Սա Զատկի ավանդական հյուրասիրություն է. ռիկոտայով կամ կովի կաթից պատրաստված այլ պանրով լցոնած փոքրիկ զամբյուղիկներ: Այս զամբյուղիկները տարածված են կղզու ողջ տարածքում, և Սարդինիայի տարբեր հատվածներում դրանք տարբեր կերպ են անվանում: Պարդուլասը Սարդինիայում պետք է Զատկի սեղանի պարտադիր զարդը լինի ու նվեր դառնա բոլոր նրանց համար, ովքեր կորոշեն հյուր գալ:
Սկսեք պատրաստել մատուցելուց 4 ժամ առաջ:
Բաղադրիչները
6-8 բաժնի համար
- 500 գ ալյուր
 - 80 գ հալեցրած խոզի ճարպ
 - աղ
 
Միջուկի համար
- 500 գ ռիկոտա պանիր
 - 150 գ ալյուր
 - 1 բաժակ շաքարավազ
 - 2 ձվի դեղնուց
 - 1 ձու
 - 1 միջին չափի նարնջի կեղև
 - մի պտղունց աղացած քրքում
 - 1 թ.գ. փխրեցուցիչ
 
Պատրաստման եղանակը
- Խմորի համար ալյուրից բլուր արեք, կենտրոնում անցք բացեք, մեջը լցրեք աղը և այնքան տաք ջուր, որպեսզի էլաստիկ, հարթ խմոր հունցեք: Աստիճանաբար ավելացրեք հալեցրած ճարպը: Խմորից գունդ արեք և 3 ժամով տեղադրեք սառնարանում:
 - Միջուկի համար նարնջի կեղևը մանր կտրատեք: Իրար հետ խառնեք ռիկոտան, նարնջի կեղևը, շաքարավազը, դեղնուցը, ձուն և քրքումը: Ալյուրը խառնեք փխրեցուցիչի հետ, ավելացրեք ռիկոտային:
 - Խմորը հանեք սառնարանից, շատ բարակ շերտով բացեք և մոտ 10 սմ տրամագծով շրջանակներ առանձնացրեք: Յուրաքանչյուր շրջանակի կենտրոնում թեյի գդալով միջուկ լցրեք:
 - Խմորի ծայրերը բարձրացրեք և այնպես ամրացրեք, որպեսզի զամբյուղիկներ ստացվեն:
 - Պարդուլասը 15 րոպեով տեղադրեք 160 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ:
 
Խորհուրդ: Երբ պարդուլասը դեռ տաք է, կարելի է վրան ջուր քսել և շաքարի փոշի ցանել: Ոմանք գերադասում են պարդուլասը մեղրով ջնարակել: Կարելի է նաև աղի պարդուլաս պատրաստել: Այդ դեպքում միջուկի համար հարկավոր է վերցնել ռիկոտա պանիր, մանր կտրտած մաղադանոս, ալյուր, քրքում և աղ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021