...

Ի՞նչ ճանապարհով է Սամվել Ալեքսանյանը շարունակում առաջատար մնալ շաքարավազի շուկայում

Ի՞նչ ճանապարհով է Սամվել Ալեքսանյանը շարունակում առաջատար մնալ շաքարավազի շուկայում

Տարիների շարունակ շաքարավազի ներկրումը կենտրոնացված է եղել խոշորների ձեռքում: Սերժ Սարգսյանի պաշտոնավորման տարիներին այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ շաքարավազի ներկրմամբ զբաղվի միայն «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն: Իսկ մնացածների համար պայմաններն այնպիսին էին, որ տեղական շուկայում ներկրած ապրանքը վաճառելու դեպքում սնանկացման եզրին հայտնվեին:

«Սերժ Սարգսյանի օրոք օրենք դուրս եկավ, որ 150 դոլար պետք է մաքսատուրք մուծել, այսինքն՝ այնպես էր արված, որ ով բերեց, սկելու էր: «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն, երբ ներկրում է շաքարավազ, բերում է հումքի անվան տակ: Իսկ հումքը չի հարկվում: Եթե շաքարավազ ես բերում, 150 դոլար և այլ հարկեր պետք է վճարես: Ինքը, քանի որ մաքսատուրքեր չի վճարում, կարող է ցածր գնով վաճառել, դու էլ էդ գնով չես կարող և բանկրոտ ես լինում: Դա իրանց խաղն է: 10 տարով պայմանագիր են կապել, որ միայն Ալեքսանյանն իրավունք ունի այդ ճանապարհով ներմուծում իրականացնել»,- «ՉԻ»-ի հետ զրույցում պատմեց նախկինում շաքարավազ ներմուծած ընկերության ղեկավարը:

Նա մեզ փոխանցեց, որ Շիրակի մարզում գտվող հին շաքարավազի գործարանը Սերժ Սարգսյանը և Սամվել Ալեքսանյանը գնել են 2 միլիոնով, բայց ցույց են տվել, թե դրա գործարկման համար 20 միլիոն է ծախսվել: Այնտեղ պետք է ճակընդեղ աճեցնեին, բայց այդպես էլ չարեցին: Պատճառաբանեցին, թե հումք են ներկրում և այդտեղ շաքար արտադրում: Գործարանը, սակայն, այդպես էլ չի շահագործվել: 

Ներկայումս առևերևույթ շաքարավազի շուկայում տնտեսվարող սուբյեկտների 20 տոկոսի փոփոխություն կա:  Եթե նախկինում իրացման 91 տոկոսը բաժին է ընկել մի ընկերության, ապա այսօր առաջատար «Ալեքս հոլդինգի» մասնաբաժինը նվազել է:

ՊԵԿ-ից՝ «ՉԻ»-ին տրամադրած տվյալներով՝ 2018 թվականի ընթացքում շաքարավազ է ներմուծել 75 տնտեսվարող սուբյեկտներ: Ներմուծել են ընդհանուր առմամբ 23813,5 տոննա ծավալով շաքարավազ:

2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում շաքարավազ է ներմուծել 48 ընկերություն 8863,5 տոննա ծավալով: Այսօր իրացման ցանցերում շաքարավազի 1 կիլոգրամի արժեքը տատանվում է 250-300 դրամի սահմաններում:

Նախորդ տարվա ներկրողների ցանկում շարունակում է մնալ Աժ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն, Արսեն Արսենյանին պատկանող «Ջերմուկ ինթ.նլ պ.սի-կոլա բոթ.» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Սովռանո» ընկերությունը: Վերջինս, ըստ պետռեգիստրի տվյալների, պատկանում է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին: «Սաս Գրուպ» ՍՊԸ-ն, որը ԱԺ  նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին է, «Նոր Զովք» ՍՊԸ-ն:

2018-ին շաքարավազ ներկրողների ցանկում ավելացած նոր ընկերությունների թվում է «Գաստրո» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը, ըստ պետական ռեգիստրի, Ռուբեն Կարախանյանն է։ Ի դեպ, ըստ մամուլի, Ռուբեն Կարախանյանի թիկունքում Ռազմական ոստիկանության պետի այն ժամանակվա տեղակալ գնդապետ Հայկ Ստեփանյանն էր: Նախորդ տարի շաքարավազ ներկրող «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ն այս տարի դադարեցրել է իր մասնակցությունը շաքարավազ ներկրելու գործում:

Հարկ է նշել, որ այս ընկերությունը հենց նախորդ տարի է ստեղծվել: Ըստ պետռեգիստրի՝ հիմնադիրը Հրաչյա Շառոյանն է:

Շաքարավազի ներկրման հարցում աշխուժացել է «Արմեն-Համիկ եղբայրներ» ՀՁ ՍՊԸ-ն: Հայտնի է, որ այս ընկերությունը գոմեշի միս էր ներկրում: 

Ընկերությունը դասվում է խոշոր սուրճ արտադրողների շարքին: Ներմուծում է միս, նպարեղենի, ձեթի, գետնանուշի, խտացրած կաթի և մի շարք այլ ապրանքներ: Նաև տանիքի ծածկերի արտադրությամբ են զբաղվում:
«Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության տերերը, ըստ պետռեգիստրի, երեք հոգի են՝ Էդիկ Հովհաննիսյանը, Հայկ Մարգարյանը, Վահե Շխրտմյանը: 

ՊԵԿ-ը, հղում անելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքին, հայտնեց, որ ներմուծումների քանակը, ըստ կազմակերպությունների, հանդիսանում է գաղտնիք և ենթակա չէ տրամադրման: Այսպիսիով՝ պարզ չէ, թե կոնկրետ ինչ քանակության  շաքարավազ է շարունակում ներկրել Սամվել Ալեքսանյանը և արդյոք պահպանվել է Սերժ Սարգսյանի օրոք նրան տրված «արտոնությունները»՝ ավելի էժան գնով շաքարավազ մաքսազերծելու համար:

Եվ մնում է գաղտնիք, թե ինչ ճանապարհներով է նա պահպանում առաջատարի և մենաշնորհի հասնող դիրքը շաքարավազի շուկայում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1931 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ