...

Հայկ Բաբուխանյանի երազը

Հայկ Բաբուխանյանի երազը

Վերջապես կատարվել է իր երազանքը. նշանակվել է Հայաստանում ռուսաֆիկացման վարչության պետ: Առանձին կաբինետ են տվել: Գլխավերևում պատին ամրացրել է Նոր Հայաստանի 1-ին առաջնորդ ընկեր Պուտինի նկարը: Պատուհանից հիանալի տեսարան է բացվում դեպի Կրեմլի մակետը: Կաբինետի դռանն էլ փակցրել է իր նոր ազգանունով ցուցանակը՝ Բաբախունով:

Ներս է մտնում հերթական այցելուն՝ Հրանտ Բագրատյանը: «Ընկեր Բաբախունով, ես առաջարկում եմ Հայաստանը վերանվանել Արմենիա. ողջ աշխարհում մեզ այդ անունով են ճանաչում, Հայաստանս ո՞րն է»: 

«Հրաշալի առաջարկ է, նստեք, ընկեր Բագրատյան»,- ասում է ինքը և հարցնում. «Ի դեպ, դուք չե՞ք ցանկանում ձեր անունը փոխել: Հրանտը անգլոսաքսոնական անուն է, մեր ժամանակներին համահունչ չէ»:

«Բա ի՞նչ եք առաջարկում»,- հարցնում է Բագրատյանը: «Ավելի ճիշտ չի՞, որ դառնաք Գրանտ»,- արձագանքում է ինքը:

«Չէ մի չէ, Գրանտ,- զայրանում է Բագրատյանը: -Որ հետո սաղ ինձ գրանտակեր անվանե՞ն ու ասեն՝ սա սորոսակա՞ն է»: 

«Հա, էդ մեկը ճիշտ ա»,- համաձայնում է ինքը,- մի անգամ ես Սորոսից գրանտ վերցրի, մինչև հիմա քթիցս բերում են: Գնացեք, մտածեք, հարմար անուն գտեք»:

Ինքը գրպանից հանում է «Սալյուտ» սիգարետի տուփը, միջից հանում «Մարլբորո» գլանակը, «Zippo» կրակայրիչով կպցնում ու սկսում ծխել: Քարտուղարուհին է ծնգացնում. «Ձեզ մոտ է գալիս Կրեմլի հայաստանյան թեմի առաջնորդը»: Վռազ հանգցնում է սիգարետը, դարակից հանում «Բելամորկանալը» ու սովորական լուցկիով վառում: 

Կաբինետի դռները բացվում են ու զինվորական քայլքով մտնում է Ռոբերտ Քոչարյանը: Ինքը խիստ հուզված տեղից վեր է կենում, մոտենում Քոչարյանին, մինչև գետին խոնարհվում, հետո սկսում անհագուրդ համբուրել նրա ձեռքերը, այդ ձեռքերը սեղմել կրծքին: «Դուք այս ձեռքերով եք բարևել Պուտինին, օ՜»,- հալումաշ է լինում ինքը:

«Լավ, լավ, բոլ ա: Վը՜, ա քու հետ չե՞մ, ա´ գյալմա»,- ձեռքերը հետ է քաշում Քոչարյանը:

Ինքը լրիվ բավարարված նստում է: «Տես, քե ինչ եմ ասում»,- ասում է Քոչարյանը։ «էն ծեատրալնիի դահլիճում ժողովը յաման լավ ստացվեց, Գաբրիելյանովի օգնականը հլե շատ գոհ ա, զանգեց, ասեց, թե կարում եք, տհե մի պան էլ Սծեպանակերտում արեք: Կարա՞ս քյնաս ըտե»:

«Չեմ կարող, ընկեր Քոչարյան: Հիմա ադրբեջանցիներն ու ռուսները վիզային ռեժիմ են մտցրել օտարերկրացիների համար: Ես որ դիմեմ, կմերժեն, կասեն, թաթար-մոնղոլների մուտքն արգելված է»: 

«Պահո՜, լյավ չի»,- հոգոց է հանում Քոչարյանը,- «ստացվում ա, որ ինձ էլ չեն թողնելու: Սաղ Լևոնն ա մեղավոր»:

Այդ պահին կաբինետ է մտնում Աղվան Վարդանյանը, սկզբից Բաբուխանյանի մարմինն է շոշափում, հետո՝ Քոչարյանի: «Ալբա՞ն, էս ի՞նչ ես անում»,- զարմանում է Բաբուխանյանը:

«Հեչ, ստուգում եմ, տենամ բրանեժիլետո՞վ եք»,- պատասխանում է Աղվան Վարդանյանը:

«Բայց ինչի՞»,- հարցնում է Քոչարյանը:

«Հեսա ստեղ 5 րոպեից Նիկոլը հակաահաբեկչական գործողություն է սկսելու»,- ասում է Աղվան Վարդանյանն ու Քոչարյանի ձեռքից բռնած, վազելով դուրս է գալիս կաբինետից:

«Բա ե՞ս, բա ե՞ս»,- աղիողորմ ձեն է տալիս ինքը, ուզում է փախչել, բայց ոտքերն իրեն չեն ենթարկվում: «Քաշվա»,- մտածում է ինքը ու նայում պատուհանից դուրս:

Արթնանում է ԱԱԾ մեկուսարանում:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ