...

Ով՝ էշ, ես՝ փալան կամ Սամվել Ալեքսանյանի հաջող գործարքը

Ով՝ էշ, ես՝ փալան կամ Սամվել Ալեքսանյանի հաջող գործարքը

«Կառավարությունը 2022-ի իր անդրանիկ նիստում նախատեսում է մի ձեռքով խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի հետ կապակցված անձանցից մեկից անշարժ գույք նվիրատվություն ստանալ, իսկ մյուս ձեռքով ներմուծման մաքսատուրքից ազատել Ալեքսանյանի հետ կապվող մի ձեռնարկության, որը ստեղծվել է ուղիղ երկու ամիս առաջ»,- տեղեկացրել է «Սիվիլնեթ»-ը։ Կայքի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում ներառված է հարց, ըստ որի՝ քաղաքացի Էդգար Անտոնյանը Լոռու մարզի Ձորամուտ գյուղի իր սեփական բնակելի տունը, անասնաշենքը, մառանը, ավտոտնակը և հողամասը նվիրում է Հայաստանի Հանրապետությանը։ Ըստ ՊԵԿ-ի՝ այդ հողամասի նվիրատվությունն ընդունելուց հետո ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավանի մաքսային կետ-բաժնի սահմանային հսկողությունն ավելի արդյունավետ կդառնա։

Շարունակենք․ Էդգար Անտոնյանը Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված մի քանի բիզնեսների ֆորմալ բաժնետերն է։ Նա 88 տոկոս բաժնեմաս ունի «Ալեքս տեքստիլ» ընկերությունում, իսկ մնացած 12 տոկոսը պատկանում է Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։ Էդգար Անտոնյանը նաև «Ալեքս Ալկո» և «Մակալեքս» ընկերությունների բաժնետերն է։ Այս ընկերությունները զբաղվում են ալկոհոլային խմիչքի արտադրությամբ ու վաճառքով և կապվում են Սամվել Ալեքսանյանի հետ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ, առաջարկվում է նոյեմբերի 5-ին հիմնված «Դրիմքոմփանի» ՍՊԸ-ին ավելի քան 937 միլիոն դրամի սարքավորումների ու հումքի ներմուծման մաքսատուրքերից ազատել։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին: Այն ծխախոտի արտադրութամբ զբաղվող ընկերություն է, որի անունը ևս կապվում է Սամվել Ալեքսանյանի հետ։ «Փաստացի, նախկին պատգամավորը Լոռու մարզի Սարչապետ համայնքում անշարժ գույք է նվիրում պետությանը, իսկ մեկ այլ որոշմամբ պետությունից ստանում խոշոր մաքսատուրքից ազատվելու որոշում»,- եզրակացրել է կայքը իր ծավալուն հոդվածում։

Ինչպես հիշում եք՝ Սամվել Ալեքսանյանը Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխներից էր, բայց արագորեն կարողացավ սերտաճել Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ։ Մի անգամ պատգամավորի առանձնասենյակում մենք նրա գրապահարանին դրված տեսանք երեք նախագահների նկարները՝ Տեր-Պետրոսյան, Քոչարյան և Սարգսյան։ Սարգսյանը դեռ նախագահ էր։ Զարմացանք․ հարցրեցինք՝ էս ինչպե՞ս է ստացվել, որ երեքի նկարներն էլ տեղ են գտել սենյակում, ոչինչ որ Սարգսյանինը մեծադիր էր ու կախված պատգամավորի գլխավերևում։ Բառացի արձագանքեց․ «Դե ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ով էշ՝ ես փալան»։ Ծիծաղեցինք։ Թվում էր, թե Ալեքսանյանի կայսրությունն առաջինն է փլուզվելու նոր Հայաստանում, որովհետև այն կառուցված էր երկրի առաջին դեմքի հետ սերտ հարաբերությունների սկզբունքի հիման վրա։ Արժեքավոր միջնորդություններն ու մոնոպոլիաներն էին Ալեքսանյանի հաջողության գրավականը։ Ի տարբերություն մնացածների՝ Ալեքսանյանն արագ կողմնորոշվեց․ մերձկառավարական հիմնադրամներում՝ մուծումներ, հետո էլ դեռ վաղուց հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը «մեր ախպերն է», անգամ քեֆի էր հրավիրել «Փարվանա»։ Փաշինյանը, իհարկե, այն ժամանակ գործ չուներ օլիգարխիկ դեմքերի հետ, նրանց համարյա մարդ չէր համարում ու կատաղի պայքարում էր նրանց դեմ։ Այսօր այլ Հայաստան է։ Մնում է հանգիստ նստենք մեր տեղում և հետևենք մարդկային տրանսֆորմացիաներին։ Հենց այնպես՝ առանց հետին մտքերի։  

Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ