...

Հեշտ ու համեղ. Ոսպով և բազուկի ճավով ապուր

Հեշտ ու համեղ. Ոսպով և բազուկի ճավով ապուր

Ոսպը մեզ հայտնի հացահատիկային մշակաբույսերից ամենահինն է. այն աճեցրել են դեռևս Համաշխարհային ջրհեղեղից առաջ: Ամեն դեպքում մ.թ.ա. 7000 թվականին ոսպի մշակման մասին վկայություններ կան: Ասիայի հարավ-արևմուտքից ոսպը տարածվել է դեպի միջերկրածովյան երկրներ: 

Տարվա մեջ կա մի օր, երբ իտալացիները ոսպ են ուտում: Խոսքը Նոր տարվա մասին է: Իտալացիները վստահ են, որ եթե այդ օրը գոնե մի գդալ ոսպ ուտես, գալիք տարին հաջող ու հարուստ է լինելու: 

Փորձեք ոսպի պատրաստման սարդինյան եղանակը, որն էլ կներկայացնենք ստորև:

Ապուրն սկսեք պատրաստել մատուցելուց 13 ժամ առաջ:

Բաղադրիչները
4-6 բաժնի համար

  • 200 գ շագանակագույն ոսպ
  • 300 գ բազուկի ճավ
  • 3 միջին չափի հասած լոլիկ
  • 1 միջին չափի գլուխ սոխ
  • 100 գ շատ մանր մակարոն 
  • 4 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Ոսպը մաքրեք, վրան սառը ջուր լցրեք, 12 ժամով թողեք: Հետո ջուրը թափեք, ոսպի վրա 1,5 լիտր սառը ջուր լցրեք, հասցրեք եռման աստիճանի և թույլ կրակի վրա 1 ժամ եփեք: Եփելու վերջում աղ արեք:
  2. Բազուկի ճավը մաքրեք, հոսող ջրի տակ լվացեք, շերտերով կտրատեք: Ոսպի եփելուց 20 րոպե առաջ բազուկի ճավն ավելացրեք կաթսայի մեջ:
  3. Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, 30 վրկ մտցրեք եռացրած ջրի, ապա սառը ջրի մեջ, կեղևը, սերմերն ու հեղուկը հեռացրեք: Պտղամիսը մանր կտրատեք, սոխը մանրացրեք:
  4. Խորը թավայի մեջ տաքացրեք ձեթը, սոխը մի փոքր տապակեք՝ չթողնելով, որ գույնը փոխվի, մոտ 5 րոպե: Ավելացրեք լոլիկը, մի փոքր աղ արեք ու 3 րոպե տապակեք:
  5. Լոլիկի սոուսը ավելացրեք ոսպով ու բազուկի ճավով կաթսայի մեջ: Ավելացրեք նաև մանր մակարոնը: Եփեք մինչև մակարոնի պատրաստ լինելը, մոտ 3-5 րոպե: 
  6. Ապուրը մատուցեք տաք վիճակում:

Խորհուրդ: Ապուրի մեջ կարող եք օգտագործել ինչպես վերմիշել, այնպես էլ ձևավոր մակարոնեղեն՝ աստղիկներ, խխունջիկներ և այլն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   883 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ