Սեմիֆրեդոն հարած սերուցքով ու տարբեր հավելումներով՝ շոկոլադով, ընկուզեղենով կամ մրգերով, սառեցված ձվային կրեմ է: Վերածննդի շրջանում այս պաղպաղակը perfetto էին անվանում, ինչը նշանակում է՝ իդեալական:
Պաղպաղակը սկսեք պատրաստել մատուցելուց 5-6 ժամ առաջ:
Բաղադրիչները
- 200 գ մեղր
- 2 ձու
- 4 ճ.գ. շաքարավազ
- 400 մլ յուղոտ սերուցք
Պատրաստման եղանակը
- Սպիտակուցներն առանձնացրեք դեղնուցներից: Դեղնուցները հարեք մեղրի հետ: Եթե մեղրը շատ խիտ է, մի քիչ տաքացրեք ջեռոցում:
- Առանձին հարեք սպիտակուցները՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը: Հարած սպիտակուցն ավելացրեք դեղնուցին ու մեղրին, ներքևից վերև շարժումով զգուշորեն խառնեք:
- Առանձին պնակի մեջ հարեք սառը սերուցքը և ավելացրեք մեղրաձվային զանգվածի մեջ:
- Ստացված խառնուրդը լցրեք առանձին բաժակների մեջ և 4-5 ժամով տեղադրեք սառցախցիկում:
- Պաղպաղակը մատուցեք՝ զարդարելով մեղրի ցանցով կամ հատապտուղներով:
Խորհուրդ: Պաղպաղակը սառցախցիկից հանեք մատուցելուց մի քանի րոպե առաջ, որպեսզի մեղրի հոտն ավելի արտահայտիչ լինի: