթիզիստները» խաչ քաշեցին դրա վրա։

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ