...

Հեշտ ու համեղ. Կարբոնադա

Հեշտ ու համեղ. Կարբոնադա

Իտալական խոհանոցի այս ուտեստը՝ կարբոնադան, ժամանակին պատրաստել են մսից, որը գտնելը հիմա շատ դժվար է: 

Բաղադրատոմսի երկու տարբերակ է եղել: Առաջին տարբերակը պատրաստել են վայրի խոզի մսից, որին ավելացրել են մեծ քանակի սոխ ու մուգ գարեջուր: 

Մյուս բաղադրատոմսի համաձայն էլ՝ անհրաժեշտ է եղել աղ դրած տավարի միս: Ընդ որում՝ այս ուտեստը շատ թանկարժեք է համարվել, ինչը կապված է եղել ոչ թե մսի, այլ աղի թանկության հետ: Ժամանակին աղ միայն ծովի աղից են ստացել, այդ իսկ պատճառով ծովից հեռու շրջաններն այս ուտեստն իրենց թույլ տալ չէին կարող:

Մենք առաջարկում ենք կարբոնադայի ժամանակակից տարբերակը՝ սովորական տավարի մսից, որից ուտեստը պակաս համեղ չի ստացվում: 

Ուտեստը սկսեք պատրաստել մատուցելուց 13 ժամ առաջ:

Բաղադրիչները

  • 500 գ տավարի փափուկ միս
  • 2 միջին չափի գազար
  • 1 ճյուղ նեխուր
  • 2 միջին գլուխ սոխ
  • մեծ գլուխ սխտորի կեսը
  • 3/4 ճ.գ. ալյուր
  • 1/2 լ կարմիր գինի
  • 1 դափնու տերև
  • աղացած դարչին, մեխակ և մշկընկույզ (мускатный орех)
  • 3 ճ.գ. խոշոր աղ
  • ձիթապտղի յուղ

Պատրաստման եղանակը

  1. Տավարի միսը կտրեք հաստ շերտերով, տեղադրեք կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցրեք, որպեսզի այն համարյա ծածկի միսը: Ավելացրեք խոշոր աղն ու դափնու տերևը:
  2. Գազարն ու նեխուրը կտրտեք փոքրիկ քառակուսիների ձևով ու ավելացրեք մսին: Սխտորը պճեղների բաժանեք, բայց մի մաքրեք, մի փոքր սեղմեք դանակի կոթով ու լցրեք դրանք նույն կաթսայի մեջ: Թողեք 12 ժամ:
  3. 12 ժամ հետո կաթսայից հանեք մսի կտորները, տեղադրեք փոքր քանակի ձիթապտղի յուղով տաքացրած թավայի մեջ, 5 րոպե տապակեք: Կաթսայի ջրից հանեք բանջարեղենը, ավելացրեք մսին: Դափնու տերևը գցեք:
  4. Բանջարեղենն ու միսը տապակեք ևս 10 րոպե:
  5. Միսը համեմեք ձեր ճաշակով: Ալյուրը խառնեք գինու հետ, ավելացրեք մսին: Թույլ կրակի վրա ևս 40 րոպե շոգեխաշեք:

Մատուցեք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ