...

Հեշտ ու համեղ. Լցոնած ֆոկաչչա

Հեշտ ու համեղ. Լցոնած ֆոկաչչա

Սարդինիան հայտնի է անասնապահությամբ: Այս կղզում հիմնականում ոխչար ու այծ են պահում: Հոտը տեղից տեղ է գնում, և անասնապահները ստիպված են օրերով տնից հեռու լինել: Դա է պատճառը, որ Սարդինիայում շատ են այսպես ասած «քոչվորական» ուտեստները, որոնք նախ կարելի է տեղից տեղ տանել, և երկրորդ՝ դրանք կարող են ծառայել և որպես առաջին, և որպես երկրորդ ուտեստ, լինել և՛ հաց, և՛ խավարտ: 

Այդպիսի ուտեստ է նաև լցոնած ֆոկաչչան: Այն միաժամանակ անհավանական համեղ է:

Ուտեստն սկսեք պատրաստել մատուցելուց 3-4 ժամ առաջ:

Բաղադրիչները 

  • 500 գ ալյուր
  • 12 գ թարմ խմորիչ
  • աղ

Միջուկի համար

  • 2 միջին չափի գլուխ սոխ
  • 2 միջին չափի դդմիկ կամ ցուկինի
  • 3 միջին չափի կարտոֆիլ
  • 200 գ ոչխարի պանիր
  • 1 ճ.գ. չորացրած անանուխ
  • ձիթապտղի ձեթ
  • աղ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Խմորի համար ալյուրը լցրեք պնակի մեջ կամ սեղանին ալյուրով բլուր սարքեք, վրան աղ արեք: Խմորիչը լուծեք 1/2 բաժակ տաք ջրի մեջ (38-40 աստիճան ցելսիուս): Խմորիչով ջուրը լցրեք ալյուրի վրա, խմոր հունցեք՝ անհրաժեշտության դեպքում տաք ջուր ավելացնելով:
  2. Միջուկի համար կեղևով կարտոֆիլը 30 րոպե եփեք, մաքրեք ու պատառաքաղով տրորեք: Մանր կտրատեք սոխն ու դդմիկը: Մանր քերիչով քերեք պանիրը:
  3. Սոխը 2 ճ.գ. ձեթով տապակեք մինչև փափկելը, մոտ 5 րոպե: Ավելացրեք դդմիկը և սոխի հետ միասին ևս 5 րոպե տապակեք: Տապակած դդմիկն ու սոխը լցրեք առանձին պնակի մեջ, ավելացրեք տրորած կարտոֆիլը, պանիրը, անանուխը, աղն ու աղացած սև պղպեղը: Խառնեք միջուկը:
  4. Խմորը երկու մասի բաժանեք: Դրանցից մեկը շրջանաձև, ոչ շատ բարակ շերտով բացեք: Կենտրոնում լցրեք միջուկի կեսը: Հետո խմորի ծայրերից քաշեք, արևածաղկի տերևների նման միացրեք կենտրոնում: Այդպես կարկանդակի վերևը կստացվի կիսով չափ խմորով ծածկված:
  5. Պատրաստի կարկանդակի վրա ձիթապտղի ձեթ քսեք և 30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Նույն ձևով պատրաստեք նաև երկրորդ ֆոկաչչան:
  6. Պատրաստի ֆոկաչչան կարող եք մատուցել շատ տաք, գոլ կամ սառը վիճակում:

Խորհուրդ: Ֆոկաչչայի խմորը կարող եք ավելի հետաքրքիր դարձնել, եթե նրան որոշ չորացրած բույսեր ավելացնեք՝ հազրեվարդ, խնկածաղիկ, ուրց (կամ դրանց խառնուրդը): Ֆոկաչչայի տոնական տարբերակում կարող եք եփած մսի կտորներ ավելացնել:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1016 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ