...

Հայաստանը Նիկոլի օջախն է, Երևանը՝ Թուխիկյանի աուլը

Հայաստանը Նիկոլի օջախն է, Երևանը՝ Թուխիկյանի աուլը

2014 թվականի հունիսին Երևանում բողոքի ակցիաներ անցկացվեցին, որի մասնակիցները պայքարում էին, որպեսզի Աֆրիկյանների շենքը չքանդվի, քանի որ այն պատմամշակութային մեծ արժեք էր ներկայացնում: 

Բողոքի այդ ակցիաներին մասնակցել էր նաև այն ժամանակ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, որը «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե մայրաքաղաքում որոշումներ կայացնում են մարդիկ, ովքեր Երևանի հետ կապ չունեն, պարզապես ուզում են շարունակել Հերոստրատի գործը. 

«Որովհետև այն, ինչ որ տարիներ շարունակ կատարվում է Երևանի հետ, այսինքն մաքրել այն, ինչ որ թամանյանական է, որպեսզի պատմության մեջ մնա մեկ ուրիշ անուն կամ մեկ-երկու ուրիշ անուններ: Դա ակնհայտ է: Շենքը քանդողները առանց հասկանալու խեղում մեր պատմությունն ու մշակույթը: Անբարոյականությունը շատ փոքր բառ է, շատ քիչ է բնորոշելու համար: Երևանը չի կարելի աուլի վերածել: Իսկ դրա բոլոր տենդենցները կան: Իբր ժամանակակից այս շենքերին մի նայեք, որ կառուցել են: Սրանք ստից բաներ են, և աշխարհը վաղուց անցել է այս ամեն ինչի միջով: Բայց այն, հիմա ինչ որ ուզում են քանդել, դա չկա աշխարհում, սա միակն է»:

Անցնում է 6 տարի, Նարինե Թուխիկյանը նշանակվում է ԿԳՄՍ փոխնախարար: Հիմա ներկայացնենք իր տեսակետը՝ Ֆիրդուսի թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, երբ տխրահռչակ Նարեկ Սարգսյանի ձեռամբ փորձում են քանդել այդ տարածքում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Նարինե Թուխիկյանն ասել է. «Ինչ վերաբերում է Հանրապետության փողոցի նրբանցքում գտնվող համար 11 և 6 շենքերին, դրանք չեն արժևորվել ու չեն ներառվել: Դա տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 2-ի նիստում, ես այն ժամանակ դեռ նշանակված չեմ եղել: Հանձնաժողովը գլխավորել է պարոն Արմեն Աբրոյանը»:

Անդրադառնալով վերը նշված աղյուսե շենքին, որը հանրությունը ջանում է ամեն գնով փրկել, տիկին Թուխիկյանն ասել է, որ կառուցապատողի հետ պայմանավորվել են չափագրել, նկարել և նմանատիպ շենք վերականգնել նույն թաղամասի մեկ այլ հատվածում: Շենքի ճակատը կրկնօրինակվելու է մեկ այլ վայրում: Հարցին, թե շենքը քանդել ու մեկ այլ հատվածում նմանը կառուցելու իմաստը ո՞րն է, Թուխիկյանն ասել է, այդ հատվածում ըստ արված նախագծի ճանապարհ պիտի լինի, իսկ շինությունն ընկնում է հենց մեջտեղում:

Տեսնո՞ւմ եք, թե պաշտոնն ինչպես կարող է փոխել մարդուն: 2014-ին Աֆրիկյանների շենքը քանդելը անբարոյականություն էր, սրբապծղություն, գեղցիություն: Իսկ ահա Ալավերդյանի նրբանցքում գտնվող շենքը պիտի քանդվի, որովհետև, վիձիծե լի, Նարեկ Սարգսյանի խզբզած նախագծում այդ շենքը խանգարում է: Ու Նարինե Թուխիկյանը նորմալ է համարում, որ շենքը քանդեն, և այն նույն ձևի կառուցեն, ասենք՝ Մալաթիայում: Դա նույնն է, որ մեկը Էյֆելյան աշտարակը քանդի, ասի, տանենք, Մոնմարտրի կողմերում մի հատ նորը կառուցենք: 

2014-ին Նարինե Թուխիկյանը Ֆիրդուսու թաղամասում պատմաշակութային շենք քանդելու դեպքում կասեր, որ սա Նարեկ Սարգսյանի հերթական հանցագործությունն է, նա վայելում է իշխանությունների հովանավորչությունը, որ նախագծեր կազմելիս պետք էր հաշվի առնել տարածքում առկա պատմամշակութային շինությունները, որը Նարեկ Սարգսյանը չի արել, քանի որ թքած ունի Երևանի պատմության վրա էլ, քաղաքացիների շահեր վրա էլ: Կասեր: Իսկ հիմա չի ասում: Չի ասում, որ նախագիծը պետք է լրամշակվի, որպեսզի հին շենքերից նույնիսկ մի քար չպակասի: Չի ասում, որովհետև փոխնախարար է: Թող որպես բողոքի նշան, գար այդ տարածք ու թույլ չտար, որ շենքը գաղտնագողի քանդեին: 

Սա մարդկային տրանսֆորմացիայի վառ օրինակ է: Պաշտոնն այդպիսի բան է:

Հ. Գ. Բայց հետաքրքիր է՝ ի՞նչն էր դրդել Նարինե Թուխիկյանին մասնակցել Աֆրիկյանների շենքի քանդման դեմ ակցիաներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1888 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ