...

Հայաստանը՝ կեղծ «երկակի ստանդարտների» սարդոստայնում

Հայաստանը՝ կեղծ «երկակի ստանդարտների» սարդոստայնում

Հասարակության որոշակի շրջանակներ ոգևորված են՝ ԵՄ դիտորդներն արդեն Հայաստանում են, ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունն արդեն Հայաստանում է, մի խոսքով՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև համարյա թե Հայաստանի «ընդունման-հանձնման ակտ» է տեղի ունենում։ Այդ ոգևորության հիմքում էլ այն մտայնությունն է, թե ահա Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին 1991 թ դեկտեմբերին Ալմա-Աթայում ստորագրված արձանագրությունների հիման վրա վերահաստատել միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, հիմա արևմտյան դիտորդները կգան, տեղում կհամոզվեն, որ մենք արդար ենք, ագրեսորն Ադրբեջանն է, և ամեն ինչ լավ կլինի։ 

Մեզ ընդհանրապես թվում է, որ մեր հիմնական պրոբլեմը մեկն է՝ աշխարհը չգիտի ճշմարտությունը, այ հենց որ իմանա՝ բոլոր հարցերը կլուծվեն, որովհետև ճշմարտությունը միշտ հաղթում է։ Իրականում ճշմարտությունը համարյա միշտ հաղթում է միայն հոլիվուդյան ֆիլմերում, իսկ միջազգային քաղաքականության մեջ այլ մեխանիզմներ են գործում։ 

Օրինակ՝ նույն Ալմա-Աթայում ստորագրված արձանագրություններն այն մասին էին, որ նախկին խորհրդային 8 հանրապետություններ միանում են Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի միչև ԱՊՀ ստեղծելու վերաբերյալ ստորագրված փաստաթղթին, որով այդ երկրները ճանաչում էին միմյանց տարածքային ամբողջականությունը։ Իսկ թե ինչպես են Ռուսաստանն ու Ուկրաինան ներկայումս «ճանաչում» այդ տարածքային ամբողջականությունը՝ տեսնում ենք ամեն օր։ Այլ կերպ ասած, Ալմա-Աթայի արձանագրությունների արժեքը, համենայն դեպս՝ Ռուսաստանի համար, այսօր զրո է։ Այդ նախկինում էր, որ Ռուսաստանը դեմ էր Արցախի լիակատար անկախությանը (որովհետև «իր տարածքում 20 Ղարաբաղ կար»), իսկ հիմա նախկին խորհրդային տարածքում պետությունների սահմանների վերաձևման հիմնական կողմնակիցը հենց ինքն է, այդ հարցում էլ ակնկալում է առաջին հերթին Թուրքիայի լոյալությունը։ Իսկ մենք բողոքում ենք «երկակի ստանդարտներից», որովհետև դա արդար չէ։

Հիմա՝ Արևմուտքի «երկակի ստանդարտների» մասին։ Արևմուտքը հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, բայց Կոսովոյի հարցում, օրինակ, առաջնորդվեց այլ սկզբունքով՝ պաշտպանեց ոչ թե Սերբիայի տարածքային ամբողջականությունը, այլ Կոսովոյի ինքնորոշման իրավունքը։ Իրականում այստեղ ոչ մի «երկակի ստանդարտ» չկա, ճիշտ հակառակը՝ երկու դեպքում էլ Արևմուտքը գործեց Ռուսաստանի դեմ։ Այ եթե մի դեպքում գործեր Ռուսաստանի օգտին, մեկ այլ դեպքում՝ նրա դեմ, դա կլիներ երկակի ստանդարտ։ 

Մեր դեպքում նույնպես Արևմուտքը երկակի ստանդարտներով չի գործելու, նրանք հավատարիմ են իրենց ռազմավարական շահերին և գալիս են պայքարելու Ռուսաստանի դեմ։ Իսկ դա առաջին հերթին նշանակում է վերացնել ռուսական վերահսկողությունը հայ-իրանական սահմանի նկատմամբ։ Ընդ որում՝ դա հնարավոր է անել երկու եղանակով․ կամ Հայաստանը պոկել ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից, կամ, եթե չստացվի, Սյունիքը պոկել ՀԱՊԿ անդամ Հայաստանից ու հանձնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի վերահսկողությանը։ Արդարացի է դա, թե ոչ՝ որևէ մեկին առանձնապես չի հետաքրքրում։

Ի՞նչ պիտի անեն Հայաստանի իշխանություններն այս իրավիճակում։ Միակ բանը, որ հաստատ չպիտի անեն՝ միաժամանակ երկու ուղղություններով «խաղեր տալն» է, որովհետև դա ամենավտանգավոր ճանապարհն է։ Բայց ուժային բևեռների միջև ընտրություն կատարելն էլ Նիկոլ Փաշինյանի համար է մահացու, որովհետև ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը չեն կարող վստահել մեկին, ով օրումեջ կողմնորոշում է փոխում, և ում օգտին էլ ընտրություն կատարի Հայաստանը՝ հաջորդ պահին «նոր տերը» իշխանափոխություն և ավելի հուսալի գործընկեր է պահանջելու։ 

Այստեղից էլ՝ Նիկոլ Փաշինյանի քաոսային «արտաքին քաղաքականությունն» ու պահվածքը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   683 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ