...

Փավստոս Բուզանդի երազը

Փավստոս Բուզանդի երազը

Խորենացու ու Եղիշեի հետ կոնսիլիումից հետո գործուղվում է Երևան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու: Երկնքից իջնում է Արգիշտի թագավորի առանձնատուն ու սկսում քայլել դեպի Կենտրոն: «Հա՜,- զարմանում  է ինքը,- կյանքը շատ է փոխվել: Մեր ժամանակ մարդիկ դեմքերը սաղավարտով էին ծածկում, հիմա ինչ-որ փալաս-փուլուսներով»:

Արշակունյաց թագավորների պողոտա է հասնում, տեսնում է, մի խումբ ոստիկաններ մեկի ձեռ ու ոտից բռնած, քարշ են տալիս. «Մեկ ա, դիմակ չեմ կրելու, հազար անգամ էլ տուգանեք, չեմ կրելու: Սաղ էդ Նիկողայոսն է...»: «Վա՜հ, Նիկողայոս Զմյուռնացին էս բեղավոր խենթին ի՞նչ է արել, որ անունն է տալիս»:

Մոտենում է «Double Tree Hilton» հյուրանոցին: «Ի՜նչ գեղեցիկ ամրոց է, ո՞ւմն է»: Խուճուճ մազերով մի տղա իր դիմաց սկսում է թռչկոտելով պարել ու ասել. «Ո՞նց, չգիտեի՞ք, որ այս հյուրանոցը Միշիկինն է, ես գիտեի»: 

Ինքը գլուխն օրորելով շարունակում է ճամփեն, մեկ էլ մի ուրիշ ամրոց է տեսնում. «Բա էս մե՞կը»: Նորից խուճուճն է դեմը հայտնվում ու ցատկոտելով վանկարկում. «Դուք չգիտեի՞ք, որ «Օպերա սյուիթ» հյուրանոցն էլ է Միշիկինը: Ես գիտեի` բայց մի տեսակ վստահ չէի»: 

Ինքը ուշադիր նայում է, հյուրանոցի մուտքի մոտ հաճախորդներն են հերթ կանգնել. Էդմոն Մարուքեցին է, Գևորգ Գորգունին, էն խաժ աչքերովն էլ Դավիթն է:

Հասնում է Կենտրոն ու զարմացած նայում. մեռելային լռություն է: Ձայն է տալիս, արձագանքը լսում է: Ինչ-որ անշուք շենքեր են կանգնած, որտեղ մարդ չի ապրում: «Այս ի՞նչ պատկեր է, հո բան չի՞ պատահել»: Կողքի քյաբաբնոցից պատասխանում են. «Բա չիմացա՞ք: Մոտ 20 տարի առաջ մի ալբանացի ավազակ եկավ այստեղ, գրավեց երկիրը, թալանեց բոլորիս, ավիրեց քաղաքը, մարդկանց վտարեց տներից ու որպես իր հաղթանակների հուշ, հրամայեց այստեղ ալբանական շենքեր կառուցել, բայց որ այնտեղ՝ բացի իր տոհմից, ուրիշ մարդ չապրի»:

«Զի Աստծո պատիժ է այս վայրը, անիծյալ լինես»,- քրթմնջում է ինքը ու վերջապես հասնում իր փողոցին: Իսկ այնտեղ ինչ-որ մարդիկ գողեգող մոտենում են մի վարդագույն ու գեղեցիկ շենքի, մի-մի հատ աղյուս պոկում ու թողնում-փախչում: «Ինչո՞ւ եք մեղք գործում, ա՛յ որդյակներ»,- զայրանում է ինքը:

«Ձյաձ ջան, սաղ օքեյ ա: Հեսա, Տիգրան փոխարքայի զմուռսով թույլտվությունը»: «Այդ դեպքում ինչո՞ւ եք թաքուն քանդում»: «Արա՛, էս ո՞վ է էս չամուռը: Նարեկ Ալբանացին արդեն դաբրոն ստացել ա, սաղ հարցերը լուծել ա, կլնի՞ դու ղրաղ քաշվես, էդ քյարփինջը գլխիդ չընկնի, հավայի շուխուր բերես»,- պատասխանում է անհայտ շինարարը:

«Քաղաքս աուլի եք վերածել»,- աղաղակում է ինքը և հանկարծ նկատում է պատերի տակ երգող մի դերվիշի. 

Ես հեռանում եմ ամենից,
Ամեն տեսակ սուտ խաղերից
-Ես չեմ խաղում,
-Բարով մնաք...
»:

«Ի՜նչ իմաստուն դերվիշ է»,- արձագանքում է ինքը:

«Դերվիշ չի, ձյաձ ջան, ստեղի ճարտարապետն է, իր հրաժարականի մասին է հայտարարում»,- մեկնաբանում է անհայտ շինարարը:

Արթնանում է Ավարայրի ճակատամարտում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 28, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2105 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ