Երբ Իտալիայում սկսվում է Բարեկենդանի տոնը, ողջ երկիրը մսային, յուղոտ կերակուրներ ու անպայման քաղցր է ուտում՝ յուղաբլիթներ, օղաբլիթներ, թխվածքաբլիթներ: Դրանց մեծ մասը տապակում են յուղի մեջ, բայց մի քանիսը, ինչպես այս օղաբլիթները, պետք է ջեռոցում պատրաստել: Բարեկենդանի ոգուն համապատասխանեցնելու համար օղաբլիթների մեջ նաև գինի են ավելացնում, և շատ ուրախ աղանդեր է ստացվում:
Բաղադրիչները
8-10 բաժնի համար
- 300 գ ալյուր
- 1 բաժակ սպիտակ, չոր գինի
- 1/2 բաժակ շաքարավազ
- 1 փաթեթ կամ 10 գ փխրեցուցիչ
- 1 փաթեթ կամ 10 գ վանիլային շաքարավազ
- 1 բաժակ ձիթապտղի ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
- Պնակի մեջ խառնեք գինին, ձիթապտղի ձեթը, սովորական և վանիլային շաքարավազները: Պնակի մեջ ավելացրեք նաև ալյուրը մի փոքր աղի ու փխրեցուցիչի հետ, խմոր հունցեք:
- Խմորը ոչ մեծ մասերի բաժանեք: Մասերից յուրաքանչյուրը երշիկի նման ոլորեք ու օղակի ձև տվեք:
- Տապակի վրա կալկա դրեք ու տեղադրեք օղաբլիթները:
- Օղաբլիթները 10-15 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Մատուցեք տաք կամ սառը վիճակում:
Խորհուրդ: Օղաբլիթները պատրաստելիս կարող եք տարբեր գինիներով փորձարկումներ անել: Այս աղանդերը շատ համեղ է ստացվում կիսաքաղցր գինիներով: