...

Հրայր Թովմասյանի լեգիտիմության պակասի կարևորագույն ասպեկտի մասին չի խոսվել

Հրայր Թովմասյանի լեգիտիմության պակասի կարևորագույն ասպեկտի մասին չի խոսվել

Օրերս ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ծավալուն հոդված հրապարակեց՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ընթացող զարգացումներին, ՍԴ-ի լեգիտիմությանը, ճգնաժամից դուրս գալու ուղիներին և այլն:

Բնական է, որ դրանից հետո քոչարյանական քարոզչամեքենան պետք է հարձակվեր Վահե Գրիգորյանի վրա: Այդ հիստերիան նոր չէ: Ենթադրաբար, Հրայր Թովմասյանը քոչարյանական ինչ-որ լրատվամիջոցով պատասխան կտա, հերթական  անգամ կհայտարարի, որ ինքը ՍԴ նախագահ է, փաստաթղթերով ամեն ինչ ճիշտ է, զինվոր է, սահման է պահում, Վենետիկ-մենետիկ կխաղացնի:

Բայց կա մի հանգամանք, որի մասին չի խոսվել, չգիտենք, մենք չենք նկատել, որ այն, ինչին կցանկանայինք անդրադառնալ, նախկինում ասվել է: Խոսքը Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու լեգիտիմության բարոյական կողմի մասին է: Իսկ Հրայր Թովմասյանի լեգիտիմությունը բարոյական տեսանկյունից զրո է: 
Սա բարդ թեմա է: Պատմության, միջազգային իրավունքի, անհատ-պետություն հարաբերությունների կառուցման հիմքում լեգիտիմությունը կարևորագույն ասպեկտն է: Նորմալ պետության կայացման և զարգացման, առողջ հասարակություն ունենալու հիմքը դա է:  Ցանկացած լեգիտիմություն ճանաչվում է երեք բաղադրիչով՝ օրինականություն, բարոյականություն և արդարություն: Եթե այս բաղադրիչներից մեկը պակասում է, լեգիտիմությունը դառնում է թերի, կամ՝ ոչ լեգիտիմ:

Մի օրինակ բերենք, որ հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը. Սերժ Սարգսյանը նոր սահմանադրությամբ 2018թ. դարձավ ՀՀ վարչապետ: Մինչև այդ ՀՀ նախագահ էր: Օրինականության տեսանկյունից. կարող ենք ասել, ամեն ինչ ճիշտ էր: Ընտրություններ են եղել, ԿԸՀ-ն այն ճանաչել է՝ նշելով, որ ընտրություններում տեղ գտած խախտումները ազդեցություն չեն թողել արդյունքների վրա, նույնկերպ ընդունվել է նոր սահմանադրությունը, Ազգային Ժողովը վարչապետ է ընտրել Սերժ Սարգսյանին: 

Բարոյականության տեսանկյունից, սակայն, սա լեգիտիմ չէր. գոնե այնքանով, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ոչ մի պարագայում չի հավակնի ՀՀ նախագահի պաշտոնին, իսկ եթե ընդունվի նոր սահմանադրությունը, նաև՝ վարչապետի պաշտոնին: Բայց հետո ինքն իր հայտարարությունը դրժեց, որոշեց վարչապետ դառնալ, այսինքն՝ երկրի ղեկավարի պաշտոնը պահպանել: 

Արդարության տեսանկյունից էլ սա լեգիտիմ չէր. բոլոր վարչական, տնտեսական լծակները իշխանությունների ձեռքում էին, ընտրությունների անհրաժեշտ արդյունքները ապահովելու համար դրանք կիրառվել են զանգվածաբար, ընտրակաշառքների մեխանիզմ է եղել, «ՍԱՍ»-ի հայտնի ձայնագրության օրինակով՝ շանտաժի գործիքն է օգտագործվել, էլ չենք ասում՝ մեդիադաշտը ամբողջությամբ լծված է եղել գործող վարչախմբի շահերի սպասարկմանը: Սրանք ռեսուրսներ էին, որոնք ուներ միայն իշխանությունը և դրանք օգտագործում էր, ընդդիմությունը ոչինչ չուներ, հետևաբար, արդարության, այսինքն՝ իշխանության ձևավորման հավասար պայմաններ չկային: Ուրեմն՝ լեգիտիմության խնդիր նաև այստեղ կար:

Հիմա գանք Հրայր Թովմասյանի լեգիտիմությանը: Հրայր Թովմասյանը այս նոր Սահմանադրության հեղինակներից մեկն է: Մի կողմ թողնենք, որ նա սահմանադրությունը գրել էր հատուկ Սերժ Սարգսյանի հագով, որպեսզի վերջինս Հայաստանը հավերժ ղեկավարելու հնարավորություն ունենա: Բայց Հրայր Թովմասյանը իր հեղինակած սահմանադրության ջատագովն էր ու անընդհատ շեշտում էր, որ այն արտացոլում էր ժողովրդավարության բոլոր պահանջները, որ դա դեմոկրատիայի զարգացման նոր խթան է լինելու: Գնում, հասնում էր Եվրոպա, Վենետիկի հանձնաժողովին ներկայացնում տեքստը, թե տեսեք, ինչ հզոր քայլ ենք կատարել և մեջբերում ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Սահմանադրական դատարանն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի»:

Հրայր Թովմասյանը բազմիցս է սա ներկայացրել որպես նվաճում, թե տեսեք, սրանից հետո այլևս չենք ունենա ՍԴ ցմահ նախագահ, շուտ-շուտ փոխվելու են, էլ չեն վերընտրվի: «Արդար ա, ժողովուրդ, արդար»,- ասաց Հրայր Թովմասյանն ու դարձավ ՍԴ ցմահ նախագահ: Լավ՝ մինչև 65 տարեկանը:

Այստեղ մենք գործ ունենք բարոյականության բացակայության հետ: Որովհետև մարդը մի տեքստ է գրում, հայտարարում, որ հենց դա է իսկական ժողովրդավարականը, հայտարարում է, որ սրանից հետո այլևս ՍԴ նախագահները չեն կարող 6 տարուց ավել ղեկավարել այդ կարևոր կառույցը, հետո ինքն էլ իր իսկ խոսքերը դրժում: Ինքն իր հեղինակած իրավական փաստաթղթով ամրագրված դրույթները խախտում է: Երբ որ պիտի փայփայեր, գուրգուրեր սեփական երեխայի պես, հետևեր, որ այդ սահմանադրությունը կյանքի կոչվի, իրականանա և գործեն դրա բոլոր դրույթները: Առնվազն բարոյական տեսանկյունից Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ: Այսքան որ հիմա մեծ-մեծ խոսում է, ինչ-որ իրավունքից ու 37 թվից է խոսում, ոչ մի անգամ նա չի անդրադարձել այդ հարցին. թե որքանով է բարոյական հեղինակել և գովաբանել մի բան, որն ինքդ էլ պետք է խախտես: Մինչդեռ պետք է հարցնել. այսքանից հետո ձեզ բարոյական մարդ համարո՞ւմ եք: 

Հ.Գ. Հրայր Թովմասյանի լեգիտիմության արդարության ասպեկտի մասին խոսելն ավելորդ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1231 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ