Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե «մենք համարում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը, չհաշված այդ (Փառուխի և Քարագլխի) դրվագը»։ Պարզ ասած, ռուս խաղաղապահները միշտ հրաշալի կատարում են իրենց պարտականությունները՝ բացի այն դեպքերից, երբ դրանց կարիքը կա։ Այլ կերպ ասած, իրենց պահում են իսկական ջենթլմենների պես, իսկ իսկական ջենթլմենը, ինչպես ասվում է հայտնի անեկդոտում, միշտ կարողանում է պահպանել սառնասրտությունը, եթե հուզվելու որևէ առիթ չկա։
Չնայած՝ ռուս խաղաղապահների հուսալիության թեմայով ավելի լավ անեկդոտներ էլ կան։ Մեկը խանութից աթոռ է առնում, հաջորդ օրը ջարդված աթոռը վերադարձնում խանութ ու բողոքում, իսկ վաճառողը տարակուսում է՝ «չլինի՞ վրան նստել եք»։
Իսկ Արայիկ Հարությունյանը երևի ավելի ճիշտ կաներ, եթե պարզապես թվարկեր ռուս խաղաղապահների քթի տակ կատարված բոլոր ապօրինությունները՝ գազատարի պայթեցում, գնդակոծություններ, բարձրախոսներով ահաբեկումներ, Փառուխ-Քարագլուխ և այլն, ու ավելացներ՝ «а в остальном, прекрасная маркиза․․․»։