...

Հեշտ ու համեղ. Տորթ «Ռիգո Յանշի»

Հեշտ ու համեղ. Տորթ «Ռիգո Յանշի»

Այս շատ համեղ աղանդերը անսովոր անվանում ունի: Ռիգո Յանշին 20-րդ դարի հայտնի գնչու ջութակահար է: Ռիգոն հայտնի է եղել ոչ միայն իր երաժշտական տաղանդների շնորհիվ: Նրան հաջողվել է գրավել ամերիկացի միլիոնատիրոջ աղջկան, որն ամուսնացած էր Բելգիայի արքայազնի հետ: Կինը ջութակահարի համար լքել է միլիոնատեր ամուսնուն: Նրանց ամուսնությունը երկար չի տևել, այդ ամուսնությունից երեխաներ չեն ծնվել, փոխարենը ծնվել է այս շոկոլադե տորթի պարզ բաղադրատոմսը:

Բաղադրիչները

Բիսկվիթի համար

  • 4 ձու
  • 3/4 բաժակ շաքարավազ
  • 110 գ ալյուր
  • 1/2 ճ. գ. եգիպտացորենի օսլա
  • շաքարի փոշի

Կրեմի համար

  • 1 լիտր սերուցք (22 տոկոս յուղայնությամբ)
  • 250 գ մուգ շոկոլադ (70 տոկոս կակաո)
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 ճ.գ. կակաոյի փոշի

Պատրաստման եղանակը

  1. Բիսկվիթի համար ձվի դեղնուցներն առանձնացրեք սպիտակուցներից: Դեղնուցները խառնեք 3/4 բաժակ շաքարավազի, ալյուրի ու օսլայի հետ այնպես, որ գնդիկներ չմնան, միատարր զանգված ստացվի:
  2. Սպիտակուցները հարեք, փայտե գդալով ներքևից վերև շարժումով լցրեք խմորի մեջ: Ստացված խմորը լցրեք տապակի մեջ, վրան կալկայով ծածկեք: Տապակը 20 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, հետո հանեք ջեռոցից, թողեք, թող հովանա:
  3. Կրեմի համար շոկոլադը հալեցրեք ջրի գոլորշու վրա, թողեք մի քիչ հովանա: Սառը սերուցքը հարեք, հարելու ընթացքում ավելացրեք շաքարավազը: Սերուցքի մեջ ավելացրեք նաև կակաոյի փոշին, խառնեք, մաս-մաս ավելացրեք նաև հալած շոկոլադը:
  4. Պատրաստի բիսկվիթը կիսեք: Մի կեսը դրեք սկուտեղի վրա, վրան քսեք սերուցքային-շոկոլադե կրեմը, ծածկեք երկրորդ կեսով: Պատրաստի աղանդերի վրա շաքարի փոշի ցանեք:

Խորհուրդ: Եթե շոկոլադը 100 գրամ ավել վերցնեք, կկարողանաք դրանով շաքարի փոշու փոխարեն ծածկել տորթը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   954 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ