Պատրաստեք այս համեղ ուտեստը:
Բաղադրիչները
9 բաժնի համար
- 3 հատ դդմիկ
- 0,5 բաժակ բլղուր
- 1 գլուխ սոխ
- 200 գ շամպինյոն
- 1 հատ գազար
- 50 գ պանիր
- 1 բաժակ ջուր
- աղ, աղացած սև պղպեղ
- 50 մլ բուսական յուղ
Պատրաստման եղանակը
- Դդմիկները լվացեք, պոչերի մասը կտրեք, որպեսզի հարթ մակերես ստանան: Դդմիկներից յուրաքանչյուրը 3 մասի բաժանեք, փոքր գդալով միջուկը հանեք, որպեսզի դդմիկները բաժակների տեսք ստանան:
- Աղաջրի մեջ եփեք բաժակները մինչև մի փոքր փափկելը՝ մոտ 2-3 րոպե: Հանեք ջրից, թողեք հովանան:
- Միջուկի համար շամպինյոնները կիսեք, մեջտեղի հատվածից 9 շերտ առանձնացրեք պահեք, մնացածը մանր կտրատեք:
- Սոխն ու գազարը խորանարդաձև կտրատեք:
- Դդմիկներից հանած միջուկի կեսն էլ կտրատեք, մյուսը կեսը պետք չի գալու:
- Բլղուրը փոքր քանակի բուսական յուղի մեջ մոտ 10 րոպե տապակեք: Ապա ավելացրեք ջուրը, աղը և միջին ուժգնության կրակի վրա կափարիչի տակ եփեք մինչև հեղուկի գոլորշիանալը:
- Շամպինյոնը գազարի, սոխի և դդմիկի կտրտած միջուկի հետ տապակեք մինչև պատրաստ լինելը:
- Տապակած բանջարեղենին ավելացրեք բլղուրը, աղն ու աղացած սև պղպեղը, խառնեք ու մոտ 5 րոպե տապակեք:
- Տապակի մեջ կարագ քսեք, դդմիկից բաժակների մեջ լցրեք պատրաստած միջուկը, վրան քերած պանիր լցրեք, դրեք շամպինյոնի շերտերն ու վրան բուսական յուղ քսեք: Տապակը մոտ 15 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
- Ջեռոցից հանեք, տեղադրեք մեծ ափսեի մեջ ու մատուցեք: