...

Ռետինե խողովա՞կ, թե՞ դդում

Ռետինե խողովա՞կ, թե՞ դդում

Գիտե՞ք՝ որն է ռետինե խողովակի՝ շլանգի և դդումի տարբերությունը։ Ռետինե խողովակ ձևանում են (ինքզինքը շլանգի տեղ դնել), իսկ դդում, այսինքն՝ բութ և անընդունակ ծնվում են։

Երեկ իշխանականները և նրանց շրջապատը անասելի հրճվանք ապրեցին և նույնքան անասելի եռանդով «ավետեցին», թե Էրդողանն ասել է․ «Եթե Հայաստանը հրաժարվի բացել «Զանգեզուրի միջանցքը», երթուղին կանցնի Իրանով»։

Հրճվանքն ու զայրույթը չէր թաքցնում հատկապես վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը, եթե հիշում եք, արևելագետի կրթություն ունի, նույնիսկ դասավանդել է Արևելագիտության ֆակուլտետում։ Պետական այս պաշտոնյան ֆեյսբուքյան էջում, «հերքելով» իշխանության ընդդիմախոսներին, գրում է․

«Էրդողանը Նախիջևանի հանդիպումից հետո պահանջել է «Զանգեզուրի միջանցքը», աղաղակեցին ծայրագավառականության կողմնակիցներին սպասարկող լրատվամիջոցները:

Հերթական կեղծիքը: Էրդողանն այդ հայտարարության մեջ ասել է, որ, թեև իրենց համար շատ ցանկալի է Հայաստանով ճանապարհը դեպի Բաքու և Միջին Ասիա, բայց, եթե չստացվի, ապա այն կանցնի Իրանով»:

Կրկնենք՝ նմանատիպ գրառումներով իշխանականները և նրանց արբանյակները անմիջապես ողողեցին համացանցը։

Չգիտենք՝ անկեղծորեն զարմանա՞նք այս տկարամտության, քաղաքական բացարձակ ապուշության վրա, թե՞ հերթական անգամ արձանագրենք, որ թուրքերը մեզնից խելացի են և մեր երկիրը բառիս բուն իմաստով կրակն են գցել հենց մերոնց ձեռքով։

Չհասկացողներին բացատրեմ։ Էրդողանը երբեք չի հրաժարվի «Զանգեզուրի միջանցքից»։ Կարծում ենք՝ նրա այս արտահայտությունն ուղղված է ՌԴ-ին։ Պարզ սպառնում է, որ եթե Սյունիքով միջանցք չլինի, Մոսկվան Կովկասից դուրս մնալու մի քայլ էլ կանի։ Բացի դրանից՝ առանց այդ էլ ռուսներն ստանձնել են համաշխարհային չարիքի դերը, մի չարիք էլ հայերիս գլխին կսարքեն։ Իսկ ինքը գոնե Իրանի համար թշնամի չի դառնա։ Առայժմ։ Մոտավորապես սա է վիճակը։

Հիմա հարց։ Մի՞թե արևելագիտական կրթություն ունեցողն այս պարզ բաները չի հասկանում։ Եթե հասկանում է և հրճվում, ուրեմն ռետինե խողովակ է։ (Ի դեպ, մեր ոխերիմ հարևանը խողովակներ շատ է արտադրում)։ Իսկ եթե չի հասկանում, պետք է փակել Արևելագիտության ֆակուլտետը և տեղում դդում աճեցնել։ Օգտակար բույս է։

Զարուհի Գաբիելյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ