...

Հեշտ ու համեղ. Թխվածքաբլիթ կանտուչի՝ սուրճով

Հեշտ ու համեղ. Թխվածքաբլիթ կանտուչի՝ սուրճով

Կանտուչի թխվածքաբլիթի օրիգինալ բաղադրատոմսն ամենայն հավանականությամբ ծնվել է 16-րդ դարում՝ Հռոմում: Հենց այդ ժամանակ էլ այն տարածվել է ողջ Կենտրոնական Իտալիայով ու շատ հայտնի դարձել:

Սովորաբար այս թխվածքաբլիթը մատուցում են աղանդերին՝ քաղցր գինով:

Ներկայումս կանտուչիի մեծ քանակությամբ բաղադրատոմսեր կան: Մենք ներկայացնում ենք Պերուջա քաղաքի հայտնի խոհարար Գուլյերմո Գամբերինիի հորինած տարբերակը:

Բաղադրիչները

  • 500 գ ալյուր
  • 200 գ մաքրած նուշ
  • 200 գ կարագ
  • 150 մլ թունդ սուրճ
  • 1,5 բաժակ շաքար
  • 2 ձու
  • մի բուռ չամիչ
  • 3 ճ.գ. շոկոլադի փշուրներ
  • 1 փաթեթ կամ 10 գ փխրեցուցիչ

Պատրաստման եղանակը

  1. Սուրճը լցրեք փոքրիկ կաթսայի մեջ, ավելացրեք շաքարի 2/3-ը, եփեք միջին ուժգնության կրակի վրա, մինչև հեղուկը օշարակի վերածվի՝ մոտ 5-7 րոպե: Սուրճի օշարակը վերցրեք կրակի վրայից, ավելացրեք չամիչը և թողեք սառչի: Ավելացրեք շոկոլադի փշուրներն ու հարած ձվերը:
  2. Կարագը թողեք՝ փափկի: Նուշը սրճաղացով աղացեք, ստացված փոշին ավելացրեք ալյուրին ու փխրեցուցիչին: Ավելացրեք մնացած շաքարն ու կարագը, նաև սուրճի օշարակն ու խմոր հունցեք:
  3. Խմորը լցրեք տապակի մեջ այնպես, որ բարձրությունը չգերազանցի 1,5 սմ-ը: Տապակը 20 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  4. Տապակը հանեք ջեռոցից, թողեք՝ թխվածքաբլիթը հովանա, շեղանկյունաձև կտրատեք:

Խորհուրդ: Այս թխվածքաբլիթը կարող եք պարզապես մատուցել թեյի կամ սուրճի հետ: Բայց այն ավելի համեղ է վանիլային պաղպաղակի կամ վանիլային կրեմի և, իհարկե, գինու հետ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ